Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության 
պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության տրամադրած պարզաբանումը:

- ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նույնականացման քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Կան մի շարք հարցեր, որոնք հուզում են մեր քաղաքացիներին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նախատեսվող փոփոխությամբ այն սահմանվում է մինչև 19 տարեկանը: Ինչո՞ւ է նման փոփոխություն առաջարկվում:  

- Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է խնդիրներ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանակում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի իրացման, միջազգային սպորտային մրցումների մասնակցության կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքերին: Եվ ուղղակի անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների: Առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն այդ խոչընդոտները, կապահովվի անձանց իրավունքների անարգել իրացումը:

- Գործող օրենսդրությամբ անձնագրում նշվում է ծննդավայր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել նաև քաղաքը: Ո՞րն է այս փոփոխության նպատակը:

- Այս փոփոխությունը կրկին նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից,  և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայում գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ պահանջ, որի կապակցությամբ, որպես ծննդավայր, նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղը, քաղաքը, մարզը: Նման հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի անձանց իրավունքների իրացումը:

- Ի՞նչ այլ կարևոր դրույթներ կառանձնացնեիք այս նախագծից:

- Որպես կարևոր փոփոխություն ցանկանում եմ առանձնացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու քաղաքացիների իրավունքների անարգել իրացումը: Ներկայում անձնագրի տրամադրման ժամկետը սահմանված է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, նոր փոփոխությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Որպես կարևոր փոփոխություն կցանկանայի առանձնացնել անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացի դյուրացումը: Գործող ընթացակարգերով անձնագիրը տրամադրվում է անձի անձամբ դիմելու պարագայում, սակայն լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է անգիտակից վիճակում և նման պայմաններում սահմանափակվում է վերջինիս անձնագրավորման գործընթացը, ինչն էլ սահմանափակում է անձի իրավունքը, մասնավորապես, բժշկական օգնություն ստանալու պայմաններում: Խնդիրն առավել ցայտուն դարձավ պատերազմի ժամանակ անգիտակից գտնվող զինվորներին արտերկիր բուժման նպատակով տեղափոխելու ժամանակ: Առաջարկվող փոփոխությամբ նման կատեգորիայի անձանց անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը:

- Շրջանառվում է նաև 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախատեսվում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել երկու տարի ներկայում գործող 10 տարվա փոխարեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նշված փոփոխության կապակցությամբ շատ են շահարկումներն ամբողջ լրատվական դաշտում, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգստություն: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել և ընդգծել, որ խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին: Այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետում, այդպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Եվ այս պարագայում խոսք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին:

Դեռևս 2012 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Պլանավորված է եղել ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թվականներին դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Որոշ խնդիրներով պայմանավորված՝ գործընթացը չշարունակվեց: Ներկայում ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ-ի կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և կապահովվի անվտանգային համակարգերին համապատասխանեցում: Արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի դիզայնի մրցույթ: Այսինքն, այս փոփոխությունը  նախատեսվում է միայն նոր համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում:

- Եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի:

- Օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: Այսինքն՝ այն պարագայում, երբ անձին տրամադրվել է մուտքի թույլտվություն այլ երկիր իքս ժամկետով, ապա անձը կարողանում է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր:

- Եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը դեռ 8 կամ 10 տարի վավեր է լինելու, այդ պարագայում ի՞նչ պետք է անի:

- Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամդրվի երկու տարի ժամկետով: Ընդգծեմ, որ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող հին նմուշի անձնագրերն են տրվելու երկու տարի ժամկետով: Մինչ այդ 10 տարի վավերականության ժամկետով անձնագրերը գործելու են մինչև ժամկետի ավարտը:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]