Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը և թուրք-ադրբեջանական ծուղակը. հոդված հունական հեղինակավոր To Vima օրաթերթում

Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը և թուրք-ադրբեջանական 
ծուղակը. հոդված հունական հեղինակավոր To Vima օրաթերթում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական հեղինակավոր To Vima օրաթերթում լույս է տեսել քաղաքագիտության դոկտոր (Պանթեոնի համալսարան, Աթենք) Անահիտ Նալբանդյանի հոդվածը «Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը և թուրք-ադրբեջանական ծուղակը» վերնագրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն և դրա հայերեն թարգմանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրած Հունաստանում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է, որ հոդվածն ընդգծում է Թուրքիայից Ադրբեջանի կախվածությունը, ինչպես նաև լույս է սփռում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական բարբաջանքների վտանգների վրա։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։

 

«Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը և թուրք-ադրբեջանական ծուղակը

Երբ ուզում են խաղաղություն, բայց այնպիսի խաղաղություն, որը ծառայում է միայն իրենց շահերին…

Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ կապված են ամուր էթնիկ, մշակութային և պատմական կապերով և փոխադարձ հարաբերությունները որակում են որպես «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, և այդ ժամանակվանից ի վեր երկու երկրները զարգացրել են ամուր տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր:

Թուրքիայում Ադրբեջանի ընդհանուր ներդրումները 2002-2019 թվականներին կազմում են 19,5 միլիարդ դոլար, մինչդեռ Ադրբեջանում թուրքական ներդրումները նույն ժամանակահատվածում հասել են 11 միլիարդ դոլարի։ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է։ Ավելին, Թուրքիայի տարածքով են անցնում ադրբեջանական բնական գազի կարևոր խողովակաշարերը։ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության STAR նավթավերամշակման գործարանը՝ նավթի, դիզվառելիքի, ավիացիոն կերոսինի, հեղուկ գազի և այլ նավթամթերքների արտադրության համար՝ տարեկան 10 միլիոն տոննա ծավալով:

Թուրքիան Ադրբեջանի գլխավոր գործընկերն է նաև ռազմական համագործակցության ոլորտում։ Երկու երկրների պաշտպանական հարաբերությունները հիմնված են երկու իրավական հենասյուների վրա: Առաջինը 1992 թվականի հունվարից գործող իրավական կարգավորումներն են, որոնք նախատեսում են ադրբեջանցի զինվորականների վերապատրաստում Թուրքիայում։ Թուրք զինվորներն ու ուսուցիչները պատրաստում են ադրբեջանական հատուկ ջոկատայիններ: Երկրորդը 2010 թվականի սեպտեմբերին ստորագրված «Ռազմական համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագիրն է՝ տասը տարվա վավերականության ժամկետով և տասը տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի (TED) կողմից Նախիջևանի ստորաբաժանումներին աջակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը շատ ոլորտներում սերտորեն համագործակցում են Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչն է՛լ ավելի է ընդլայնում ոչ միայն երկու ժողովուրդների էթնիկ սերտ կապերը, այլ նաև նրանց ընդհանուր շահերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի ղեկավարի Ադրբեջան կատարած պաշտոնական երկօրյա այցի ընթացքում Շուշի քաղաքում ստորագրել են դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագիր, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը։

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան ոչ միայն մեր բարեկամն ու գործընկերն է, այլեւ եղբայրական երկիր է մեզ համար։ Մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցել Թուրքիային՝ առանց վարանելու բոլոր հարցերում։ Բոլոր հարցերում ունենք մեր թուրք եղբայրների աջակցությունը և մենք նույնպես աջակցում ենք նրանց բոլոր հարցերում՝ ներառյալ Արևելյան Միջերկրական ծովում նրանց հետազոտությունները»,- ասել է Իլհամ Ալիևը՝ անվանելով «բարեկամ, գործընկեր և եղբայր երկիր» Թուրքիային, մի երկրի, որը զավթել է այլ երկրների տարածքներ, ինչպիսիք են Կիպրոսը և Սիրիան։

Ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբից Թուրքիան լիովին աջակցել է Ադրբեջանին։ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակեց հայ-թուրքական սահմանը, և վերջինիս կառավարությունը խոստանում է բացել այն՝ պայմանով, որ Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց։ Թուրքիան քաղաքական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսատան) հայտարարությունը: Նույնիսկ պատերազմի ավարտից և հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։

Հայաստանը և Արցախը հետևողականորեն կյանքի են կոչել եռակողմ հայտարարության դրույթները, մինչդեռ դրա ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց՝ ի հեճուկս ստորագրման պահին զբաղեցրած դիրքերում կանգ առնելու հանձնառության, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների։ Ավելին՝ փաստաթղթում նշված շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո ադրբեջանական կողմը պատասխանեց այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինված ուժերի ներթափանցմամբ և շարունակվող ապօրինի տեղակայմամբ։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի խախտումները պարբերական բնույթ են կրում։ Բացի այդ, Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Եռակողմ հայտարարության վերջին կետում ասվում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրելով և կամայականորեն մեկնաբանելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության դրույթները, տարածում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը (Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում, որը գտնվում է Իրանի հետ սահմանին և ապահովում է Իրանի հետ Հայաստանի կապը), սպառնալով ուժ կիրառել, ինչը ոչ միայն հակասում է եռակողմ հայտարարության «խաղաղության ոգուն», այլև խաթարում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ջանքերը։

Հարկ է նշել նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» կասկածի տակ է դնում նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, քանի որ այն չի ենթադրում ճանապարհ՝ համալրված մաքսակետերով և վերահսկման մեխանիզմներով, ինչը հուշում է, որ այդ միջանցքը կարող է օգտագործվել երկու երկրների ռազմական համագործակցության նպատակով։ Ավելին, թույլ չտալով, որ միջանցքի անվտանգությունն ապահովվի Հայաստանի կողմից՝ չի կարելի վստահ լինել, որ ինչ-որ պահի այն չի խաթարվի վերահսկող օտարերկրյա ուժերի կողմից՝ այդպիսով կտրելով ողջ Սյունիքի տարածաշրջանը Հայաստանից և վերջինիս կապը Իրանի հետ։ Ուստի՝ ադրբեջանա-թուրքական այս ծրագրի նպատակները ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական, և դրա նշանակությունը երկու կողմերի համար ռազմաստրատեգիական է։

Եզրափակելով՝ նշենք, որ եթե Թուրքիան նախկինում Հայաստանի հետ սահմանի բացման համար նախապայմաններ էր ներկայացնում՝ ներառյալ Ղարաբաղի հարցը (ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարման հարցը), այժմ ավելացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և խաղաղ զարգացմանը, քանի որ խաղաղություն կարող է գոյություն ունենալ միայն անվտանգության միջոցով։ Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող համառ և բացահայտ հայատյաց քաղաքականությունը, ուժի կիրառման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական Շուշի քաղաքի օկուպացումը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո»։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]