Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Փաշինյանը ներկայացրեց նոյեմբերի 9-ին Պուտինի և Ալիևի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառը

Փաշինյանը ներկայացրեց նոյեմբերի 9-ին Պուտինի և Ալիևի հետ հանդիպումից 
հրաժարվելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պատրաստ էր նոյեմբերի 9-ին առցանց հանդիպել ադրբեջանական կողմի հետ, եթե այդ հանդիպումը հստակ խնդիր լուծեր,  օրինակ` վերադարձվեին գերիները: Հակառակ պարագայում առաջարկ է արվել փոխել հանդիպման օրը՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եղել է Պուտին-Ալիև-Փաշինյան առցանց հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, և եթե այո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից ու ինչո՞ւ:

«Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է: Ես հստակ ասել եմ, մեր դիրքորոշումն անկեղծ հայտնել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել հստակ արդյունքի շուրջ, օրինակ` լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան լավը չէ, ես խնդրել ու առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15»,- ասաց վարչապետ Փաշինյանը:  

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 15-ից առաջ եղել է նոյեմբերի 26-ին հանդիպման առաջարկ: Իսկ հետո առաջացել է գաղափար՝ անել հանդիպում ոչ թե առցանց, այլ առերես: «Ես պաշտպանել եմ այդ գաղափարը, և պարզվել է՝ դա ընդունելի է նաև Ռուսաստանի նախագահի ու Ադրբեջանի նախագահի համար, և ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Փաշինյանը:

Նա կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել, չարչարվել և գտնել փոխընդունելի լուծումներ: «Բայց երբեմն սիմվոլիկայի կամ այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն: Եվ ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում էլ ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը՝ որքան էլ որ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև արդեն Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը: Եվ ես ասացի, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,- հայտարարեց Փաշինյանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]