Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Ըստ Վարդանյանի՝ իշխանությանն ուղղված ընդդիմադիրների շատ հարցեր նախևառաջ պետք է ուղղել նրանց

Ըստ Վարդանյանի՝ իշխանությանն ուղղված ընդդիմադիրների շատ հարցեր նախևառաջ 
պետք է ուղղել նրանց

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական պատգամավորները հեռակա բանավիճեցին՝  հասարակության սոցիալական խնդիրների, գնաճի հետևանքները չմեղմելու համար մեղադրանքներ ուղղելով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանին հարց հղելիս անդրադարձավ գնաճին: Ըստ Վարդանյան՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից կիրառվող գործիքակազմը մարդիկ չեն տեսնում: «Մարդը, որ գնում է ընդհուպ բանջարեղեն առնելու, իր կյանքում չի տեսնում կառավարության գործողությունները»,-ասաց պատգմավորն ու հավելեց՝ գնաճի հետևանքները մեղմելու համար կառավարությունը ոչինչ չի անում:

Մանուկյանը նշեց, երբ Վարդանյանն ասում է, որ բանջարեղենը 64.7 տոկոս գնաճ է արձանագրել, ճիշտ է: «Սակայն, երբ բացենք այդ 64.7 տոկոսը և ուսումնասիրենք, կպարզվի, որ դա, ըստ էության, մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով Մանուկյանի պատասխանին՝ Վարդանյանը շեշտեց, որ թանկացել են հենց կենսական նշանակություն ունեցող ապրանքները, միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը: «Շատ ընտանիքների առօրյան հենց կարտոֆիլն է: Այս գնաճն իսկապես սարսափելի ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա: Մարդիկ ավելի վատ են ապրում, քան երեկ, վաղն ավելի վատ են ապրելու, քան այսօր, քանի որ իրական, թեկուզ կարճաժամկետ միջոցներ չեն գործադրվում»,-ասաց նա ու հռետորական հարց ուղղեց՝ այսինքն եթե կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչին չի թանկացել, խառը կանաչի ուտե՞ն:

Ավելի ուշ ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Արտակ Մանուկյանին ուղղված հարցադրումներին, ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ 30 տարի է, ՔՊ-ն է ղեկավարում երկիրն, ու բոլոր մեղքերը, խնդիրները փորձ է կատարվում բարդել այս երկու-երեք տարիների վրա: Պետք է հասկանալ, որ շատ հարցադրումներ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղում են մեզ, նախևառաջ, ձեզ է պետք ուղղել, որովհետև երկար ժամանակ ոչ արդյունավետ ղեկավարում իրականացրել եք դուք, ու անընդհատ խոսել այս կամ այն հարցի վերաբերյալ, ճիշտ չէ»,-ասաց Վարդանյանը:

 Անդրադառնալով  Էլինար Վարդանյանի կողմից բարձրացված «կարտոֆիլային հարցին»՝ պատգամավորն ասաց.«Ես հիշում եմ՝ ինչ ծանր ճանապարհ անցանք մենք, մեր ծնողները անկախության ձևավորումից ի վեր: Ինչքան բարդ էր գոյատևել այդ տարիների ընթացքում, մենք կերտում էինք անկախությունը, և յուրաքանչյուրը փորձում էր ամեն ինչ անել, որ երկիրը երկիր դառնա»,-նշեց Վարդանյանը:

 Նա հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ ոչ բոլորը կարող են միս ուտել, մարդիկ կան՝ կարտոֆիլ են ուտում: Նա կոչ արեց ավելի հարգանքով վերաբերվել ՀՀ այն քաղաքացուն, որը գերադասել է մնալ Հայաստանում զրկանքների միջոցով, կարտոֆիլ ուտել, բայց մնալ ու երկիր կերտել: «Գերադասել է մնալ այստեղ, ոչ թե հաշիվները տեղափոխել օտարերկրյա տարբեր բանկեր: Ես կուզենայի մենք հարգալից վերաբերվեինք մեր զինվորին, որի սննդակարգում կարտոֆիլը եղել է, կա ու կմնա: Երբ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք առկա են ՀՀ-ում այսօր, ձեզանից ոչ ոք ինքն իրեն հարց չի՞ տալիս՝ ինչ դերակատարություն է ինքն ունեցել այդ խնդիրների ձևավորման հարցում:  Կխնդրեի հարգելով ՀՀ քաղաքացուն, հարգելով այն մարդկանց, որոնք զրկանքների միջոցով, բայց երկրում մնալով, կերտել են այս երկիրը, և այս շենքից դուրս գալուց, ձեր շքեղ մեքենաների մեջ նստելուց, ձեր շքեղ առանձնատներ այցելելուց, միշտ հիշեք՝ ոչ միայն դուք, այլ նաև այն անձինք, ովքեր այդ թվում ձեր պատճառով ստիպված են եղել միայն կարտոֆիլ ուտել, մնացել են այս երկրում, կերտել են այս երկիրը ու կերտելու են այս երկրի ապագան»,-ասաց Վարդանյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]