Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Լյուքսեմբուրգի համալսարանում «Թումո» կենտրոն բացելու նախաձեռնություն է սկսվել

Լյուքսեմբուրգի համալսարանում «Թումո» կենտրոն բացելու նախաձեռնություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ հունվարի 25-ին շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի  նախարարությունից: 

Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։

«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]