Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Տիգրան Աբրահամյանի կարծիքով նախ պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակում տեղի ունեցավ ագրեսիան

Տիգրան Աբրահամյանի կարծիքով նախ պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակում տեղի 
ունեցավ ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո կրակի դադարեցման պայմանավորվածությամբ էլ իրավիճակն ամբողջությամբ հանգուցալուծված չէ, լարվածության օջախը մարված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցներում:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Նախ պետք է հասկանալ պատճառները, թե ինչ իրավիճակում տեղի ունեցավ այս նոր ագրեսիան, և Ադրբեջանն իրականում ինչ խնդիր էր դրել իր առջև: Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է հասկանալ, այն է, թե բացի նրանից, որ բռնազավթում է ապահովել ՀՀ տարածքների նկատմամբ, իրականում ի՞նչ նոր այլ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ի համար»:

Նա շեշտեց՝ պետք է հասկանալ նաև, թե ինչու այդ գործողություններից 2-3 օր հետո մոտ 2 տասնյակ զինծառայողների մասին որևէ տեղեկություն չկա:

Աբրահամյանը բավականին մտահոգիչ համարեց ադրբեջանական տարբեր տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ հայ զինծառայողներին բռնությունների, խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: «Նրանց ֆիզիկական գոյության առումով այսօր մենք ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ հանգամանքներում են անհետ կորել կամ գերեվարվել, մեր գլխավոր խնդիրը, որպես ՀՀ, պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձևով հայրենադարձումը: Դրանից հետո, թե ինչ ընթացակարգեր կլինեն, արդեն օրենքով սահմանված են»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների դադարեցումից հետո իր մեջ մտահոգություն է առաջացել, թե ինչ գին է ունենալու դա: «Իրականում ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը»,- ասաց նա:

Աբրահամյանը չի կարծում, թե իրավիճակը ամբողջությամբ հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ: «Այս պահին եղած իրավիճակը ոչ միայն շարունակում է բարձր ռիսկեր պարունակել նոր զարգացումների առումով, այլ՝ քաղաքական և բանակցային առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս»,- ասաց նա:

Ըստ նրա՝ անելիքներ կան դաշնակից պետությունների հետ՝ ագրեսիայի հավանականությունը նվազեցնելու առումով: Պատգամավորը շեշտեց՝ նաև, ըստ էության, ՀՀ-ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչի վերականգնման առումով:

Նոյեմբերի 16- ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]