1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ լուսավոր կինոյի ասպետը

Հայ լուսավոր կինոյի ասպետը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմա այն ժամանակն է, երբ ռեժիսորները քծնում են իշխանություններին ու իրենց կեղծավորությամբ գումար շորթում կինո նկարելու համար: Իսկ Մանարյանի նմանները մոռացության են մատնվում: Զարմանալու ոչինչ չկա, սա առաջին դեպքը չէ…Դմիտրի Քյոսայանցը՝ մեր հրաշալի ռեժիսորներից մեկը, նույնպես նման ճակատագրի արժանացավ: Նրան նույնիսկ հետմահու չպարգևատրեցին: Նա ոչ ոքի պետք չէր: Ու եթե նա պրոբլեմատիկ անձնավորություն լիներ, կարելի էր ամեն ինչ դրա վրա բարդել, սակայն նա, ընդհակառակը, հանգիստ, չափազանց բարի մարդ էր, ով սիրում էր երեխաներին ու փողոցում շոյում կատուներին…»:

Լևոն ԱԹԱՅԱՆՑ

Կինոօպերատոր

Այդ բարի մարդը կինոռեժիսոր Արման Մանարյանն էր՝ հայ կինոյի նշանավոր դեմքերից մեկը, որի նկարահանած ֆիլմերից շատերն անժամկետանց են, շարունակում են մնալ արդիական, հոգեհարազատ հայ մարդու ներաշխարհին, հուզել, չհնանալ, չդառնալ ձանձրալի ու արխիվային…Այդպես է մնայուն արժեքների ճակատագիրը:

Նրա ծննդավայրը մեր բարեկամ երկրի մայրաքաղաք Թեհրանն էր, որտեղից հայրենիք էր ներգաղթելու տասնյոթը բոլորած տարիքում, սովորելու էր երաժշտական կրթօջախներում, նախ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիա: Թվում է, թե արդեն նախանշված էր գործունեության միջավայրը, սակայն անկասելի ներքին մի մղումով մեկնում է Մոսկվա, ընդունվում Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Արդեն ավարտում էր ուսումնառությունը, որի վերջնակետը դիպլոմային աշխատանքն էր լինելու՝ ինչ-որ կարճամետրաժ ֆիլմի տեսքով: Իսկ ապագա ռեժիսորին նախ սցենար էր անհրաժեշտ: Դրա փնտրտուքների մեջ էր, երբ գալիս է հայրենիք՝ հուսալով, որ այստեղ կհաջողվի: Իսկ նրա ավագ եղբայրը՝ սիրված դերասան Երվանդ Մանարյանը, տանը չէր՝ աշխատում էր Գորիսում:

Մեկնում է եղբորը տեսնելու, կիսվելու իր մտահոգություններով: Եվ Երվանդ Մանարյանը գտնում է ելքը՝ մի գիշերում սցենարի է վերածում Ատրպետի «Տժվժիկ» ստեղծագործությունը, որը հետագայում հայ կինոարվեստի նվաճումներից էր համարվելու: Այսպես է ծնվում հանրահայտ ու անսահմանորեն սիրված կատակերգական կինոժապավենը՝ փառահեղ դերասանների՝ Հրաչյա Ներսիսյանի, Ցոլակ Ամերիկյանի, Արման Կոթիկյանի կախարդիչ դերակատարումներով: Իսկ 1961 թ. Հին կինոյի տանն առաջին անգամ ցուցադրվելու էր երիտասարդ ռեժիսորի աշխատանքը: Այստեղ էր նաև կինոռեժիսոր Միխայիլ Կալատուզովը՝ միակը, որը Կաննի «Ոսկե արմավենի» էր բերել խորհրդային կինոյին: «Տժվժիկով» հիացած արվեստագետը բացառիկ ջերմությամբ էր արձագանքելու. «Սա պատուհան է դեպի հայ կինոյի ապագան…»: Քիչ ավելի ուշ հիացական գնահատականներ էին հնչեցնելու նաև ամերիկյան մշակույթի երկու հսկաները՝ Ռուբեն Մամուլյանն ու Վիլյամ Սարոյանը: Այսպես էր սկսվելու այս չքնաղ ֆիլմի լեգենդը:

Թե ինչպես էր հաջողվել Մանարյանին այդքան անկաշկանդ, ազնիվ ու ներքին ազատությամբ լեցուն կինո նկարել մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած տաղանդավոր և իր ձեռագիրն ունեցող ռեժիսոր ենթարկվում էր տարբեր վարչարարական ու գաղափարական ճնշումների, դժվար է ասել: Այս ֆիլմից հետո թվում էր, թե ամեն ինչ հարթ է լինելու: Սակայն այդպես չեղավ. երբ սկսել էր Շիրվանզադեի «Արտիստի» նկարահանումները, նրա ազգանունն անակնկալորեն հայտնվում է խորհրդային կինոգաղափարախոսների սև ցուցակում, և կիսանկարահանված ֆիլմի ժապավենն այրում են վայրենաբար: Բայց դա թևաթափ չէր անելու Մանարյանին. վերադառնալով իր նվիրական մուսային՝ երաժշտությանը, նկարահանում է հայկական առաջին մյուզիքլը՝ «Կարինեն»՝ ճանապարհ բացելով հայ երաժշտական կինոյի համար: Այդուհետ արարվելու էին «Հեղնար աղբյուրը», «Վերադարձ», Ավետ Ավետիսյանի վերջին դերակատարումով՝ «Մորգանի խնամին», «Սպիտակ ափեր», «Հող և ոսկի», «Կապիտան Առաքել», «Արցախ», «Վերականգնում», «Ընկեր Փանջունի», «Տգետը»… Բոլորը չթվարկենք՝ հավելելով, որ անվանի ռեժիսորը նաև մի քանի ֆիլմերի սցենարների հեղինակ է:

Արման Մանարյանը «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի լիամետրաժ անիմացիոն ֆիլմի բեմադրող ռեժիսորն է ու սցենարի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը: Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել 1995-ից, սակայն նկարահանումներն սկսվել են միայն 2001-ից և ավարտին հասցվել ութ տարի անց: Տարեկան հնարավոր է եղել նկարահանել ընդամենը 10 րոպեանոց հատված: Հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը, ուրիշներ, իսկ երաժշտության հեղինակը ռեժիսորի որդին է՝ Հայկ Մանարյանը:

Հայ լուսավոր կինոյի ասպետ. այսպես էին բնութագրում Արման Մանարյան կինոգործչին գործընկերները, բնագավառին իրենց անուրանալի նպաստը բերած մարդիկ: Իսկ մենք խնկարկումով հիշենք նրան ու հիշատակենք աշխարհասփյուռ հայությանն հասցեագրած իր պատգամը. «Պետք է գաս, հողին տեր կանգնես: Դա շատ բարդ ընթացք է, որը մեծ նվիրվածություն է պահանջում…»:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]