1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղանկարչի արեւոտ գունաշխարհը. մեծանուն լեզվաբանի տաղանդավոր զավակը

Գեղանկարչի արեւոտ գունաշխարհը. մեծանուն լեզվաբանի տաղանդավոր զավակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ արվեստագետների է բախտ վիճակվում իրենց ողջության օրոք արժանանալ թանգարան ունենալու երջանիկ բախտին: Դրա համար նախեւառաջ ստեղծագործական պատկառելի հունձք պետք է ունենալ, վաստակել դրա իրավունքը արարիչ վրձնով, ինքնահաստատվել եւ օծված լինել մուսաների օրհնությամբ: Այդ երջանիկներից էր մեծավաստակ Մանուկ Աբեղյանի արժանավոր որդին՝ հայրենի բնաշխարհի վրձներգիչ Մհեր Աբեղյանը՝ ծնված հայոց հոգեւոր կենտրոն Էջմիածնում, որտեղ էլ 1990-ին բացվեց նկարչի թանգարանը: Միայն ափսոս, որ իր այս տան դռնով հաճախակի ներսուդուրս անելը, այցելուների, ուսանողների, արվեստակից ընկերների  հետ հանդիպումները կարճատեւ էին լինելու՝ ընդամենը չորս տարի, երբ կյանքի վարագույրն իջավ 85 տարեկան հասակում…

Յուրաքանչյուր արվեստագետ երախտագիտության արժանի իր ուսուցիչներն է ունենում: Մհեր Աբեղյանի պարագայում նրանք երկուսն էին՝ անվանի նկարիչներ Ստեփան Աղաջանյանն ու Սեդրակ Առաքելյանը, որոնց նա աշակերտել էր մայրաքաղաքի գեղարվեստական տեխնիկումում, ուսանելիս հրապուրվել գունաշխարհի կախարդանքով, հետո հաջորդաբար ուսումը շարունակել նախ Մոսկվայի գեղարվեստատեխնիկական, այնուհետեւ Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի  ինստիտուտում:

Հայրենիք՝ ներշնչանքների աղբյուր. վերադառնալով հարազատ եզերք՝ սկսվում է գեղանկարչի ստեղծագործական արգասաբեր կյանքը: Տարբեր տարիների անհատական ցուցահանդեսներ է ունենում Հայաստանում, ԽՍՀՄ տարբեր քաղաքներում՝ Մոսկվա, Տալլին, Կաունաս, Վիլնյուս, Օդեսա, Լենինգրադ, Թբիլիսի, այլ քաղաքներ: Մասնակցում է արտասահմանյան եւ միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնց թիվն անցնում է երկու տասնյակից:

Գեղանկարչի արվեստում առանձնահատուկ տեղ ունի Հայաստան աշխարհն իր չքնաղ բնությամբ, իր ապրող-արարող մարդկանցով, հայոց արեւաբույր բարիքներով: Նրա բնանկարներն առանձնանում են լուսավոր բներանգներով, նատյուրմորտները՝ պլաստիկ շոշափելիությամբ, ընդգծված գունեղությամբ՝ «Երեւանյան նատյուրմորտ», «Կիրովականի լեռները», «Բյուրականի սարերում», «Բջնի», «Նռներով նատյուրմորտ», սքանչելի այլ կտավներ, որոնցում նկարիչը նախընտրում է լայն տարածական ընդգրկում ունեցող, արեւի պայծառ լույսով ողողված բնանկարներ՝ հագեցած ներքին հավասարակշռությամբ, անդորրի զգացողությամբ, կյանքի բանաստեղծական ընկալմամբ: Երբեմն բնանկարներում ավելանում են առօրյա աշխատանքով զբաղվող մարդկանց ընդհանրացված պատկերներ՝ արտահայտելով կյանքի հարատեւման, հայրենի հողի ու մարդու անքակտելի կապի մասին արվեստագետի խոհերն ու մտորումները: «Հայրենիք», «Մայր Հայաստան», «Հաց» եռանկարում խտացված է հայրենի երկրի հավաքական պատկերը:

Նկարիչն ամբողջ կյանքում զբաղվել է գրաֆիկայով, աշխատել է տարբեր նյութերով ու տեխնիկական միջոցներով (մատիտ, ածուխ, սագինա, կավճամատիտ, գծանկար, լինոփորագրություն, օֆորտ), ստեղծել հայրենի բնության, գյուղական կյանքին ու կենցաղին նվիրված քնարական պատկերներ ու դիմանկարներ: Ընդգծելի է նաեւ այն, որ նա կարպետի, խեցեղենի, կենցաղային իրերի միջոցով վարպետորեն շնչավորում է միջավայրը՝ յուրատեսակ կապ ստեղծելով անցյալի ու ներկայի միջեւ: Նկարչի արվեստում այնքան էլ մեծ թիվ չեն կազմում դիմանկարները, որքան էլ որ նաեւ սակավաթիվ այդ ստեղծագործություններն են արվեստի կատարյալ գործեր:

Հայտնի է, որ մեր ազգային էպոսին շատ արվեստագետներ, գրողներ ու բանաստեղծներ են անդրադարձել: Մհեր Աբեղյանը «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը նկարազարդել է երիտասարդ տարիքում՝ 1939-ին, երբ նշվում էր գրական այս շքեղ կոթողի հազարամյակը: Պատկերազարդել է Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Վախթանգ Անանյանի, Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործություններից: Ասել է, թե ստեղծագործել է բոլոր ժանրերով՝ թողնելով իր անհատականության կնիքը: Իսկ նրա լավագույն ստեղծագործություններն իրենց մշտական հանգրվանն են գտել Երեւանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու այլ քաղաքների հանրահայտ թանգարաններում: Այդպիսին է տաղանդի ուժով արարված ստեղծագործությունների ճակատագիրը:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]