1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր ոսկեղենիկ լեզվի ոգու թարգմանը. «Լեզուն ժողովրդի ոգին է՝ իր հնչեղ ձեւի մեջ...»

Մեր ոսկեղենիկ լեզվի ոգու թարգմանը. «Լեզուն ժողովրդի ոգին է՝ իր հնչեղ ձեւի մեջ...»

Վլադիմիր Աբաջյան… Բնությունն ի վերուստ նրան պարգեւել էր այն բոլոր բարեմասնությունները, որոնք երաշխիք էին՝ նվիրվելու բեմին, դերասանական արվեստին: Իսկ թե ինչն էր Շիրակի մարզի Շիրակ գյուղում լույս աշխարհ եկած պատանուն մղել ուսանելու դաշտավարական տեխնիկումում, ինքն էլ էր տարակուսած: Միայն մի բան էր ակնհայտ. գրեթե ամեն օր մտնում էր Գյումրիի՝ Մռավյանի անվան թատրոն, դիտում ներկայացման ինչ-որ տեսարան ու դուրս գալիս: Նրա դասընկերներից մի քանիսն արդեն ընդունվել էին մայրաքաղաքի թատերական ինստիտուտ, իսկ ինքը դեռ դաշտավարության դասեր էր առնում: Երբ գյուղ էր գնում, հողի մշակները ձեռ էին առնում՝ վաղը, մյուս օր մեզ ի՞նչ պիտի սովորեցնի էս էրեխեն… Վիրավորական էր, եւ ապագա դերասանը, իր խոսքերով ասած, թողնում է ու փախչում: «Հետագայում ընդունվեցի Երեւանի թատերական ինստիտուտ,- պատմում էր լոռեցու իր միամտությամբ հպարտացող դերասանը:- Երրորդ կուրսում էի, երբ իմ սիրելի ղեկավար Արմեն Գուլակյանն ինձ տարավ Սունդուկյանի անվան պետական թատրոն: Այն ժամանակներում նման բան բացառված էր, որովհետեւ այնտեղ աշխատում էին հրաշք դերասաններ՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, այլ մեծեր, իսկ Վահրամ Փափազյանը հաճախ էր հանդես գալիս հյուրախաղերով: Եվ ես մեծացա այդ հսկաների միջավայրում: Մայր թատրոնում խաղացի 30-ից ավելի լավ ու գլխավոր դերեր, առժամանակ անց գլխի ընկա, որ էն, ինչ որ ես եմ ուզում խաղալ՝ ինձ չեն տա, կտան քեզ, նրան, էն մյուսին, բայց՝ ոչ ինձ… Եվ կամաց-կամաց իմ մեջ խորացավ ասմունքով զբաղվելու գաղափարը…»:

Իսկ նա գլխավոր դերեր էր մարմնավորել ոչ միայն «Քանդած օջախ»-ում, «Նամուս»-ում, «Անմեղ մեղավորներ»-ում, տասնյակ այլ ներկայացումներում, այլեւ՝ հայկական հայտնի ու սիրված ֆիլմերում՝ «Սայաթ-Նովա», «Լալվարի որսկանը», «Կամոյի վերջին սխրանքը», «Հուսո աստղ», այլ կինոնկարներ: Թվում է, թե առինքնող ձայնով ու դերասանական անթաքույց տաղանդով օժտված արտիստը, այդուհանդերձ, կշարունակի իր կարիերան նշյալ ասպարեզներում: Բայց վճիռն արդեն կայացված էր: Ժողովրդական դերասանն ինքն էր խոստովանելու. «Ես այն բախտավոր մարդկանցից եմ, ովքեր շրջագայել են մեր լավագույն բանաստեղծների հետ՝ Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ, Համո Սահյան, աշխարհով մեկ սփռված հայության սրտերին հասցրել Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, մեր մյուս երեւելի բանաստեղծների սքանչելի ստեղծագործությունները, բանաստեղծներ, որոնցից յուրաքանչյուրը դարագլուխ է կազմում…»:

Բարձրարվեստ ասմունքը գերադասած դերասանն իր գերող արվեստով էր հավաստում փափազյանական այն համոզմունքը, թե՝ «Լեզուն ժողովրդի ոգին է՝ իր հնչեղ ձեւի մեջ»: Եվ այդ ոգին հասկանալի ու հասու էր դարձնում անգամ օտարներին: «Եթե մարդը ունակ է հնչեղ ձեւի մեջ մատուցել մեր ոսկեղենիկ լեզուն, ուրեմն աշխարհի բոլոր ծայրերում կհասկանան. մի անգամ Ամերիկայում էի, մեծահարուստների քաղաք Բեւեռլի Հիլզում, երբ մի անգլուհի մեր հայ տղաների հետ ինձ էլ հրավիրեց իր տուն: Սեղանի շուրջ նստած ժամանակ տղաներից մեկը խնդրեց, որ ինչ-որ բան ասմունքեմ: Ասացի, որ անիմաստ է, անգլուհին բան չի հասկանալու, ես էլ անգլերեն չգիտեմ: Խնդրողը համառեց, եւ ես մի երեք փոքրիկ գործ կարդացի Տերյանից: Երբ տղաները փորձեցին թարգմանել, անգլուհին առարկեց՝ պետք չի, ես հասկացա: Նույնը կատարվեց նաեւ Հոլանդիայում, երբ երկու ծեր ամուսիններ մոտեցան, շնորհակալություն էին հայտնում: Ասացի, որ ես բեմից հայերեն եմ կարդացել: «Կապ չունի,- պատասխանեցին,- մարդկային լեզուն աշխարհի համար է, մենք հասկանում ենք ձեր ասածները…»,- վերհիշում էր ասմունքի վարպետը:

Ասենք, որ Վլադիմիր Աբաջյանի հայրն արմատներով կարսեցի էր, մայրը՝ շնողնեցի: Եվ իր համար գովելի միամտությունը գալիս էր լոռեցի մորից: Պատմում էր, թե ինչպես է մի անգամ միամտաբար բարկացրել հանճարեղ Շիրազին. «Մի օր զանգահարեց եւ կանչեց, որ հանդիպենք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Գնացի: Ասաց. «Անտաղանդ, էդ ինչը՞ղ Է, օր Պարույրին կկարդաս, ինձի չես կարդա, հը՞...»:  Ես էլ միամիտ-միամիտ պատասխանեցի. «Դու էլ բան գրի՝ կարդամ…»: Շիրազին նման բան ասելը մահվան հավասար բան էր: Ուղիղ երկու տարի հետս չխոսեց…»:

Բայց հետո ամեն ինչ հարթվելու էր. դերասանն ու բանաստեղծը միասին էին գնալու հանդիպումների նաեւ հանրապետության սահմաններից դուրս, եւ զվարճալի դիպվածներով հարստանալու էր « միամիտ լոռեցու» հուշաշխարհը:

«Յուրաքանչյուր արվեստի մարդ,- ասում էր,- լինի երաժիշտ, քանդակագործ կամ նկարիչ, միշտ մի բան պակաս է թողնում: Հիմա ես հասել եմ, ինչպես ասվում է, իմ կյանքի մայրամուտին…Շատ բաներ ինձ բախտ չվիճակվեց խաղալ թատրոնում, իսկ ասմունքում ես ինքնիշխան եմ՝ ինքս եմ ընտրում իմ նախասիրած գործը, ինքս եմ իմ գլխի տերն ու իմ անելիքի…»:

Ծանրակշիռ եղավ Վլադիմիր Աբաջյանի վաստակը հայ պոեզիայի պանծացման գործում: Նա դաստիարակեց նաեւ տասնյակ սաների, ովքեր ջանալու էին արժանի լինել ասմունքի իրենց վարպետին, ով փափագում էր ծաղկուն տեսնել հայրենիքը, իսկ ժողովրդի ուսերին ծանրացած բեռը՝ թեթեւացած…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]