Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Դահլիճներ կախարդանքի մեջ պահած երգչուհին…

Դահլիճներ կախարդանքի մեջ պահած երգչուհին…

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1902 թվականին էր, Թիֆլիս. երազուն ու չքնաղ գարնան մի օր Տիրայր վարդապետը, գալով մեզ մոտ, հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից եւ կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետն ուրախությամբ պիտի երգի մեզ համար, միայն կփափագի, որ այդ լինի մի մեծ սրահում, ոչ թե հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար:

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից եւ նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված, սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում, համարյա մթի մեջ ենք: Եվ ահա բեմ է բարձրանում մի նիհար սեւազգեստ երիտասարդ եւ նստում դաշնամուրի առաջ: Խորին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչեւ բարձրերը: Արցունքներս անխնա հոսում են աչքերիցս, մինչեւ որ Տիրայր վարդապետը, տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգեւորված երաժշտին. «Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»:

Մարգարիտ ԲԱԲԱՅԱՆ

 

Երիտասարդ Կոմիտասի երգից հուզված-ցնցված հայուհին, որ չորս տարի սովորել էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, նույն ինքը՝ դաշնակահարուհի, ժամանակին համբավավոր երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ ու Կոմիտասի նվիրյալ բարեկամներից մեկն էր՝ ծնված Գերմանիայի Գոթա քաղաքում: Հայոց երգի վեհափառի հետ Մարգարիտը ծանոթացել էր 1895 թ., իսկ 1906 եւ 1914 թթ. մասնակցել նրա համերգներին: Այդ համերգներից մեկի առիթով է ֆրանսիացի մեծահամբավ երաժշտագետ Լուի Լալուան մեծարել Մարգարիտին՝ գրելով. «Ինձ վաղուց ծանոթ էր նրա շատ ճկուն, մեծ ձայնածավալի ու նուրբ տեմբրի ձայնը: Բայց դեռ ծանոթ չէի իր արտահայտչության զարմանալի ճշգրտությանն ու զորեղությանը, հատկանիշներ, որ պահեցին սրահը կախարդանքի մեջ: Նրան պարտական ենք այդ համերգից ստացած հոգեկան հաճույքի լավագույն պահերը»:

Երիտասարդ տարիքից է Մարգարիտա Բաբայանը տեղափոխվել Փարիզ, իսկ մինչ այդ՝ վրաց մայրաքաղաքում հանդես էր եկել իր համերգներով ե՛ւ իբրեւ դաշնակահարուհի, ե՛ւ իբրեւ երգչուհի, հրապարակել ազգային երաժշտությանը նվիրված հոդվածներ: Տաղանդավոր երգչուհին Փարիզում կատարելագործելու էր իր արվեստը հռչակավոր արվեստագետների մոտ՝ մուտք գործելով ֆրանսիական երգարվեստի դժվարին աշխարհ, որտեղ գործող անձինք Դեբյուսին էր, Ռոլանը, Օբրին, Լալուան: Մարգարիտի հետ այդ անդաստան է մտնում նաեւ քույրը՝ Շուշիկը՝ հետագայում նույն Լալուայի կինը:

Պատահական չէր երաժշտագետի հիացական խոսքը. հայուհին շուտով ճանաչվում է որպես Եվրոպայի լավագույն երգչուհիներից մեկը: Նա էր առաջինը, որ համերգային բեմահարթակներից հնչեցնելու էր ֆրանսիական ժողովրդական երգերը՝ մեծ վարպետների մշակմամբ: Նաեւ առաջին կատարողն էր լինելու Ռավելի նշանավոր հունական երգերի: Իսկ հայ ե՞րգը: Անհնարին կլիներ առանց դրանց. եվրոպական լավագույն համերգասրահներում է Մարգարիտ Բաբայանը հնչեցրել կոմիտասյան ու այլ հայկական երգեր:

Համբավավոր երգչուհին իր մեջ խտացնում էր նաեւ լավագույն մանկավարժ-ձայնամարզչին: Փարիզում հիմնադրել էր իր վոկալ ստուդիան, որտեղ համախմբված էր լավագույն երգիչների ամբողջ մի բույլ: Հրապարակել է ձայնամարզության վարժությունների մեծարժեք ժողովածու:

Այս ամենով հանդերձ՝ երգչուհու կյանքի ու գործունեության ամենանվիրական հատվածը մեծն Կոմիտասի հետ ունեցած բարեկամությունն ու համագործակցությունն էր լինելու, նրա ազգանվեր գործին անմնացորդ ծառայելը: Կոմիտասի թողած ստեղծագործական ժառանգության, նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող տեղեկությունների ամենափառավոր գիտակը տարիների ընթացքում Փարիզից Հայաստան էր ուղարկելու Կոմիտասի աշխատությունները, մնացած ձեռագիր փաստաթղթերը, հիշողություններ, նամակներ, մանրամասներ: «Կոմիտասի միջոցով հայ երաժշտության համամարդկային չափանիշի ստեղծման եւ այն միջազգային ճանաչման ներկայացնելու առաքելության մեջ,- փաստում է մեծավաստակ երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանը,- թերեւս, Մարգարիտ Բաբայանը ամենից մեծ ու նշանակալից ներդրում ունեցողներից է»:

Հավելենք, որ Կոմիտասի եւ Բաբայանի բարեկամական ջերմ ու անեղծ հարաբերությունները շարունակվել են մինչեւ հայ երգի վեհափառի՝ եղեռնով պայմանավորված ողբերգությունը: Առանց հուզմունքի անհնարին է կարդալ նրանց փոխադարձ նամակները: Դրանցից մեկով էլ ամփոփենք. «Թանկագին հայր սուրբիկ. այս ի՛նչ է, Ձեր ձայնը չհասավ մեզ: Գրում եմ Ձեզ Լոնդոնից, որտեղ հայր Կոմիտասի երգերը համա տարածում եմ: Պետք է միասին անեինք այդ, թանկագին հայր սուրբիկ…Ե՞րբ եք գալու մեր կողմերը, ախար շատ կարոտեցանք Ձեզ, Ձեր թանկագին թաթ աջը… Չափազանց շատ բան ունիմ Ձեզ գրելու, Փարիզից Ձեզ ավելի մանրամասն կը գրեմ: Ձեր աղոթարար Մարգարիտ Բաբայան»:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]