Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Կյանք՝ իմաստավորված շախմատային ռինգում

Կյանք՝ իմաստավորված շախմատային ռինգում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շախմատը կարելի է համեմատել երաժշտության հետ, բայց լուրջ երաժշտության: Թեթեւ, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց որպեսզի լուրջ երաժշտությունը ուրախություն եւ հաճույք պատճառի, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա:

…Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է եւ արվեստի գլուխգործոց ստեղծում…»:

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Իսկ յուրաքանչյուրի՞ն է վերապահված երաժշտական բարձր կուլտուրան կամ արվեստի գլուխգործոցի ստեղծումն առհասարակ: Շախմատային արվեստի առումով, այո, հայ իրականության մեջ այդպիսի գլուխգործոցներ ստեղծածների պակաս բնավ էլ չունենք: Եվ ամենեւին պատահական չէ, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա դժվարությամբ նշմարվող Հայաստան երկիրն այսօր շատերն ընկալում են որպես շախմատային կայսրություն կամ շախմատային գերտերություն, արտահայտություններ, որոնք շոյում են հայ մարդու արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Նաեւ այն առումով, որ այս խաղում մտքի ուժն արարում է, ստեղծում, այլ ոչ թե ոչնչացնում…

Այս ասպարեզում տիտղոսակիր մեր հայտնիների անունները մեկ առ մեկ չթվարկենք, քանզի մեր այս անդրադարձը նրանցից մեկի՝ գրոսմայստեր, Հայաստանի վեցակի, նախկին ԽՍՀՄ-ի վերջին, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Արտաշես Մինասյանի հոբելյանով է պայմանավորված: Շախմատիստ, որի յուրաքանչյուր հաղթանակ ուրախություն, ազգային հպարտություն ու բերկրանք է պարգեւել ամենքիս:

«Շախմատը մտքի տառապանք է»,- եզրահանգել է Գարի Կասպարովը: Մանուկ Արտաշեսին այդ «տառապանքին» առաջին ընտելացնողը եղել է պապը՝ ծանոթացնելով հնօրյա այս խաղի այբուբենին: Ու թեեւ ծնողները նախապես չէին էլ կանխագուշակում իրենց փոքրիկ շախմատիստի ապագան, այդուհանդերձ, երբ նա իրեն գերազանց էր դրսեւորում մանկապատանեկան մրցումներում, սկսում են հավատալ ու հուսալ, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Տաղանդը հասունանալու էր ժամանակին զուգընթաց. 1990 թ. Արտաշես Մինասյանը հաղթող էր ճանաչվելու ԽՍՀՄ երիտասարդ վարպետների առաջնությունում: Մեկ տարի անց, լինելով միջազգային վարպետ, բազմաթիվ անվանի գրոսմայստերների հետ պայքարում թռիչքային նվաճում էր ունենալու՝ հռչակվելով Խորհրդային Միության չեմպիոն: Այդ հաղթանակից հետո նրան շնորհվելու էր գրոսմայստերի կոչում: Խորհրդային Միության փլուզումից հետո կայանալու էր նորանկախ Հայաստանի անդրանիկ առաջնությունը, եւ երիտասարդ շախմատիստը կրկին առաջնության հաղթողներից մեկն էր լինելու: Նման առաջնություններում նրա չեմպիոնական հաղթանակների թիվը հասնելու էր վեցի: Պատկառելի հունձք: Բայց դա ամենը չէր. Եվրոպայի ակումբային գավաթի հաղթող՝ «Երեւան» թիմի կազմում: Մասնակցություն նոկաուտ համակարգով Դելիում կայացած աշխարհի առաջնությանը, Խանտի Մանսիսկիի աշխարհի գավաթի խաղարկությանը եւ բազմաթիվ այլ մրցաշարերի: Մասնակցություններ, որպիսիք շատ շախմատիստներ կերազեին…

Տաղանդավոր շախմատիստը Հայաստանի հավաքականի կազմում ինն անգամ է մասնակցել օլիմպիադաների: Սակայն ամենահիշարժանը, թերեւս, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի թիմային հաղթանակն էր՝ Լեւոն Արոնյան, Արտաշես Մինասյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան, Սմբատ Լպուտյան հայորդիներով: Հաղթանակ, որը նվաճողները պարգեւատրվելու էին «Մովսես Խորենացի» մեդալով: Հիրավի, այդ օրերին ցնծություն էր ողջ Հայաստանում ու սփյուռքում: Դա 2006-ն էր: Երկու տարի անց նմանատիպ հաղթանակ էր արձանագրվելու դրեզդենյան 38-րդ օլիմպիադայում: Եվ նորից բարձր ու պարտավորեցնող գնահատանք ու պարգեւ հայ շախմատային մտքի ասպետներին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

Արտաշես Մինասյանի հաղթարշավներից մեկն էլ կայացել է Նյու Յորքի շախմատի առաջնությունում, երբ մեր եռյակը՝ այսօրվա հոբելյարի, Սմբատ Լպուտյանի, Վլադիմիր Հակոբյանի մասնակցությամբ, գրավեց առաջին տեղը: Այդպիսի հաղթանակ՝ Վլադիմիր Հակոբյանի հետ, նա տոնել էր նաեւ Լիոնում՝ իրենց կողքին առաջին անգամ դնելով հայոց Եռագույնը:

«Կմնա՞, արդյոք, այս կամ այն շախմատիստը պատմության մեջ, կախված է նրա ոչ միայն հաջողություններից, այլեւ ստեղծագործությունից,- գրել է Տիգրան Պետրոսյանը,- ինձ համար, օրինակ, նշանակություն չունի՝ շախմատիստը եղե՞լ է, թե՞ չի եղել աշխարհի չեմպիոն: Գլխավորն այն է, որ նա իրենից հետո թողնի սքանչելի խաղեր…»:

Մինասյանական խաղի մարտավարությունն ու ռազմավարությունը այն սքանչելի ստեղծագործություններն են, որոնք հայ շախմատիստներին կրկին առաջնորդելու են դեպի շախմատային թագը…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]