Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Սիրված էին, ակտիվ, ընկերասեր և հայրենասեր. Նոր Նորքում բացվեց պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Սիրված էին, ակտիվ, ընկերասեր և հայրենասեր. Նոր Նորքում բացվեց պատերազմի 
հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի բակում, տեղի ունեցավ 2020 թ. 44-օրյա  պատերազմում հերոսացած և անմահացած վեց նորնորքցիների՝ Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում բացվեց նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Արսենը, Արտավազդը, Գոռը, Արմենը, Ռաֆայելը, Դերենիկը այս դպրոցում են սովորել, խաղացել են այս բակում, իսկ ռազմաճակատ մեկնել են դիմացի մայթում գտնվող զինկոմիսարիատից: Հենց այստեղ էլ հավերժացվեց նրանց հիշատակը՝ որպես իսկական հերոսների, որ Հայրենիքի համար տվեցին իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը:

«Հենց ամսի 27-ին, երբ իմացան, որ պատերազմը սկսվել է, ընկերներով հավաքվեցին ու ուղիղ գնացին զինկոմիսարիատ: Այդ օրը չստացվեց իրենց գնալը, մյուս օրը գնացին նախարարություն, այնտեղից ստացան թույլտվություն և մեկնեցին 29-ի առավոտը: Մի ամիս կռվելուց հետո՝ հետ գալու ճանապարհին…», - պատմեց Դերենիկ Կիրակոսյանի հայրը՝ հուզմունքից չկարողանալով ավարտել իր խոսքը:

Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր տղաների զոհվելու տարելիցի կապակցությամբ: Դեպքը տեղի էր ունեցել ուղիղ 1 տարի առաջ՝ 2020 թ. հոկտեմբերի 29-ին:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Ինչպես ընկերներն ու հարազատներն են պատմում՝ տղաները կամավորագրվել են թշնամու կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Նոր Նորքի ջոկատով մեկնել են Արցախ և պաշտպանել հայրենյաց հողը շուրջ մեկ ամիս, բայց, դժբախտաբար, զոհվել են տունդարձի ճանապարհին, անօդաչուի հարվածից՝ ինչպես շուրջ 4000 հայ հերոսների մեծ մասը:

«Ընտրել ենք այս բակը, որովհետև մեր ընկերներից երեքը սովորել են այս դպրոցում և այս զինկոմիսարիատից գնացել են թե՛ ծառայության, թե՛ նաև կամավորագրվել են և այստեղից են մեկնել», - պատմեց Արսեն Մարտիրոսյանի համակուրսեցին՝ Գրիգորը, որը հուշահամալիրի կառուցման նախաձեռնողներից մեկն է:

Գրիգորը պատերազմում նահատակված հերոսի հետ միասին սովորել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:

Ըստ նրա՝ հուշահամալիրի՝ նշված վայրում կառուցելու մյուս պատճառը և նպատակը այն է, որ այստեղ սովորող մատաղ սերունդը ճանաչի իր ազգի և իր թաղամասի հերոսներին, կրթվի հայրենասիրական ոգով, ինչպես նաև՝ այդ ամենը տեսնեն այստեղից ծառայության մեկնող երիտասարդ նորակոչիկները:

Գրիգորը հերոս տղաներին բնութագրեց որպես ընկերասեր, իրենց ընկերների և ընտանիքի համար ամեն ինչի պատրաստ և Հայրենիքը շատ սիրող մարդկանց:

Հուշահամալիրի կառուցման մյուս նախաձեռնողի՝ պատերազմի մասնակից Տիգրանի հայրը՝ Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին շեշտեց, որ Արսենը, Արտավազդը, Դերենիկը, Գոռը և մյուս տղաները, որ կամավոր մեկնել են Արցախը պաշտպանելու, ակտիվ և սիրված մարդիկ են եղել: Նա լրագրողներին կոչ արեց արժևորել տղաների գործած սխրանքը, որովհետև նրանց շնորհիվ Արցախի գոնե մի մասը պահպանվել է: Ի վերջո, նրանց պաշտպանած դիրքերը անառիկ են մնացել: Իսկ Հայաստանում ապրող մարդկանց հորդորեց ոչ մի դեպքում չլքել իրենց երկիրը:

«Իրենց ջոկատը կռվել է 33 օր՝ առանց հերթափոխի: Ընդ որում, ամենօրյա կապ կար նրանց հետ: Ինչ անհրաժեշտ էր՝ այստեղից հավաքում, ուղարկում էինք: Շատ մարդիկ են մասնակցել: Ասում էինք՝ «14 օրը արդեն լրացել է, եկեք, էլի մարդիկ կան, որ կփոխարինեն ձեզ», բայց իրենք հետ չէին գալիս: Շատ բան չեն ասել, բայց հասկանում էինք, որ վիճակը լավ չի: Ասում էին՝ «որ տարբերակ լինի՝ կգանք, տարբերակ չկա գալու»: Ես ուզում եմ՝ մենք այս օրը շատ արժևորենք, որովհետև իրոք հերոսներ են», - «Արմենպրես»-ին պատմեց Արմեն Մարտիրոսյանը:

2020-ի 44-օրյա պատերազմում անմահացած Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին մեծ թվով մարդիկ՝ հերոսների հարազատները, ընկերները, թաղամասի բնակիչները: Հուշահամալիրի բացումից հետո կատարվեց եկեղեցական կարգ՝ նվիրված հերոսների հիշատակին:

Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանին և Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանին՝ տարածքը հուշահամալիրի համար տրամադրելու համար:

Նելսոն Ստեփանյան 7 հասցեում բացված հուշահամալիրը կառուցվել է տղաների մանկության ընկերների՝ Տիգրան Մարտիրոսյանի և Գրիգոր Վարժապետյանի նախաձեռնությամբ և նրանց ընկերների աջակցությամբ:

Արսեն Մարտիրոսյանը, Արտավազդ Մարտիրոսյանը, Գոռ Ավագյանը, Արմեն Պետոյանը, Ռաֆայել Գեղամյանը և Դերենիկ Կիրակոսյանը հետմահու արժանացել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի պատվավոր շքանշանին:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am