Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մի շարք նոր հաստատությունների շենքերի վրա ՀՀ դրոշը մշտապես բարձրացնելու պահանջ կամրագրվի

Մի շարք նոր հաստատությունների շենքերի վրա ՀՀ դրոշը մշտապես բարձրացնելու 
պահանջ կամրագրվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի:  Գործադիրը վերջերս հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

«Յուրաքանչյուր պետության համար պետականության հաստատման գործում չափազանց մեծ նշանակություն ունեն պետական խորհրդանիշերը, որոնք ունեն հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ըստ էության, նաև պետական խորհրդանիշերի հանդեպ ունեցած վերաբերմունքով է պայմանավորվում մեր վերաբերմունքը  պետականության հանդեպ: Քայլերը, որոնք ձեռնարկում է կառավարությունը, ուղղված են հանրային գիտակցության մեջ ընդգծելու այդ արժեքների կարևորությունը: Առաջարկվում է դրոշը նախադպրոցական, հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական մշակութային կազմակերպությունների պետության համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն ամրագրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Արա Խզմալյանի խոսքով, բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ է պետական արժեքներին ուղղված կրթական, իրազեկման ծրագրեր իրականացնել: 

«Հանրային իրազեկվածության բարձրացման, հանրային վերաբերմունքի լիարժեքությունն ապահովելու համար հարկավոր են անցկացնել միջոցառումներ: Բազմաթիվ իրավիճակներ են լինում, երբ ոչ պատշաճ վերաբերմունքի ենք ականատես լինում պետական խորհրդանիշերի նկատմամբ: Լինում են անգամ ներկայացումներ, երբ տեսնում ես, որ ՀՀ Սահմանադրությունը, պետական դրոշն ուղղակի ոտնահարվում են, անարգվում են՝ իբր թե գեղարվեստական անհրաժեշտությունից ելնելով: Մենք նման արժեքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, բարձր գիտակցման խնդիրն ունենք: Արժեքներ կան, որոնց հետ խաղալ չի կարելի»,-ասաց Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց՝ պետք է թույլ չտալ, որ պետական խորհրդանիշ հանդիսացող օբյեկտը դառնա սովորական, մատնվի անտարբերության: Այսինքն՝ այն միշտ իր առկայությամբ պետք է ձևավորի որոշակի դիրքորոշում, վերաբերմունք տվյալ կառույցի հանդեպ:

«Վերջերս մի դեպքի ականատես եղանք, ահազանգեցինք և բարեբախտաբար արձագանքն արագ եղավ: Մեր կենտրոնական փողոցներից ամենաբանուկ հատվածներից  մեկում ուղղակի պատառոտված դրոշ էր կախված: Նկատեցինք, զգուշացվել էր, արձագանքն էլ արագ եղավ: Հանրային ուշադրության տեսանկյունից առհասարակ պետք է կարևոր տեղ զբաղեցնեն մեր պետական խորհրդանիշերը»,-հավելեց Արա Խզմալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]