1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ…»

«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ…»

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ բախտը բերել է՝ ընդամենը քսան-քսաներկու տարեկանում մի քանի ֆիլմերում արդեն նկարվել էի: Գնացի Մոսկվա, շփվում էի ոչ ավել, ոչ պակաս` Սմոկտունովսկու, Ուլյանովի, Եվստիգնեեւի, մյուսների հետ: Սա ուրիշ մի բան էր՝ թեեւ ես արդեն լավ դերասաններ տեսել էի՝ խաղացել էի Փափազյանի, Հրաչյայի հետ…

Հիշում եմ՝ երբ մայր թատրոն մտա, Արմեն Գուլակյանն զգուշացրեց՝ կարող է տասը տարի լուրջ դերեր չխաղաք, բայց բախտ համարեք, որ կանգնելու եք Փափազյանի, Ներսիսյանի կողքին…»:

Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սիրված դերասանը ծնվել է 1930-ի ապրիլի 1-ին՝ այսպես ասած՝ «մարդ խաբելու» օրը, Երեւանում: Երբ հայրը իր արու զավակի լույս աշխարհ գալու ավետիսն հասցնում է քույրերին, լուրը նրանք ընդունում են որպես ապրիլմեկյան կատակ: Բաբկեն հորը դժվարությամբ է հաջողվում հավատացնել, որ իր ասածը կատակ չէ՝ իրոք ծնվել է իրենց` Խորեն անունով եղբայր:

Ժողովրդական արտիստը սովորել է Երեւանի թատերական ինստիտուտում, ավարտելով այն` աշխատանքի անցել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ 1979-ին ընտրվել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1988-ին՝ գեղարվեստական ղեկավար:

Ասենք, որ ապագա դերասանը դպրոցական տարիներին զբաղվել է սպորտով, ներգրավվել բռնցքամարտի մայրաքաղաքային հավաքականի կազմում, երազել կամ ճարտարապետ, կամ գրականագետ դառնալու մասին, իսկ թատերական ինստիտուտ գնացել է մոր հորդորով եւ ընդունվել՝ ասմունքելով Պեպոյի հայտնի մենախոսությունը: Գնացել էր, քանզի այդ ճանապարհն էր նրան վերապահված ճակատագրորեն:

Անդամագրվելով մայր թատրոնի կոլեկտիվին՝ Խորեն Աբրահամյանն ստեղծելու էր իր լավագույն դերերը՝ Ռուստամ՝ Շիրվանզադեի «Նամուս», Արա՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ , Մյասնիկյան՝ Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը», Կորիոլա՝ Շեքսպիրի նույնանուն դրամայում, Ավետյան՝ Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսությունում»: Խոսքի նուրբ հղկվածություն, հերոսների հոգեբանական խոր վերլուծություն, դերակատարումների բնորոշ դրամատիկական զսպվածություն. այսպիսի հատկանիշներով էին առանձնանում մեծանուն դերասանի կերպարակերտումները ցանկացած հերոսի կերպարն ստեղծելիս: Հայկական լավագույն կինոնկարների հաջողությունները եւս պայմանավորված են նաեւ Խորեն Աբրահամյանի անզուգական խաղով: Հիշենք նրա Գեւորգը՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում. քանդակային մի կերպար, որը երբեւէ չի ջնջվելու մեր հիշողությունից: Հիշենք հնձվոր Պավլեին՝ «Մենք ենք, մեր սարերը», Մյասնիկյանին՝ «Երկունք», Տեր Ավետիսին՝ «Հուսո աստղ» կինոնկարներում: Դերասանի հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, արտիստական խառնվածքին բնորոշ համարձակությամբ, արդիականության խոր զգացողությամբ:

Որպես դերասան իր փառքի պատվանդանը կերտած արվեստագետը մայր թատրոնի հանդիսատեսին է ներկայացրել «Հացավանը», «Ջոն արքան», «Ոճրագործի ընտանիքը», «Քին», «Դոկտոր Ստոկման» ՝ հայ եւ օտարազգի դասականների այլ ստեղծագործություններ:

Ինչպես թատերագետներն են փաստում՝ Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլանը հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին: Ներկայացումը դիտելուց հետո գերմանական մամուլը նրան բնութագրել է որպես «գերաստղ»: Այս դերակատարումն էլ նրան արժանացնելու էր ԽՍՀՄ պետական մրցանակի: Իսկ նրա ձա՞յնը, կրկնօրինակումնե՞րը հանրահայտ ֆիլմերում: Շեքսպիրյան Համլետին հայերենով լսելուց հետո նրա հանճարեղ դերակատար Սմոկտունովսկին ասելու էր. «Ավելի լավ էր, քան ես խաղացել եմ…Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետեւ եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմն ավելի հետաքրքիր ստացվեին»: Մեծին բնորոշ ազնիվ գնահատական ու խոստովանանք…

Իսկ երբվանի՞ց էր դերասանը դարձել այդքան ճանաչված ու սիրելի. 1958 թ. ռեժիսոր Յուրի Երզնկյանը նկարահանում է «Առաջին սիրո երգը» կինոնկարը, որում Խորեն Աբրահամյանը մարմնավորել էր Արսեն Վանունցին: «Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ: Էդ ֆիլմի հաջողությունը աննախադեպ էր»,- տասնամյակներ անց, զարմանքը չթաքցնելով, վերհիշելու էր Կորիոլանի սքանչելի դերակատարը, նա, ով «Օթելլոյի» բեմադրություններից մեկը խաղացել է… ջարդված ոտքով:

Փառահեղ հաջողություններ, ճանաչում ու վաստակ: Հրաշալի է: Սակայն Խորեն Աբրահամյանի կյանքում նաեւ խոտորելին էր լինելու. 1982 թ. մայր թատրոնի բեմում ներկայացնում է Սունդուկյանի «Պեպոն»: Ներկայացնում է առաջին ու վերջին անգամ: Բանն այն է, որ իր բեմադրած ներկայացումը զայրացրել էր կուսակցական վերին ատյաններին… Այդուհետ նրան «աքսորում» են Գյումրու թատրոն: Առժամանակ անց, երբ կրկին վերադառնում է հարազատ օջախ, ամեն ինչ արդեն փոխված էր: Այլ էր եւ դերասանների, եւ ռեժիսորի վերաբերմունքը: Ծանր ու անախորժ մթնոլորտ, մեղադրանքներ, ցուրտ ու դժվարին ժամանակներ… Հետո հեռանալու էր Միացյալ Նահանգներ: Այնտեղ էր ձայնագրվելու «Ես իմ անուշ Հայաստանին», ասմունք, որը հոգու ճիչ էր ու հայրենապաշտ հոգու պոռթկում: Ասմունք, որը հնչելու էր դերասանին ի հավերժություն ճանապարհելիս… Իսկ մինչ այդ, մեծավաստակ դերասանը հայրենիք էր վերադառնալու վարչապետ դարձած սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի հեռախոսային խնդրանքով: Գալու էր, որպեսզի կյանքի վարագույրն իջնելուց մեկ շաբաթ առաջ բեմադրեր իր վերջին՝ «Ջին խաղը»՝ որպես կարապի երգ…

Բայց Խորեն Աբրահամյան արվեստագետի պարագայում, ինչպես այլ մեծերի, անմահության պսակն անթոշնելի է, աստվածային կատարումներն ու ձայնը՝ անխամրելի…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]