«Արմենպրես»-ի ամենակարևոր ռեսուրսը մարդիկ են. գործակալությունը նշում է հիմնադրման 103-ամյակը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին` «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 103-րդ տարեդարձը:
Գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշում է՝ «Արմենպրես»-ն այսօր գործակալություն է, որը լուրերը թողարկում է 6 լեզուներով, թողարկում է երկու թերթ, տեքստային ձևաչափից բացի վերականգնում է իր առաջատար դիրքը նաև ֆոտոլրագրության ոլորտում, հանդես գալիս նոր նախաձեռնություններով:
«Այսօր «Ֆեյսբուք»-ն ինձ հիշեցրեց մի տեքստ, որը գրել եմ 7 տարի առաջ՝ 2014 թվականին: Այն ժամանակ մենք տեսնում էինք գործակալության զարգացման այն միտումները, որ արձանագրվում էին: Դա թե՛ այցելությունների, թե՛ լեզուների, թե՛ միջազգային հղումների, թե՛ գործակալության միջազգային ընդգրկման աճն էր, Հայաստանի լրատվամիջոցների պատմության մեջ առաջին անգամ հայաստանյան լրատվամիջոցը նախագահում էր լրատվական միջազգային ալյանսում: Եվ երբ այդ տեքստը կարդացի, փորձեցի ինձ համար հասկանալ՝ ինչ է ինձ համար այն 10 տարին, որ ես այս գործակալությունում եմ և ինչ է 103-ամյա «Արմենպրես»-ը: Այսօր գործակալություն ենք, որ լուրերը թողարկում է 6 լեզուներով, ինչպես նաև երկու թերթ է թողարկում, գործակալություն ենք, որ տեքստային ձևաչափից բացի՝ վերականգնում է իր առաջատար դիրքը նաև ֆոտոլրագրության ոլորտում, գործակալություն ենք, որ ստեղծում է ունիկալ պոդքաստային արտադրանք, և գործակալություն ենք, որը շատ վստահ ու կարևոր քայլեր է անում վիդեոարտադրության ոլորտում: Այսինքն՝ գործակալությունը չի կորցրել իր առաջատար դիրքերը այն ոլորտներում, որտեղ եղել է, իսկ այն ոլորտներում, որտեղ սկսել է աշխատել, սկսում է ձեռք բերել առաջատար դիրքեր»,- նշում է Անանյանը:
Նրա խոսքով՝ «Արմենպրես»-ը 103-ամյա գործակալություն է, որը մասնագիտական որևէ մարտահրավերից չի վախենում, գործակալություն է, որը մեր պետականության պատմության 103 տարվա ամենադժվար ու պատասխանատու պահերին երբեք իր դիրքը չի լքել և արել ու անելու է առավելագույնը, որպեսզի այն նպատակը, որին ինքը ծառայում է, ամբողջությամբ իրականացնի: «Ու այդ ամենը շատ ավելի ակնհայտ էր վերջին տարիների և հատկապես վերջին պատերազմի ընթացքում: Այսօր գործակալություն ենք, որ լայնորեն ներկայացված է սոցիալական բոլոր ցանցերում»,- ընդգծում է գործակալության տնօրենը:
Արամ Անանյանի խոսքով՝ «Արմենպրես»-ի ամենակարևոր ռեսուրսը մարդիկ են: «Երբ ասում ենք մարդիկ, նկատի ունենք բոլոր սերունդների արմենպրեսականներին և «Արմենպրես»-ի բոլոր սերունդների ընթերցողներին, նրանց վստահությունը և նվիրումը, որը հրաշքներ է գործել՝ ստեղծելով «Արմենպրես»-ի անկրկնելի բրենդը: Եվ մեր այս հոբելյանին մենք առաջին հերթին բոլոր այդ մարդկանց ենք շնորհակալություն հայտնում, մարդկանց, ովքեր ստեղծել են «Արմենպրես»-ը գրելով, լուսանկարելով, մեկնաբանելով, ինչպես նաև մարդկանց, ովքեր ստեղծել են «Արմենպրես»-ը մեզ կարդալով և մեր լրատվական արտադրանքից օգտվելով: Բոլոր այդ մարդկանց մենք այսօր հայտնում ենք շնորհակալություն»,- ասում է Անանյանը:
«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական՝Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունը ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն՝ պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:
«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: