1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահի այցը Սաուդյան Արաբիա պատմական էր. մասնագետի խոսքով՝ հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի այն

Նախագահի այցը Սաուդյան Արաբիա պատմական էր. մասնագետի խոսքով՝ հայկական 
դիվանագիտությունը պետք է օգտագործի այն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա, որտեղ նա հանդիպեց Սաուդյան դինաստիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ և նրա հետ միասին մասնակցեց միջազգային տնտեսական համաժողովի, պատմական և աննախադեպ իրադարձություն է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է այցելում սաուդական թագավորություն՝ բարձր մակարդակի ընդունելության արժանանալով երկրի փաստացի ղեկավարի կողմից: Սակայն միայն այդ այցելությունը բավարար չէ Սաուդյան Արաբիայի՝ արաբամուսուլմանական աշխարհի առանցքային երկրներից և մերձավորարևելյան տարածաշրջանի ամենաազդեցիկ դերակատարներից մեկի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ նախագահի այցը և նրա միջոցով Էր-Ռիյադի հետ ձևավորված կապը կապիտալիզացիայի և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու կարիք ունի:

«Որպեսզի սա կապիտալիզացվի և դառնա լուրջ, հեռանկարային, զարգացող ուղղություն՝ նախ և առաջ պետք է կոորդինացված աշխատանք իրականացվի պետական տարբեր ինստիտուտների կողմից: Նախագահի այցը առաջին քայլն է, և իրոք շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Թե որքանով հայկական դիվանագիտությունը և պետական տարբեր գերատեսչությունները կօգտագործեն այդ իրադարձությունը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ ժամանակը ցույց կտա: Բայց ամեն դեպքում դա ցանկալի է, քանի որ սա Մերձավոր Արևելքում ամենակարևոր ուղղություններից է մեզ համար, և Մերձավոր Արևելքի լուրջ դերակատարներից Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություններ ունենալը շատ կարևոր է», - «Արմենպրես»-ին հայտնեց արաբագետը:

 

Սաուդյան թագավորական դինաստիան

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը պաշտոնապես հիմնադրվել է 1932 թ. սեպտեմբերի 23-ին՝ Սաուդյան ընտանիքի ցեղապետ Աբդուլազիզ բին Աբդուլ  Ռահման աս-Սաուդի (1875 - 1953) կողմից: Նա կենտրոնական Արաբիան զբաղեցնող Նեջդ երկրամասի էմիր Աբդուլ Ռահման բին Ֆայսալի որդին էր և հենց նա դարձավ Սաուդյան թագավորական դինաստիայի հիմնադիրը: Աբդուլ Ռահմանի ընտանիքը 1890 թվականին արտաքսվել է իրենց հայրենի քաղաքից՝ Ռիյադից, սակայն 1902-ին նրա որդին՝ Աբդդուլազիզը, վերանվաճել է Ռիյադը՝ երեսնամյա պայքար սկսելով կենտրոնական և հյուսիսային Արաբիայի համար: Ի վերջո, Սաուդիներին հաջողվում է իրենց վերահսկողությունը սահմանել ե՛ւ Նեջդում, ե՛ւ Արաբիայի մյուս նշանավոր ու պատմական շրջանում՝ Հիջազում, այնտեղից դուրս մղելով Մուհամեդ մարգարեի տոհմակիցների՝ Հաշիմյանների ընտանիքը՝ գլխավորությամբ Մեքքայի նշանավոր շերիֆ, հետագայում՝ Հիջազի թագավոր Հուսեյն իբն Ալիի, որն, ի դեպ, 1915-ի Հայոց ցեղասպանության օրերին հատուկ, որպես իսլամական սրբավայրի պահապան, հատուկ հրովարտակով դատապարտել է հայերի կոտորածները Օսմանյան կայսրությունում և արաբ բնակչությանն ու բոլոր մուսուլմաններին կոչ արեց պաշտպանել ու պատսպարել հայերին։

Աբդուլազիզ աս-Սաուդը ժառանգության այնպիսի համակարգ էր հիմնել, ըստ որի՝ իր մահից հետո թագավորական գահը հերթով մի որդուց մյուսին պիտի փոխանցվեր՝ ըստ տարիքի: Աբդուլազիզը 45 որդի է ունեցել, որոնցից չափահասության տարիքին հասել է 36-ը: Նրանցից 10-ը՝ Սաուդը, Ֆայսալը, Մուհամմադը, Խալիդը, Ֆահդը, Աբդուլլահը, Սուլթանը, Նայեֆը, Սալմանը և Մուկրինը, հավակնել են թագաժառանգի թեկնածությանը: Մինչ այժմ Աբդուլազիզի որդիներից միայն վեցն է թագավոր դարձել: Վերջինը իշխող թագավորն է՝ Սալման բին Աբդուլազիզ աս-Սաուդը: Ըստ ընդունված կարգի՝ Սալմանը թագավորությունը պիտի կտակեր իր կրտսեր եղբորը՝ Մուկրինին, սակայն 2017 թվականին արքայական ընտանիքում այսպես ասած «թավշյա հեղաշրջում» տեղի ունեցավ, և թագաժառանգ նշանակվեց Սալմանի 31-ամյա որդին՝ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդը: Հենց նրա հետ է 2021 թ. հոկտեմբերի 26-ին Ռիյադում հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Սաուդյան Արաբիայի կշիռը ռեգիոնում և աշխարհում

Հայաստանը առայժմ դիվանագիտական հարաբերություններ չունի Սաուդյան Արաբիայի հետ, և այդ խնդիրը, որպես առաջնահերթություն, մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում շուրջ երեք տասնամյակ:

Կարելի է մի քանի հայտնի փաստ թվարկել՝ պատկերացնելու համար, թե ինչո՞ւ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ միայն կարևոր Հայաստանի համար, այլև անհրաժեշտ մեր երկրի արտաքին անվտանգության և ազգային այլ շահերին:

Նախևառաջ, Արաբական թերակղզու մեծ մասը զբաղեցնող այս երկիրը պատմական, աշխարհագրական, քաղաքական և այլ գործոնների բերումով արաբական և իսլամական աշխարհի, այդ թվում Հայաստանին հարակից Մերձավոր կամ Արաբական Արևելքի առաջատար պետություններից է: Այստեղ է 7-րդ դարում սկզբնավորվել համաշխարհային կրոններից մեկը՝ իսլամը, այստեղ են գտնվում իսլամական կարևորագույն սրբավայրերը՝ Մեքքան և Մեդինան, և այստեղից է սկսվել արաբամուսուլմանական մշակույթի տարածումը տարածաշրջանում և ողջ աշխարհում:

Երկրորդը, Սաուդյան Արաբիան աշխարհի ամենահարուստ երկրներից է ածխաջրածնային ռեսուրսների և մասնավորապես նավթի պաշարներով, որի վաճառքից գոյացած հսկայական կապիտալի շնորհիվ Սաուդյան միապետությունը բավական ազդեցիկ դիրքեր ունի նաև միջազգային հարաբերությունների համակարգում:

Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում ամբողջ աշխարհի նավթի պաշարների մոտ 16-17 տոկոսը: Մինչև 2011 թվականը Սաուդյան Արաբիան համարվում էր աշխարհի խոշորագույն երկիրը նավթի պաշարներով: Այժմ երկրորդն է Վենեսուելայից հետո: Ըստ ՕՊԵԿ-ի 2019 թ. տվյալների՝ Սաուդյան Արաբիայի տարածքում ավելի քան 258 մլրդ բարել նավթ կա:

 

Սաուդյան Արաբիան և Արցախի հարցը

Սաուդյան Արաբիային և հայ-սաուդական հարաբերությունների հարցին առնչվող մյուս կարևորագույն գործոնը ուղղակիորեն կապված է հայկական ազգային շահերի և մասնավորապես Արցախյան հիմնահարցի հետ: Լինելով իսլամի բնօրրանը և ձգտելով առաջնորդության իսլամական աշխարհում՝ Սաուդյան Արաբիան դեռևս 1990-ականն թթ. սկզբից, երբ սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը, ադրբեջանամետ դիրքորոշում է գրավել Արցախի հարցում՝ աջակցելով իսլամադավան Ադրբեջանին իսլամական գործոնի տեսանկյունից: Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո հայտարարում էր, թե դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, «քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Մասնավորաբար, 2009 թ. ապրիլին այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ֆահդ բին Ալի ալ-Դուսերին:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ արհեստականորեն շահարկում էին իսլամական գործոնը միջազգային հարթակներում և հատկապես իսլամական աշխարհում, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովներում՝ կոնֆլիկտին կրոնական երանգ տալու և Հայաստանի վրա միջազգային ճնշում գործադրելու նպատակով: Իսկ Հայաստանը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ սաուդական թագավորության հետ, գործնական լծակներ չի ունեցել Էր-Ռիյադի դիրքորոշման վրա որևէ կերպ ազդելու համար: Եվ հենց այդ հանգամանքն էլ կրկնապատկում է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Փորձագետներն առայժմ դժվարանում են ասել՝ 2020 թ. վեցշաբաթյա պատերազմից հետո Սաուդյան Թագավորության դիրքորոշումը Արցախի հարցում փոփոխվել է, թե ոչ, բայց, ամեն դեպքում, երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարևորությունը դրանից չի նվազել:

 

Միայն այցը բավարար չէ

Փորձագետները շեշտում են՝ նախագահի այցը Էր-Ռիյադ առաջին և շատ կարևոր քայլն է, բայց միայն այցը ինքնին բավարար չէ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, քանի որ գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները արտաքին քաղաքականության բնագավառում խիստ սահմանափակ են և գլխավորապես արարողակարգային բնույթ են կրում:

Արաբագետ Հայկ Քոչարյանի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ զբաղվում են գործադիր իշխանության մարմինները, բայց նախագահ Արմեն Սարգսյանը իր կերպարով, հեղինակությամբ և կապերով լավ նախադրյալներ է ստեղծում այս կամ այն ուղղությամբ, այս կամ այն երկրի, տվյալ դեպքում՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար:

«Իսկ այն ֆորումը, որին կանչել էին նախագահին մասնակցելու, ինքնին հետաքրքիր և Սաուդյան Արաբիայի համար կարևոր միջոցառում էր, քանի որ այն արդեն 5-րդ անգամ է անցկացվում, և Սաուդյան Արաբիան նմանատիպ միջոցառումները դիտարկում է իր ռազմավարության մեջ՝ իր տնտեսական իմիջը փոխելու և իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու նպատակով: Այդ տեսանկյունից էլ է կարևոր նման համաժողովում Հայաստանի բարձր մակարդակի ներկայությունը: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործել նման հնարավորությունները: Պետք է, որ կարողանան, եթե գերակայի պետության անվտանգության և պետական շահը», - հավելեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիայի Թագավորություն՝ էր-Ռիյադում մասնակցելու «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողովին:  Այդ ֆորումին մասնակցում էին բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:

Ինչպես նախագահի աշխատակազմից էին հայտնել՝ Հայաստանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալմանի հետ միասին ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը և նրա հետ զրուցել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին: Կողմերն ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]