1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյուղապահովագրության ոլորտում ակտիվություն է. Էկոնոմիկայի նախարարությունը տարին ամփոփում է դրական ցուցանիշով

Գյուղապահովագրության ոլորտում ակտիվություն է. Էկոնոմիկայի նախարարությունը 
տարին ամփոփում է դրական ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում նկատելի ակտիվություն կա: 2021 թվականը պատկան մարմիններն ամփոփում են դրական ցուցանիշով: 2020 թվականի համեմատ ընթացիկ տարում ավելացել է և՛ պետական աջակցությամբ ապահովագրվող մշակաբույսերի, և՛ կնքված ապահովագրական պայմանագրերի թիվը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը նշեց, որ եթե 2020 թվականին դիտարկվում էր 2300 հա ապահովագրական տարածք, ապա 2021 թվականին այն հասավ 5830-ի:

«Պայմանագրերի թվում ևս նկատելի ավելացում կա: 2020 թվականին ունեինք 1546 պայմանագիր, 2021 թվականին այդ թիվը հասավ 4300-ի: Մոտ երեք անգամ ավելացավ կնքված պայմանագրերի թիվը: Ծրագիրը մեկնարկեց երկու մշակաբույսի ապահովագրությունով և արդեն 2021 թվականին այդ մշակաբույսերի թիվը հասցվեց 11-ի:  Եթե մենք սկսեցինք մի քանի մարզում մշակաբույսերի ապահովագրությունից, ապա 2021 թվականին արդեն ապահովագրությունը ծածկում է Հայաստանի ամբողջ տարածքը»,-ասաց Իռա Փանոսյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ գյուղատնտեսության ապահովագրության պետական աջակցության ծրագիրը կարևորներից է, այն նոր ագրոմշակույթ է ոլորտում: Պետությունը ծրագրի շրջանակում սուբսիդավորում է ապահովագրական վճարները: Նրա խոսքով, եթե դիտարկենք միջազգային փորձը, ապա կտեսնենք, որ գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերի մեկնարկային գործընթացում կարևոր դերակատարում ունի պետական աջակցությունը:

«Հայաստանում ևս ծրագիրը մեկնարկեց պետական ու դոնորների աջակցության շրջանակում: Կարողացանք 2019 թվականին կառավարության որոշմամբ հաստատել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագիրը և 2020 թվականին արդեն իրականացվեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական պայմանագրերի վաճառք: Կարող եմ ասել, որ ծրագիրը բարդ է, այն նոր մշակույթ է ոլորտում: Յուրաքանչյուր պրոդուկտի, յուրաքանչյուր  ռիսկի ապահովագրությունը պահանջում է հետևողական աշխատանք»,-ասաց նա: Խոսելով 2021 թվականի ցուցանիշներից՝ Իռա Փանոսյանը նշեց, որ արձանագրված տվյալները կարևոր արդյունք են: Ակտիվությունն ու ապահովագրական պայմանագրերի թվի ավելացումը խոսում են այն մասին, որ պրոդուկտը կայացել է գյուղացիները, վստահում են գործընթացին:

Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության կոորդինատոր Շողեր Բարսեղյանը նշեց, որ 2021 թվականին 2020 թվականի համեմատ ունեցել են բավական ագրեսիվ վաճառք: Գերակատարել է կանխատեսված բիզնես պլանը ապահովագրավճարների հավաքագրման առումով:

«2021 թվականի դրությամբ գործակալության անդամ հանդիսացող 3 ապահովագրական ընկերությունները 475 մլն դրամ ապահովագրավճար են հավաքագրել, որպես փոխհատուցում ֆերմերներին տրվել է 320 մլն ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: 2021 թվականի ընթացքում վնասաբերությունը կազմում է 67.2 տոկոս, որը գովելի ցուցանիշ է: Այս ցուցանիշին Հայաստանը պետք է հասներ 2023 թվականին, սակայն 2021 թվականին արդեն ունենք այն»,-ասաց Շողեր Բարսեղյանը:

Ծրագիրը պիլոտային է, առաջիկայում նախատեսվում է ավելացնել ապահովագրվող մշակաբույսերի թիվը: Ապահովագրական համակարգի զարգացման հետ կապված շատ կարևոր է նաև ռիսկայնության մակարդակի իջեցումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այդ ուղղությամբ ևս աշխատանքներ իրականացնում է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]