Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այ, հիմա հանգստացա՝ ես երգեցի, Մասիսը լսեց…

Այ, հիմա հանգստացա՝ ես երգեցի, Մասիսը լսեց…

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Րաֆֆին անսամբլ հրավիրվեց 1970-ականների սկզբներին, երբ բարձրակետին էին անկրկնելի երգիչներ, եւ կար ումից սովորելու բացառիկ հնարավորություն: Իսկապես, չեմ երկմտում ասել, որ Րաֆֆին բնատուր տաղանդով օժտված երգիչ էր, որի մոտ բացակայում էր առնական, հնչեղ ու զուլալ ձայնով զարմացնելու, պատրանք ստեղծելու տենչը: Դժվար կյանքով ապրած եւ բնատուր շնորհից երբեք երես չառած արվեստագետն ապավինեց իր ներքին ձայնին, իր մեջ կուտակված ժողովրդական իմաստնությանը՝ անվերջ լսելու եւ սովորելու կարողությանը, մեծին աշակերտ լինելու քչերին տրված շնորհին: Բնությունից կրթվածություն ժառանգած Րաֆֆին ավագների կատարողական արվեստի պաշտամունք ուներ, ներկա էր լինում նրանց բոլոր փորձերին, լսում ձայնագրությունները: Բնական է, որ անսամբլի գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Մանվել Բեգլարյանը սկզբնական շրջանում Րաֆֆիին պիտի առաջարկեր հանդես գալ կամ ձայնագրվել անվանի երգիչների արդեն կատարած եւ մեծ ժողովրդականություն վայելող երգերով: Մեծ էր զարմանքը, երբ նրբանկատ, նոր-նոր կարիերա սկսող երգիչը հրաժարվեց այդ գայթակղությունից ու համեստորեն արդարացավ. «Ես սնվել ու մեծացել եմ մեր մեծանուն երգիչների երգերով, եւ պարկեշտ չէ նրանց կողքին ու նրանց ներկայությամբ կատարել երգեր, որոնց պարզապես կյանք են տվել նրանք: Դա առնվազն ազնիվ չէ…»: Այդպիսին էր սկսնակ երգիչ Րաֆֆին: Ու Րաֆֆին երգեց իր երգը…»:

 

Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան

 

Ո՞ր մի հայի սրտին ու հոգուն հարազատ չէ հայկական ժողովրդական ու գուսանական երգը: Մեզանից ո՞վ չի զմայլվել «Աննման տարազով», «Վարդերի մեջ, դարդերի մեջ», «Լանջեր մարջան», «Քանի որ ջան իմ», «Երգիր ինձ համար», «Պեպոյի երգը», «Ինչ իմանայի», համանման տասնյակ ու տասնյակ անմեռ այլ երգերով: Դրանցից շատերը հայ արյան բաղադրամասն են դարձել: Դարձել են շնորհիվ տաղանդավոր այն երգիչների, որոնց կատարումները ցնծությամբ էին լցնում ունկնդրի հոգին: Սակավաթիվ են նման երգիչները ու ինչ-որ տեղ՝ անգերազանցելի: Անառարկելիորեն նրանց թվում է ընդամենը հիսունյոթ տարի ապրած Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ծնված հայոց լեռնային գեղեցկուհու՝ Սեւանա լճին ի մերձ Լճաշեն գյուղում: Հավանաբար, դա է պատճառը, որ «Հե՛յ, նավավար» երգը մատուցում էր առանձնակի մի հուզականությամբ, զգացմունքայնության մի այլ ռիթմով: Իսկ Գուսան Աշոտի «Հուշարձաններ» երգով ասես խնկարկում էր ոչ միայն մեծ հայրենականից բոլոր չվերադարձածների, այլեւ  ֆիննական պատերազմում զոհված իր հոր՝ Գեւորգ Հովհաննիսյանի հիշատակը:

Աստվածատուր ձայնով օժտված երգիչը չուներ երաժշտական կրթություն: Եվ ինչպե՞ս կարող էր ունենալ, երբ ամուսնուն կորցրած Չնաշխարհիկ մոր փխրուն ուսերին էր ծանրացել հինգ զավակներին պահելու, մեծացնելու դժվարին պարտականությունը: Իսկ երգչի ճակատագիրն ընտրելը պայմանավորված էր այն բանով, որ մանուկ հասակից Րաֆֆին ծարավով ունկնդրել էր երգելու շնորք ունեցող հոր, հորեղբայրների երաժշտական կատարումները: Եվ համապատասխան կրթության բացը չէր խանգարելու, որ գար ժամանակը, եւ նրան հրավիրեին Հանրային ռադիոյի համբավավոր՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ՝ որպես մենակատար:

Երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, Րաֆֆի Հովհաննիսյանը, որ վաղուց համաժողովրդական սեր էր վայելում, չէր կարող անմասն մնալ այդ ամենից. նա հրապարակներում էր՝ «Զարթնիր, լաո» ու մարտական, ազգասիրական, ազգի ոգին զորացնող այլ երգերը շուրթերին:  Ցավոք, երկար կյանք չէր վիճակված սիրված երգչին. ավտովթարի հետեւանքով ձեռք բերած քաղցկեղ հիվանդությունը նրան պատուհասելու էր վաղաժամ: 1990 թ. մայիսի 26-ին՝ որդու ծննդյան օրը, գամված էր անկողնուն: Երբ ծնունդ նշող զավակը մոտենում-խնդրում է գոնե մի քանի րոպեով մոտենալ սեղանին, արդեն հյուծված երգիչը անկարող է լինում՝ ասելով. «Հենց հիմա կգնաս հարազատներիդ մոտ եւ կշարունակես ծնունդդ…»: Դա երգչի հրաժեշտի գիշերն էր. հաջորդ օրը նրա երգող հոգին այլեւս երկնային տիրույթներում էր…

Իսկ այսօր անզուգական երգչի ծննդյան օրն է, որի առիթով էլ տեղին է ներկայացնել նրա ավագ որդու՝ Սամվելի պատմած հուշի այս գեղեցիկ պատառիկը. «Ճանապարհ էինք գնում: Հասանք Արմավիրի մարզ, լավ երեւում էր Արարատը: Կանգնեցրեց ավտոմեքենան, իջավ ու երկար նայում էր Արարատին: Հանկարծ խիստ ոգեշնչված սկսեց երգել: Երբեք հորս այդքան հուզված չէի տեսել: Երգեց ինքնամոռաց, այնքան ոգեղեն, որ կարծես վերջին անգամ էր երգում: Վերջացրեց եւ ասաց.

«Այ, հիմա հանգստացա. ես երգեցի, Մասիսը լսեց…»:

Իսկ մեր հոգիներում շարունակում են ապրել Րաֆֆի Հովհանիսյան վաստակավոր երգչի զրնգացող ձայնն ու երգն անխամրելի…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

    

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]