Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջազը՝ մտքի թռիչք. «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին կներկայանա ամանորյա և Սուրբ ծննդյան համերգով

Ջազը՝ մտքի թռիչք. «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին կներկայանա 
ամանորյա և Սուրբ ծննդյան համերգով

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին տոն կնվիրի՝ հանդես գալով յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ինչպես սիրված ջազ ստեղծագործություններ համաշխարհային գանձարանից, այնպես էլ Քյոսայանի հեղինակային գործերից: Կլինեն նաև պրեմիերաներ։ Համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ասաց, որ ելույթ է ունենալու և՛ որպես դաշնակահար, և՛ որպես երգեհոնահար: Նվագելու է Hammond B3 ջազ  երգեհոնով, որն ԱՄՆ-ից է բերել:

«Որպես հյուրեր համերգին հանդես կգան երգչուհիներ Սիրանուշ Գասպարյանը, Ալլա Սահակյանը, երգիչ Արսեն Ստեփանյանը և շեփորահար Դավիթ Թադևոսյանը: Հնչելու են իմ ստեղծագործությունները, որոնք գրվել են վերջին 10-15 տարվա ընթացքում, կլինեն երգեր, որոնք առաջին անգամ երգեհոնով կհնչեն: Դրանցից է «Ավե Մարիան», որը կկատարի Սիրանուշ Գասպարյանը: Առաջին անգամ կկատարենք «Ճանապարհ Նազարեթից» գործը: Քանի որ երեկոն նվիրված է Ամանորին և Սուրբ Ծնունդին, գերակշռելու են հոգևոր ստեղծագործությունները»,-պատմեց արտիստը:

Ամփոփելով 2021-ը՝ Գարի Քյոսայանն ընդգծեց՝ հաջողված է համարում ականավոր կոմպոզիտոր Միշել Լեգրանին նվիրված մեծ համերգը, որը տեղի է ունեցել ապրիլին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում կյանքի կոչած համերգ-ներկայացումը՝ նվիրված լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի ընթացքում ջազ-քառյակի նվագակցությամբ և Քյոսայանի մշակմամբ հնչել են Ազնավուրի ստեղծագործությունները: Համերգ-ներկայացումը պատմել է Ազնավուրի կյանքի հետաքրքրաշարժ դրվագների մասին:

Խոսելով ջազ երաժշտության՝ ակումբային ջազից մեծ համերգասրահներ անցման մասին՝ կոմպոզիտորը պատմեց, որ ջազն ակումբներից դուրս է եկել մեծ բեմահարթակներ 1950-1960-ական թվականներին շնորհիվ ամերիկացի այնպիսի հռչակավոր ջազ աստղերի, ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Օսկար Փիթերսոնը, Քաունթ Բեյսին և այլք, որոնք ելույթներ են ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: «Կամաց-կամաց այդ տենդենցը նվազեց և այնպես ստացվեց, որ ջազը կրկին վերադարձավ ակումբներ, սակայն ջազը բարձրագույն արվեստ է ու չի զիջում  դասական երաժշտությանը: Եթե լսեք համաշխարհային ջազ աստեղերին, կհամոզվեք, որ այն, ինչ ասում եմ, ճշմարիտ է: Այսօր շատ քչերն են հակված ջազը ներկայացնել լայն մասսաներին և ջազ նվագել ժողովրդի համար: Ջազ երաժիշտներն սկսել են ջազ նվագել ջազմենների համար, ինչը խնդիր է, չէ՞ որ ջազ պետք է նվագել ժողովրդի համար, այն պետք է մատչելի լինի հասարակության լայն շրջանակի համար, որ նա վայելի ջազի գեղեցկությունը, վայելի ջազի գանձարանը, որը կերտել են համաշխարային ջազի մեծ վարպետները»,- շեշտեց կոմպոզիտորը:

Նրա խոսքով՝ կան ապշելու գործեր, որոնցից են Ջոն Լուիսի «Django»-ն, որը մեծ ուժ ունի, Դյուկ Էլլինգտոնի «Caravan»-ը, «Summertime» հանրահայտ ստեղծագործությունը և այլն: Ըստ Քյոսայանի՝ դրանք անջնջելի գանձեր են: «Մենք  որոշել ենք հաճախ հանդես գալ համերգասրահներում՝ երաժշտասերներին ներկայացնելով ջազի գեղեցկությունը, սակայն ելույթներ ենք ունենում նաև ակումբներում»,-ասաց Քյոսայանը:

Նա վստահ է՝ հայերը ջազ սիրում են, քանի որ մտածող ժողովուրդ են, իսկ ջազը մտքի թռիչք է: Շատ են ցանկանում, որ մարդիկ ավելի շատ մտածեն հոգևորի մասին, որ հոգևոր երաժշտությունն առավել կարևոր սնունդ լինի, քան ուտելիքը, որ պայծառ տրամադրությամբ սկսվի տարին, ու Աստծո օրհնությունը լինի հայ ժողովրդին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]