1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան

Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման 
սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետության) նստավայրի՝ առաքելական նվիրակության բացումով նոր էջ կսկսվի Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ուրախ է ողջունել Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում:

«Քիչ անց հայ-վատիկանյան մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու՝ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ», - ասել է Արարատ Միրզոյանը:

Ըստ մամուլի համար համատեղ հայտարարության՝ Հայաստանի ԱԳ նախարարը և Վատիկանի պետքարտուղարի փոխանորդը այսօրվա հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկրների միջև հարաբերությունները՝ խարսխված նույն ակունքից սերող քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա:

«Անդրադարձել ենք ՀՀ նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրելը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը», - հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս այդ առումով բացառություն չէր:

Հայաստանի համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակման կոչերը մեծ նշանակություն են ունեցել:

Ինչպես գիտեք՝ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և մենք խնդրում ենք, որ Սուրբ Հայրը՝ Սրբազան Քահանայապետը, իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», - նշել է Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը այժմ վտանգի տակ է:

Այդ առումով կողմերը կարևորել են ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը տվյալ հարցում .«Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պիտի քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»:

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար:

«Մարդկության դեմ այդ հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով», - ասել է արտգործնախարարը:

Հոկտեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Մինչև ՀՀ ԱԳ նախարարի և Վատիկանի փոխպետքարտուղարի համատեղ հայտարարությունը Հայաստանի Արտգործնախարարությունում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն:

Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 23-ին: Նախքան Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակության բացումը Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի նստավայրը եղել է Թբիլիսիում: 2018 թ. դեկտեմբերի 28-ից Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Կարեն Նազարյանն է:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ամրագրվել է 2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից արված Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությամբ:

2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Կաթողիկե եկեղեցու հրավերով ժամանել է Հայաստան հովվապետական այցով, որը կրել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]