Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

«ԳԱԶել»-ի վթարի վայրում բացակայել են երթևեկության նշանները. պատասխանատուները հրավիրվել են դեպքի վայր

«ԳԱԶել»-ի վթարի վայրում բացակայել են երթևեկության նշանները. 
պատասխանատուները հրավիրվել են դեպքի վայր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին ողբերգական ավտովթարը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից՝ նշելով, որ իրավասու մարմինների պատասխանատու ներկայացուցիչներն հրավիրվել են ողբերգական ավտովթարի դեպքի վայր։

«Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի  հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության մարմինների կողմից նախաձեռնվել են ողբերգական ավտովթարի հանգամանքները, պատճառները բացահայտելուն, մահացած և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելուն ուղղված քննչական և այլ գործողություններ, միջոցներ են ձեռնարկվել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հարուցվել է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ օպերատիվ կերպով դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով:

Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև երթեևկության անվտանգության միջոցների ձեռնարկման, դրա հետ կապված ճանապարհաշինարարական նորմերի պահպանման նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող իրավասու մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, մասնավորապես ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատարը, ՀՀ Արագածոտնի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրենը: 

«Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը»,- հայտնում են ՀՀ դատախազությունից՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ կերպով դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազության կողմից բարձրացվել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը:

Նշվում է, որ հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

«Այսինքն՝ քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների  կատարմանը:

Դեպքի վայր հրավիրված ոլորտային վերոնշյալ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ՀՀ Արագածոտնի դատախազությունում կազմակերպվել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես ճանապարհի այդ, այնպես էլ մի քանի այլ՝ երթևեկության համար վտանգավոր տեղամասերում ավտովթարներին հանգեցնող բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են անվտանգության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման հետ:

Մասնավորապես, խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը»,- տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության մշտական խստացված ծառայություն:    

Հաշվի առնելով նաև հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհդրակցության ընթացքում ձեռք բերված պահյմանավորվածությունները՝ ՀՀ դատախազությունը հետևողականություն է դրսևորելու նախանշված միջոցառումների իրականացման հարցում՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով դրանք քրեաիրավական դաշտում գնահատականի արժանացնելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կրկին, ըստ իրավասությունների ոլորտների, հրատապ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն ուղղված միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ    ոստիկանության    պետի     տեղակալին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալին:  

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]