1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. պոդքաստ - հարցազրույց Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. պոդքաստ -
հարցազրույց Ռուբեն Սաֆրաստյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, անկե՞ղծ են արդյոք Հայաստանի հետ հաշտվելու Թուրքիայի ձգտումները, ի՞նչ ռիսկեր և օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մեջ: «Արմենպրես պոդքաստ»-ի տաղավարում այդ թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Թուրքագետի խոսքով՝ սա վերջին 30 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն 4-րդ փորձն է, որոնցից երկուսը՝ «երկրորդ ճանապարհի դիվանագիտության» (TARC) և «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացները նախաձեռնել էր ԱՄՆ-ը։ Իսկ բանակցային այս նոր ռաունդն, ըստ թուրքագետի, փորձում են առաջ մղել մի կողմից Միացյալ Նահանգները և մյուս կողմից Ռուսաստանը:

Ակադեմիկոսը մեծ ակնկալիքներ չունի բանակցությունների նոր փուլից և գրեթե համոզված է, որ այն արժանանալու է նախորդների ճակատագրին, բայց մյուս կողմից կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ բանակցություններին մարտավարական, քաղաքական և դիվանագիտական որոշակի նկատառումներով:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել, եթե Թուրքիան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ճնշմամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Առաջին անգամ նախքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսվելը երեք հիմնական տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանով, երեքն էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նախորդ դեպքերում այդպես չէր. ԱՄՆ-ը վերջերս է ճանաչել: Եվ մենք պետք է օգտագործենք դա: Մենք պետք է բանակցային գործընթացի հենց սկզբում դնենք հետևյալ հարցը, որ մեզնից մեծագույն զիջում է, երբ մենք համաձայնվում ենք բանակցել մի պետության հետ, որը շարունակողն է Հայոց ցեղասպանությունը իրականացրած Օսմանյան կայսրության: Եվ հաշվի առնելով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ պետք է հասնենք այն բանին, որ նրանք ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, և Թուրքիան հենց սկզբից ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այս գործընթացը գնա առաջ: Կարծում եմ՝ սա շատ հետաքրքիր նոր ոլորտ է մեզ համար բացում, պետք է փորձենք օգտագործել այս հնարավորությունը», - առաջարկեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Թուրքիան իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ չի փոխել և գալիք բանակցությունների ընթացքում կրկին առաջ է քաշելու իր հայտնի երեք նախապայմանները, որ Հայաստանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը 1921 թ. Կարսի պայմանագրին և ճանաչի Հայաստանի և Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից և Արցախից: Այժմ այս երեքին միացել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ խոսել է հրապարակայնորեն:

Թուրքագետի խոսքով՝ կարևորն այն է, որ հայկական կողմը նշված սկզբունքային հարցերում պետք է լինի անդրդվելի և չհրաժարվի իր մոտեցումներից:

«Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունները բխում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ տարածաշրջանի ընդհանուր շահերից: Բայց այստեղ գնի հարցն է՝ ի՞նչ գին պետք է մենք դրա համար տանք: Թուրքիան մեզնից շատ մեծ գին է պահանջում դրա համար: Դրանք այդ չորս պայմաններն են, չորս պարտադրանքը, որ նա մեզ վրա դնում է: Գինը շատ մեծ է և դա անընդունելի է մեզ համար: Գիտե՞ք՝ ինչու է անընդունելի: Որովհետև ե՛ւ ցեղասպանության հարցը, ե՛ւ Կարսի պայմանագրի հարցը, ե՛ւ Արցախի հարցը մեր ժամանակակից ինքնության մասն ենք կազմում: Մենք հայ ենք, որովհետև այդ խնդիրները մեզ համար կարևոր են: Եթե մենք այդ խնդիրներում գնանք սկզբունքային զիջումների՝ կնշանակի, որ մենք մեր ինքնության մի մասից ենք հրաժարվում։ Դրա համար պետք է այդ սկզբունքային հարցերում լինենք անդրդվելի, չպետք է գնանք ոչ մի զիջման: Իսկ մնացած հարցերում կարող են կոմպրոմիսներ լինել», - կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Հարցազրույցը վարեց «Արմենպրես» թղթակից Արամ Սարգսյանը

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]