Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դո՞ւ ով ես, էդ մեր պապերի երգն է…

Դո՞ւ ով ես, էդ մեր պապերի երգն է…

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրա երգերը շուրթից շուրթ անցնում են՝ սկսած դեռ նոր խոսել սկսող մանուկներից մինչև մահը դիմավորող ծերունիները: Նրան երգում են ողջ աշխարհի հայերը: Արդյոք կա՞ մեկը, որ չի լսել նրա անունը կամ չի լսել նրա երգերը: Կա՞ մեկը, որ չի երգել «Գետաշեն», «Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք վաղ թե ուշ» երգերը:

Գուսան Հայկազունուն ծնեց Արցախյան շարժումը, արցախյան պատերազմը, իսկ պատերազմի հաղթանակին օգնեց նրա երգը, խոսքը, երգերի ոգին ու հայրենասիրական շունչը, որով ներծծված ու թաթախված էին ոչ միայն Արցախում մարտնչող հայ հերոս մարտիկները, այլև թիկունքում նրանց սատարող ժողովուրդը: Հաստատապես կարող եմ ասել, որ մեր փայլուն հաղթանակում իր մեծ ներդրումն ունեցավ նաև գուսան Հայկազունը…»:

Էլինար ՇԱՀԵՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ-աշուղագետ

 

Իսկ սիրված գուսանը շարունակում է հարստացնել հայ երգարվեստի գանձարանը: Ասվածի վկայությունն է նրա հին և նոր երգերի հերթական երգարանը, որն առանձնանում է նախորդներից ոչ միայն ժամանակահունչ նոր ասելիքով, այլև իր հանրահայտ երգերի ստեղծման առիթների սեղմ պատմություններով, մեր պատմությանն անաչառ անդրադարձումներով, զորեղացման ու սթափության գոչող ազդու հորդորներով: Խոսելով համազգային հնչեղություն նվաճած «Գետաշեն» սքանչելի երգի մասին՝ գուսանը պատմում է. «Ես մասնագիտությամբ շինարար-ինժեներ եմ, չունեմ երաժշտական կրթություն, չգիտեմ նվագել և ոչ մի կապ չեմ ունեցել երգ-երաժշտության հետ: Չունենալով երգի ասպարեզում ճանաչում՝ տարիներ տևեց, մինչև ճանաչվեցի այդ երգի հեղինակ: Բոլորը կարծում էին, թե դա շատ հին երգ է: Մի առիթով, երբ Աշնակ գյուղում Գևորգ Չաուշին նվիրված միջոցառման ժամանակ ասացի, որ այդ երգի հեղինակը ես եմ, գյուղի ծուռ սասունցի տղերքը զայրացան. «Դո՞ւ ով ես, էդ մեր պապերի երգն է»: Մի ուրիշ դեպքում էլ ասել են. «Էդ ի՞նչ ես խոսում, «Հայեր, միացե՛ք» երգը գրել է արտաշատցի մի լավ տղա, որը զոհվել է Մարտակերտում…»: Իմ երգերի հետ կապված հետաքրքիր պատմություններ շատ կան, որոնք անպայման կտպագրվեն իմ հետագա գրքերում»:

Հայրենապաշտ արվեստագետի ձեռքը միշտ ժամանակի զարկերակին է, տեսնում է փոթորկվող աշխարհում կատարվող ավերիչ իրադարձությունները, տագնապում իր երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների համար և վերստին բարձրաձայնում բռունցքվելու, պառակտումներից զերծ մնալու գաղափարը: Եվ՝ երգ. «Վե՛րջ տվեք, տղե՛րք»: Միաբանության ջատագով գուսանը ոչ միայն երգով, նաև արձակ խոսքով է մեր սրտերին հասցնում իմաստուն իր մտածումները. «Ու որպեսզի մենք նորից չլինենք խնդրողի դերում, նորից թույլի հոգեբանությամբ՝ աչքներս թաց չաղերսենք մեծ պետություններին, թե՝ տվեք մեր Վանը, Մուշը, Մասիսը, Կարսը, ախր, դրանք մեր պատմական հողերն են, պետք է միշտ պատրաստ լինենք և ինքներս տեր կանգնենք մեր հայրենիքին: Պատրաստ պետք է լինենք ամբողջ ազգով, մեր բանակով, ողջ պետական ապարատով, իսկ ամենակարևորը և առաջին հերթին՝ հոգեբանորեն…»:

Երգարանը հագեցած է ոչ միայն նոր երգերով, այլև տարբեր ժամանակներում հանուն ազգի արժանապատվության մարտնչած ու հայ ոգուն զորացման նորոգ շունչ պարգևած պաշտելի անհատների լուսանկարներով՝ «Նեմեսիսի» ղեկավար Շահան Նաթալի, Նժդեհ, Արամ Մանուկյան, թվով հինգ Լիզբոնի քաջեր, Զորավար Անդրանիկ, Կոմանդոս (Արկադի Տեր-Թադևոսյան), Դուշման Վարդան (Վարդան Ստեփանյան), Մովսես Գորգիսյան, Շահեն Մեղրյան, Մաղավուզի Կարո (Կարո Քեհքեջյան), Միայնակ Գայլ (Արայիկ Խանդոյան) ու էլի քաջասիրտ այրեր, որոնց համար սրբության սրբոցը մայր հայրենիքն էր, և որոնց նվիրված գուսանի երգերը հնչում են որպես աղոթք ու փառաբանության պսակ խորհրդանշում: Երգարանում նաև մեր խլված պատմական հայրենիքի բերդ-ամրոցների, ավերված մայրաքաղաքների պատկերները կան: Ասել է, թե դրանք թարմացնում են մեր փոշոտված հիշողությունը և հավատով զինում վաղվա օրվա հանդեպ: Նույն խորհուրդն ունեն «Վերականգնվի՛ր, Կիլիկիա», «Դեպի Սասուն», «Մուսալեռ», «Մուսա լեռան զավակներն ենք» «Չքնաղ Շահումյան», «Քաշաթաղ» ու այս շարքն ամբողջացնող բազմաթիվ այլ երգեր: Իսկ որոշ երգեր ասես տագնապ ազդարարող զանգերի ղողանջ հիշեցնեն՝ ընդդեմ հայրենալքման ու արտագաղթի.

 

Ո՞ւր եք թողնում հայրենիքը այս դժվարին ժամանակ,

Ո՞նց եք լքում ձեր պապերի շիրիմները անքանակ,

Ի՞նչ երեսով պիտի ետ գաք, ո՞նց կնայեք Մասիսին,

Երբ ձեր մանուկ հայրենիքն եք լքում դժվար ժամանակ…

 

Ահա այսպես: Ամեն դեպքում՝ Գուսան Հայկազունը հույսի, հավատի, լավատեսության քարոզիչ է իր հին ու նոր երգերում, որոնցից շատերը դեռ պիտի թևավորվեն ու հնչեն համայն հայության շուրթերին: Մանավանդ այսօր այդ հավատն ու լավատեսությունն անհրաժեշտ են պատմական դժվարին շրջափուլով անցնող մեր ազգին:

Սիրված գուսանի հերթական երգարանին մեր հակիրճ անդրադարձը տեղին է, որ ամփոփենք Գյումրու «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Կուզիկյանի խոսքից մի հատվածով. «Անձամբ ծանոթ չլինելով, բայց հեռակա մեծ հարգանք տածելով գուսան Հայկազունու հանդեպ՝ 2009 թվականին ես առիթ ունեցա հանդիպել և ծանոթանալ նրա հետ, և մեծ էր զարմանքս, երբ իմ դիմաց տեսա փոքրամարմին մի անձնավորության: Եվ ում մտքով կանցներ, որ մինչ այդ գուսանական արվեստից բացարձակապես հեռու կանգնած լինելով՝ նա հեղինակել է այնպիսի երգեր, որոնք դարձան Արցախի ազատագրական պայքարի ոգեղեն խորհրդանիշներից…»:

Իսկ մենք ուրախությամբ ավելացնենք, որ յոթանասունը բոլորած վաստակաշատ գուսանի օջախը բոլորովին վերջերս կրկին նորածին մանկան ճիչով է լցվել. ծնվել է նրա հերթական զավակը՝ կնքված հայոց մեծագործ արքաներից մեկի՝ Պապ թագավորի անունով…

Աչքալուսանքով շնորհավորենք սիրելի գուսանին և մաղթենք, որ Սոսեներով ու թագավորացուներով լցվի Հայոց անառիկ աշխարհը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]