Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Տեղի է ունեցել Հայաստանում և Վրաստանում կառուցողական կապիտալի ներգրավման մասին առցանց քննարկում

Տեղի է ունեցել Հայաստանում և Վրաստանում կառուցողական կապիտալի ներգրավման 
մասին առցանց քննարկում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց հարթակում տեղի է ունեցել «Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում» թեմայով քննարկումը, որը կազմակերպել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Կորպորատիվ կառավարման կենտրոնից:

«Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտության արդյունքները: Եթե վրացի գործընկերները (ACT և INNOVA ընկերությունները) կառուցողական կապիտալի ներգրավման հարցում դիտարկել էին տարբեր շահակիցների` գործարար ասոցիացիաների, խորհրդատվական ընկերությունների, կարգավորող մարմինների դերը, ապա Հայաստանում գործող Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հետազոտել էր կառուցողական կապիտալի և ընկերությունների կորպորատիվ կառավարման կապը` բիզնեսի շրջանում հարցում անցկացնելու միջոցով», - փոխանցեցին Կորպորատիվ կառավարման կենտրոնից:

Ըստ աղբյուրի՝ թեման, լինելով նոր ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շուկայի համար, միաժամանակ ունի էական նշանակություն ներառական տնտեսական աճ ապահովելու հարցում, քանի որ կառուցողական կապիտալը նպաստում է հանրային բարիքի, թափանցիկ ու հաշվետու գործարար միջավայրի ձևավորմանը, բարեվարքության մշակույթի տարածմանը, խթանում է մասնակցային կառավարման գործընթացները:

Ըստ Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետազոտության արդյունքների՝ հարցված ընկերությունները կարևորել են թափանցիկությանը, հաշվետվողականությանը և բարեվարքությանը միտված կառուցողական կապիտալի դերակատարումը և ընկալել դրա առավելություններն ինչպես ընդհանուր տնտեսության, այնպես էլ սեփական ընկերության կտրվածքով:

Որպես ներդրումային խոչընդոտներ հարցվածներն առանձնացրել են կորպորատիվ կառավարման ոչ արդյունավետ միջավայրի խնդիրները: Սեփական կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման հարցում հարցվածներն ավելի շատ ապավինել են պետական աջակցող և խրախուսող քաղաքականությանը, քան սեփական ջանքերին՝ կորպորատիվ կառավարման ամուր ու բացահայտ հանձնառության ստանձնմանն ու դրա նպատակային իրագործմանը: Միաժամանակ հարցվածները կարևորել են կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված բիզնեսի հավաքական գործողությունները, ինչպիսին Բիզնեսի բարեվարքության ակումբն է:

Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել նաև միջազգային փորձագետներ Էրիկ Հոնցը և Արտյոմ Մայիսեենկոն: Նրանք ներկայացրել են կառուցողական կապիտալի ներգրավման եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման օրակարգային հիմնախնդիրները Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կտրվածքով:

Քննարկումը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «Եվրասիա. Ձևավորել բարենպաստ պայմաններ կառուցողական կապիտալի համար, 2-րդ փուլ» ծրագրի շրջանակում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am