1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությանը

Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանում է, որ Հայաստանում տեղադրված քրեական հեղինակությունների արձանները շատերը չեն նկատել, սակայն, երբ Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին խոսակցություն եղավ, ակտիվացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար հայտարարած մրցույթին:

Հարցին, թե ճիշտ չէր լինի արդյոք այդ գումարն ուղղել ուրիշ ուղղությամբ՝ Փաշինյանը պատասխանեց. «Պետության մեջ հազարավոր նպատակներով գումարներ ծախսվում են: Օրինակ` կառավարությունը միջոցներ է հատկացրել, որ Չարենցավանի ճանապարհի մոտակայքում գտնվող Հավերժության ժապավենը վերականգնվի, նույն դեպքում էլ այդ հարցը կարելի էր տալ, թե արդյոք չարժե՞ր այդ գումարն ուրիշ նպատակով ծախսել: Միշտ էլ ցանկացած գումար ծախսելու դեպքում կարելի է հարց տալ՝ իսկ չարժե՞ր այլ նպատակով ծախսել, քանի որ երկրի կառավարումը մի տողից չէ բաղկացած: Պետական բյուջեում հազարավոր տողեր կան, որոնք բոլորն էլ կարևոր են»:

Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հետևած բանավեճը շատ կարևոր շերտեր է բացել, ինչն էլ լավ առիթ է՝ հանային ոլորտում առկա մի շարք խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու: Փաշինյանը նկատել է՝ օրինակ հիմա Հայաստանում ճանապարհների եզրերին տեղադրվում են հուշարձաններ, արձաններ կամ քարեր, հիմա նաև նոր միտում է նկատվում. տարբեր տեղերում խաչեր են հայտնվում: «Ընդ որում, այդ խաչերը երբեմն տեղադրվում են այնպես, հետագայում այնպիսի իրավիճակում են հայտնվում, որ իմ՝ որպես քրիստոնյայի զգացմունքները վիրավորում են. ով որտեղ հասնում, երկաթի երկու կտոր է գտնում, տանում ինչ-որ տեղ խաչ տեղադրում: Ամենայն հարգանքով բոլորին՝ մենք մայրուղիների մոտ տեսնում ենք, որ ինչ-որ քարեր են ի հայտ գալիս: Այս ամենը խոսում է պետական ինստիտուտների չկայացվածության մասին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված: Եվ իր զարմանքն այն է, որ դա ոչ ոք չի նկատել: «Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորն ակտիվացան: Եվ կան շրջանակներ, որոնց թվում է, թե «Հիսուս Քրիստոս» անունը օգտագործելու սեփականության կադաստրով հաստատված վկայական կա, որ Հիսուս Քրիստոսի մասին հանկարծ ուրիշ ոչ ոք չխոսի, իրենք են լիազորված…»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունում հիմա մշակվում է որոշակի իրավական կարգավորում, որ ընդհուպ մահարձանների չափերը պետք է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ թույլտվությամբ տեղի ունենա: «Եթե, օրինակ, ականավոր գիտնականի մահարձանն այնքան անշուք է, որ ոչ ոք չի նկատում, իսկ օրինակ «ռեկետյորի» և հանցագործի մահարձանը գերեզմանում այնքան մեծ է, որ հազարավոր երեխաներ մտնում, տեսնում են, որ ամենամեծ արձանը մարդասպանի արձանն է, հետո մենք հասկանում ենք, թե մեր հանրային հարաբերությունների վրա ինչ ազդեցություն է ունենում: Եթե հանցագործի համար 5 մետրանոց արձան դնեն, ոչ մեկ չի ասի, թե ինչ են անում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն:

Նրա գնահատմամբ՝ շատ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը: Ընդ որում, վարչապետի խոսքով, երբ որևէ քրեական հեղինակության համար ցանկանում են ճանապարհի եզրին մահարձան դնել, ոչ մեկ չի հարցնում բնակավայրի բնակիչներին, ՏԻՄ-ը, Ոստիկանությունն էլ չեն հարցնում:

«Ըստ էության, առաջարկվում է նախագիծ: Կլինի այդ արձանը, թե չի լինի, խոսքը պատկանում է պետությանը: Պետությունն ազդվում է իհարկե նաև հանրության տեսակետներից, կարծիքներից: Բայց կա օրենք, կան կառավարության որոշումներ, և երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի՝ այդ թվում մասնագիտական քննարկման, ՀՀ-ում պետություն կա, և պետությունը սահմանված ընթացակարգերով որոշում կկայացնի: Այո, մասնավոր անձը և կազմակերպությունը կարող է առաջարկով հանդես գալ, և ոչ մասնավոր անձինք և այլ կազմակերպություններ կարող են դեմ կամ կողմ լինել, բայց ի վերջո որոշումները կայացվում են պետական ընթացակարգով: Շատ հնարավոր է, որ նախագիծը ներկայացվի համապատասխան հիմնավորումներով, և կառավարական համապատասխան օղակները որոշեն, որ դա լավ նախագիծ է և հնարավոր է՝ որոշեն, որ դա վատ նախագիծ է: Ես ուզում եմ, որ այս բոլոր խոսակցությունները տեղավորենք պետական ընթացակարգերի տիրույթում»,-ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]