Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Ճապոնիայի օժանդակությունը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տվել աջակցելու պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած շուրջ 32,000 անձի

Ճապոնիայի օժանդակությունը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տվել աջակցելու 
պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած շուրջ 32,000 անձի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնում Ճապոնիայի ժողովրդին՝ մեծահոգաբար տրամադրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով  դրամական աջակցության համար, որի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացավ ժամանակին ու խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրել հակամարտության հետեւանքով տուժած ընտանիքներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին, տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«2022 թվականի հունվարի 19-ին ՄԱԿ ՓԳՀ-ն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանն իր շնորհակալությունը հայտնելու և մարդասիրական օգնության ազդեցությունը ցույց տալու կապակցությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում միջոցառում էր կազմակերպել։ Այն տեղի ունեցավ Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերջերս վերանորոգված ու վերազինված կենտրոնում, որը ծառայում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության վայր ու կացարան հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման եւ այլ պաշտոնյաներ: Այն ուղեկցվել է ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից կարողությունների ձեւավորման ու համայնքային աջակցության միջոցառումների դիտարկումներով, Կենտրոնի բնակիչների, մանկավարժների ու հոգեբանների հետ զրույցներով: 

«Ինձ համար, ի դեմս Ճապոնիայի կառավարության, մեծ պատիվ է մասնակցել այսօրվա փակման արարողությանը։ Անցած տարվա օգոստոսից ի վեր այցելել եմ մի շարք վայրեր, որտեղ ՄԱԿ ՓԳՀ-ն հիմնավոր գործունեություն է ծավալում, եւ նշանակալի արդյունքներ եմ արձանագրել: Մենք խորապես համոզված ենք, որ թե՛ անապահով մարդիկ, թե՛ հյուրընկալող համայնքները կհաղթահարեն բոլոր դժվարությունները։ Ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ Ճապոնիայի կառավարությունը հայ ժողովրդի կողքին է եւ կշարունակի օժանդակել Հայաստանի առաջընթացի եւ երկարաժամկետ զարգացման հասնելուն ուղղված բոլոր քայլերին»,- նշել է պարոն Ֆուկուշիման:

Ճապոնիայի ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն հակամարտությունից տուժած ընտանիքներին կարողացել է համայնքային աջակցության եւ կարողությունների ձեւավորման նպատակով օժանդակություն տրամադրել, վերանորոգել եւ տեխնիկական սարքավորումներ ու կահույք տրամադրել 30 կրթադաստիարակչական կենտրոնների / ժամանակավոր կացարանների, հինգ մարզերում համայնքային խաղադաշտեր եւ մարզադաշտեր կառուցել, դրամական օգնություն տրամադրել կենտրոնի բնակիչներին՝ հոգալու իրենց կենսական կարիքները, ինչպես նաեւ մասնակի փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարները։

Նշվում է, որ Ճապոնիայի կողմից տրամադրված ֆինանսավորումը նպաստել է նաեւ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից պաշտպանությանն  ուղղված կարեւոր գործողությունների իրականացմանը Հայաստանում, այդ թվում կարիքների բացահայտում եւ գնահատում, իրավական խորհրդատվության եւ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում, կենսապահովման եւ ինքնաբավության բարելավման միջոցառումների, ինչպես նաեւ կանանց ու երեխաների դիմակայունության ամրապնդման ծրագրերի իրականացում, համերգների, կրթական եւ մշակութային միջոցառումների կազմակերպում։

«ՄԱԿ-ի ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Ճապոնիայի ժողովրդին եւ կառավարությանը՝ տեղահանված ընտանիքներին սիրահոժար ցուցաբերած աջակցության համար», - ասել է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննա Կարին Օստը միջոցառման ժամանակ։

«Ճապոնիայի օժանդակությունը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տվել աջակցելու Հայաստանում ապաստանած շուրջ 32,000 անձի, ժամանակին եւ կենսական անհրաժեշտության օգնություն հասցնելով ընտանիքներին ու նրանց սրտաբացորեն հյուրընկալած համայնքներին»։ 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]