1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մերձավոր Արեւելքը… վառոդի տակառի վրա. թիրախում կրկին Լիբանանն է

Մերձավոր Արեւելքը… վառոդի տակառի վրա. թիրախում կրկին Լիբանանն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին շրջանում լարվածություն է նկատվում Լիբանանի շուրջ զարգացումներում։ Արաբական պետությունների լիգայի որոշ անդամներ հարց բարձրացրեցին Լիբանանին կառույցից հեռացնելու մասին։ Լիբանանի շուրջ եւ Մերձավոր Արեւելքում տեղի ընթացող զարգացումների ու պատճառների վերաբերյալ  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է արաբագետ, արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանի հետ։

-Տիկին Փաշայան, ի՞նչ հարցերի շուրջ են ծագել խնդիրները Լիբանանի եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ։

-Վերջին օրերին իսկապես մեծ լարվածություն առաջ եկավ Սաուդյան Արաբիայի, Ծոցի արաբական առանձին երկրների՝ մասնավորապես ԱՄԷ-ի, Քուվեյթի, Բահրեյնի եւ մյուս կողմից՝ Լիբանանի միջեւ։ Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 30-ին հետ կանչեց Լիբանանից իր դեսպանին, Լիբանանի դեսպանն էլ հեռացվեց Ռիյադից։ Բացի այդ, Սաուդյան Արաբիան պատժամիջոցներ սահմանեց Լիբանանի նկատմամբ. դադարեցվեց Լիբանանից ապրանքների ներմուծումը։ Հենց այս երկրներն են պահանջում հեռացնել Լիբանանին Արաբական պետությունների լիգայից։ Պատճառը ս.թ. օգոստոսին Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Կորդահիի հայտարարությունն էր այն մասին, որ Եմենում հուսիները «պաշտպանվում են սաուդական ագրեսիայից», իսկ սաուդական ռազմական գործողությունները որակել էր «ապարդյուն»։ Ջ. Կորդահին, ով իր կարիերայի համար պարտական է Սաուդյան Արաբիային, մարոնի համայնքի ներկայացուցիչ է եւ ս.թ. սեպտեմբերին Նաջիբ Միկատիի կառավարության մեջ առաջադրվել է «Հըզբոլլահի» դաշնակից Սուլեյման Ֆրանժիեի «Մարադ» կուսակցությունից, որոնք ներկայացնում են Մարտի 8-ի դաշինքը։ Սաուդյան Արաբիայի համար Լիբանանի ճգնաժամի հիմնական պատճառը Իրանի հարաճուն ազդեցությունն է եւ երկրի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքում իր կամքը թելադրող «Հըզբոլլահը»։ Թեպետ վարչապետ Միկատին հորդորում է Կորդահիին հեռանալ, սակայն նրան սատարող ուժը, հիմնվելով օրենքի վրա, չի ցանկանում այդ քայլն անել այն դեպքում, երբ Լիբանանի տնտեսությունը վերջին քաղաքացիական պատերազմից ի վեր մեծ կախվածություն ունի Սաուդյան Արաբիայից։

-Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել ճգնաժամի շարունակությունը, մանավանդ որ անմիջական տուժողներից մեկն էլ հայ համայնքն է։

-Առանց այդ էլ Լիբանանը խոր ճգնաժամի մեջ է եւ վաղուց ի վեր համարվում է ձախողված պետություն։ Հերթական ճգնաժամը եւ հնարավոր ճգնաժամերը, որոնք անխուսափելի են Լիբանանում աշխարհաքաղաքական բախումների ու մրցակցության պայմաններում, Լիբանանը տանելու են գահավիժման։ Հայ համայնքի համար, որքան էլ դժվար է այս մասին խոսելը, Լիբանանը հեռանկար չունեցող երկիր է։

-Որոշակի զարգացումներ կան նաեւ Թուրքիայի հետ կապված՝ տասը դեսպանների արտաքսման պատմությունը, Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունները, ներքին տնտեսական խնդիրները եւ այլն։

-Թուրքիան մի կողմից ներքաշված է բարդ տնտեսական խնդիրների մեջ, բայց դրանք, ըստ ամենայնի, այդքան էլ չեն խոչընդոտում Թուրքիայի առաջխաղացմանն արտաքին դաշտում: Էրդողանը համոզված է, որ Թուրքիան տարածաշրջանային տերությունից վերաճում է գլոբալ տերության։ Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը, որի հետ կապված` Էրդողանն արդեն ունի խորհրդարանի մանդատը, հիմնավորվում է Սիրիայում եւ Իրաքում քրդական ռազմաքաղաքական խմբավորումներից Անկարային մշտապես սպառնացող մարտահրավերներով։ Մասնավորապես` սաուդական մամուլը մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե թուրքական ռազմական ուժերը պրոթուրքական սիրիական ռազմական խմբավորումների օգնությամբ որ ուղղություններով կսկսեն հարձակումները Քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի դեմ։ Հիմնականում նշվել էին Հասաքեից 40 կմ հեռավորության վրա ընկած Թել Թամրը, Ռաքքայից դեպի հյուսիս ընկած Այն Իսան եւ Քոբանին՝ Այն ալ-Արաբը։ Բոլորն էլ ռազմավարական կարեւոր նշանակության տարածքներ են քրդերի համար։ Թուրքական հնարավոր էքսպանսիան Սիրիայում, բնականաբար, նպատակ ունի ընդլայնելու եւ ամրապնդելու թուրքական անվտանգության գոտին։ Կարծում եմ՝ Թուրքիան Սիրիայում դեռ առաջ է շարժվելու։

-Արդյոք չկա՞ միջազգային հակազդեցություն Թուրքիայի դեմ։

-Բնականաբար, թե՛ Ռուսաստանը եւ թե՛ ԱՄՆ-ն սիրիական եւ Թուրքիայի հարցերում ունեն իրենց կարմիր գծերը։ Որքան էլ բարդ են իրողությունները Թուրքիայի համար, Էրդողանին, այնուամենայնիվ, հիմնականում հաջողվում է ճկուն կերպով հաղթահարել արտաքին խնդիրները եւ առաջ շարժվել։ Այս տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում նաեւ նոյեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ` տարաձայնությունները քննարկելու համար։ Ինչպես նշվում է, կքննարկվեն «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական մասնաճյուղի, FETO գյուլենական ահաբեկչական խմբավորման եւ ռուսական C-400 պաշտպանության ժամանակակից համակարգին առնչվող հարցեր։ Նախարարը նշել էր, որ  նախաձեռնությունն ամերիկյան կողմից է։ Նախկինում թուրք-ամերիկյան մի շարք նախաձեռնություններ ձախողվել են, այնպես որ, սպասենք զարգացումներին։ Մյուս կողմից` ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ինչու չէ, նաեւ՝ ամերիկյան պատժամիջոցների մեջ հայտնված Ռուսաստանին վերջին շրջանում կարող է ոչ պակաս մտահոգել նաեւ Իրանի հարաճուն առաջխաղացումը Սիրիայում։ Թեհրանն «Իմամ Ալիից» հետո կառուցում է արդեն երկրորդ ռազմաբազան Եփրատ գետի ափին, որը նպատակ ունի համակարգել տարածաշրջանում շիական ռազմաքաղաքական խմբավորումների՝ միլիսների գործունեությունը։ Հընթացս Իրանը հետամուտ է նաեւ Թեհրան-Դամասկոս-Բեյրութ մայրուղու անխափան շահագործմանը, լայն մասնակցությանը Սիրիայի վերականգնման աշխատանքներին, մի խոսքով՝ Սիրիայից աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական օգուտներ քաղելուն։ Պատահական չէ, որ Ցախալի ռազմական օդուժը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում իրանական տարբեր ռազմական թիրախների, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգերի։ 

-Հարկ է նկատել, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը մնում է բարդ ու լարված, մասնավորապես` Աֆղանստանում, Եմենում, Լիբիայում եւ այլն։

-Միջնորդավորված հակամարտությունները, անզիջում մրցակցությունը Մերձավոր Արեւելքի առանձին երկրների մեջ, ԱՄՆ-ի «փախուստը» Աֆղանստանից եւ այլն, միջազգային զսպող մեխանիզմների բացակայությունը, կրոնի շահարկումը աշխարհաքաղաքականության մեջ, կրոնական ծայրահեղականության եւ մոլեռանդության աճը եւ այլ հարակից իրողություններ ստեղծում են ներկա ճգնաժամային պատկերը, որտեղ տեսանելի ապագայում հանգուցալուծումներ չկան։ Մեր տարածաշրջանը նույնպես կրում է Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների բոլոր բացասական հետեւանքները։ Այնպես որ, Հայաստանին նույնպես դժվար ժամանակներ են սպասվում։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]