Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը շատ լավ աշխատում է. Սրբուհի Գալյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը շատ լավ աշխատում է. Սրբուհի 
Գալյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում գտնվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է և 3 հայցադիմում ուղարկվել է առաջին ատյանի իրավասության դատարան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանվել են  այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է նախաձեռնվել ուսումնասիրություն: Այդ հիմքերից մեկն այն է, որ անձը քննող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասաց նա:

Ըստ Գալյանի` կազմավորումից ի վեր վարչության առջև ծառացած դժվարություններից մեկն այն էր, որ չկար բազա, որի վրա կարելի էր հենվել, և վարչությունը զրոյից մշակել է բոլոր փաստաթղթերի նմուշները:

Ինչ վերաբերվում է դժվարություններին բովանդակային առումով, Գալյանն ասաց, որ որոշակի գործերի պարագայում ապացուցել այս կամ այն գույքի ապօրինությունը բավականին բարդ է, քանի որ Հայաստանում մեծ տարածում ունի այն երևույթը, որ գույքը ձեռք է բերվել ոչ թե իրական սեփականատիրոջ, այլ ուրիշ անձանց անուններով, օրինակ զոքանչների, , օգնականների և այլ շահագրգիռ անձանց:

Վարչությունը կազմավորվել է և սկսել է գործել 5 դատախազի և 3 տնտեսագետի կազմով, այնուհետև լրացուցիչ մրցույթների արդյունքում և՛ դատախազների, և՛ տնտեսագետների թիվը համալրվել է: Գալյանը հայտնեց, որ ներկայումս վարչությունը գործում է 8 դատախազի և 6 տնտեսագետի կազմով: Գլխավոր դատախազի տեղակալը հույս ունի, որ հաստիքները կավելացվեն, քանի որ յուրաքանչյուր դատախազ 30-ից ավել գործ է ուսումնասիրում:

Գալյանի խոսքով` մամուլում շատ է շահարկվել, թե իբր ապօրինի գույքի  բռնագանձման մասին օրենքը խնդրահարույց է, այդ իսկ պատճառով դատավորները հրաժարվում են կիրառել օրենքը:

Գլխավոր դատախազի տեղակալը վստահեցրեց`  նման բան գոյություն չունի, որովհետև եթե օրենքը չկիրառվեր, դատարանը չէր բավարարի 80-ից ավել  բանկային գաղտնիքի կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ միջնորդությունները, չէր բավարարի տասնյակից ավել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումները, չէր լինի հաշտեցման բանակցությունների գործընթաց: 

Գալյանը ընդգծեց` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը շատ լավ աշխատում է և բավականին լավ տեմպերով:

Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով արդեն իսկ առաջին դատական նիստը կայացել է, որով անցնում է ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]