Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների 
ներդրման փորձը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշագրի ստորագրումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռատի Բրեգաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստան այցելելու համար:

« Մենք ունենք մեծ օրակարգ, որը փորձելու ենք առաջիկա երկու օրերի ընթացքում սպառել: Մեր առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Իտալիայում Եվրոպական խորհրդի նախարարների հավաքի շրջանակներում, բարձրացրեինք մի շարք հարցեր, որոնք հուզում են Հայաստանին, որովհետև ներկայումս կարևոր բարեփոխումների ընթացքում ենք: Մյուս կարևոր ուղղությունը միասնական գրասենյակներն են, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները: Հայաստանը ունի փայլուն երկարատև փորձ հենց միասնական գրասենյակների ոլորտում և այն արդարադատության տների ներդրման փորձը, որը Վրաստանն իրականացրել է, մեզ համար շատ կարևոր է, որովհետև նոր ենք սկսում արդարադատության տների ձևավորումը, զարգացումը»,- ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախարարից, որ կիսվում են իրենց փորձով:

Վրաստանի նախարար Ռատի Բրեգաձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին ջերմ ընդունելության համար:

«Վենետիկում մենք պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կլինի ակտիվ և ուրախ եմ, որ արդեն սկսեցինք այդ աշխատանքները: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: Կարծում եմ` այսպիսի հարաբերություններ երբեք չեն եղել: Եվ դա, իհարկե, մեր վարչապետերի շնորհիվ է: Համոզված եմ, որ մեր հանդիպումը և համագործակցությունը ստեղծված հարաբերությունների արձագանքն է և հույս ունեմ, որ մենք նույնպես շատ ջերմ և մտերիմ կլինենք և կհամագործակցենք, մեր աշխատանքով կնպաստենք երկու երկրների զարգացմանը»,- ընդգծեց Բրեգաձեն:

Վրաստանի նախարարը տեղեկացրեց, որ իրենց հետ բերել են շարժական արդարադատության տունը, նաև ինովացիոն սարք, որը թույլ է տալիս պրոբացիայի շահառուներին ստանալ այն բոլոր ծառայությունները, ինչը ստանում են, օրինակ` պրոբացիայի բյուրոներում:

Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա մեր երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նաև համատեղ ներդրում կանենք կրթական ոլորտում` կիրականացնենք ուսանողների փոխանակում: Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ շատ ակտիվ կհամագործակցենք կալանավորների և դատապարտյալների փոխանակման ոլորտում»,-եզրափակեց Բրեգաձեն:

Արդարադատության շարժական տունը հագեցած է հատուկ սարքավորումներով, որի նպատակն է բնակչությանը տեղում մատուցել անհրաժեշտ ծառայություններով: Դա թույլ է տալիս նույնիսկ հեռավոր գյուղերում բնակիչներին արդարադատության ոլորտին վերաբերվող ծառայություններ մատուցել:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]