Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կվերանորոգվի Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզը
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը կնքեցին դրամաշնորհային պայմանագիր, որի շրջանակներում կվերանորոգվեն մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, զուգարանները, խոհանոցը և պատշգամբները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի 90.181 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շատ կարևորեց նման ծրագրերի իրականացում. «Շատ կարևորում եմ, և հույս հայտնում, որ նմանատիպ գործընթացը կլինի շարունակական: Մենք Ճապոնիայի դեսպանատան մեր գործընկերների հետ բավականին սերտ համագործակցում ենք, սա մեր, եթե չեմ սխալվում, երրորդ համագործակցությունն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից հաջողություն մաղթելով այս նախաձեռնությանը՝ վերահաստատում ենք գործընթացի կարևորությունը, որը նպաստում է ոլորտի զարգացմանը»,-ասաց նա:
Ծրագրի նպատակն է բարելավել Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի երեխաների և դաստիարակների ուսումնական և աշխատանքային միջավայրը՝ վերանորոգելով մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, զուգարանները, խոհանոցը և պատշգամբները: Արդյունքում ավելի քան 420 երեխաներ և ուսուցիչներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից։
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման ողջույնի խոսքում շեշտեց, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է մասնակցել նման կարևոր գործընթացին. «Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ շուրջ 420 երեխաներ և դաստիարակներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից: Ճապոնիայում գիտակցում են պատշաճ կրթական հաստատությունների կարևորությունն ուսումնառության ողջ ընթացքում» -ասաց Մասանորի Ֆուկուշիման:
Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին, բոլոր կազմակերպիչներին և հավելեց, որ այս ծրագրի շնորհիվ ոչ միայն կունենան նոր ու բարեկարգված մասնաշենք, այլև մանկապարտեզը հնարավորություն կունենա ընդունելու ևս 30 երեխայի և երկու քաղաքացու էլ ապահովել աշխատանքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում