1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քանդակագործ… օպերատորը

Քանդակագործ… օպերատորը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յավուրյանի որոնումները կապված էին այն էսթետիկական փնտրտուքների հետ, որ ունեին ֆրանսիական կինոն եւ 50-ականների վերջի, 60-ականների սկզբի ռուսականը: Մեզանում այդ նոր տեսությունը կապվում է հենց նրա անվան հետ «Բարեւ, ես եմ» ֆիլմով: Երբ հետեւում ենք Յավուրյանի կինոխցիկին կամ ֆիլմը դիտում իր աչքերով (քանի որ ֆիլմի առաջին տեսնողը օպերատորն է), կամաց-կամաց մի տպավորություն է ստեղծվում, թե այդ կինոխցիկը պերսոնաժ է՝ շնչավոր էակի նման, մտածում է, լռում, անհանգստանում, հուզվում, փնտրում, այլ ոչ թե մեխանիկական ապարատ, որն ընդամենը գրանցում է, սակայն չի դառնում սուբյեկտ: Դա նորություն էր հայկական կինոյում՝ օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կինոգետ

 

Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, «Նիկե» միջազգային կինոակադեմիայի անդամ եւ էլի թվարկելիք նվաճումներ, որ զարդարում են Ալբերտ Յավուրյան արվեստագետի անձն ու վաստակի պսակը: Նա՝ ծնունդով գյումրեցի կինոօպերատորը, որ մասնագիտական բարձրակարգ կրթություն էր ստացել Մոսկվայում, փառավորելու էր հայ ազգային կինոն՝ ուսումնառության ավարտին նշանակմամբ իր բեմադրող-օպերատորի գործունեությունն սկսելով Յալթայում:

Նրա համար, սակայն, շրջադարձային էր լինելու Ֆրունզե Դովլաթյանի եւ «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձը հայրենիք՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար: Կինոնկար, որն իրավամբ ճանաչվելու էր որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն: 60-ականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող եւ հայկական հասցե ունեցող այս կինոերկի ստեղծմանն իր անժխտելի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը, որ հաջողությամբ կարողացել էր կիրառել «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները: Եվ բնավ պատահական չէր, որ բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ օպերատորը եւս արժանացավ Հայաստանի պետական մրցանակի: Այդուհետ Յավուրյանը խաղարկային եւ վավերագրական տասնյակ ֆիլմերում էր հանդես գալու որպես բեմադրող օպերատոր՝ «Երեւանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի»: Շատ են այդպիսիք: Նման պրոֆեսիոնալի հետ միշտ էլ երազում են աշխատել անվանի ու խորիմաց բեմադրիչները: Սպասելի էր, որ հանճարեղ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին  հրավիրեր հենց Յավուրյանին՝ նկարահանելու «Աշուղ Ղարիբը», «Խոստովանությունը», որը, ավաղ, չհասցրեցին ռեժիսորի մահվան պատճառով…

Անվանի բեմադրող օպերատորն աշխատանքներ է կատարել մեր բարեկամ երկրում՝ Իրանում: Այդ ֆիլմերը երկուսն են՝ «Ընկերը» եւ «Զինապարտը»: Երկրորդը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «Լավագույն օպերատորական աշխատանք»:

Անվանի կինոօպերատորը, որ համագործակցել է նաեւ հայտնի ռեժիսորներ Գրիգոր Մելիք-Ավագյանի, Ներսես Հովհաննիսյանի, Կարեն Գեւորգյանի, Դմիտրի Կեսայանցի հետ, զգալի ավանդ ունի նաեւ սերնդակրթման բնագավառում. երկարատեւ մանկավարժական գործունեություն է ծավալել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ղեկավարել բուհի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը, իր հեշտ թվացող, բայց դժվարին արվեստի գաղտնիքներն ու նրբությունները փոխանցել ուսանողներին: «Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր կենսագրության համար,- հաճախակի է կրկնել իր սկզբունքն ու ավելացրել.- Իմ երազանքն է տեսնել այն Հայաստանը, որը կլինի երիտասարդների ձեռքերում…»:

Փայփայելի երազանք:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]