Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրման տվյալները

Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը 
ներկայացրել է հայտարարագրման տվյալները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ զգալի թվով պաշտոնատար և վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  15-50 մլն ՀՀ դրամ կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ` մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ` մոտ 70 անձ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ  «Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձևով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու անձանց առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը:

2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն։

Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հաշվետվողականության համար Հանձնաժողովը խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը դիտարկում է որպես ռիսկային գործոն: Այդ հիմքով Հանձնաժողովը դիտարկում է խոշոր կանխիկ գումարի առկայությունը հայտարարագրերի համալիր վերլուծության իրականացման համար որպես հիմք ընդունելու հնարավորությունը:

Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է նաև օրենքով սահմանված պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում հաշվի է առնվում նաև խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը, ինչը կարող է ազդել համապատասխան պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության գնահատականի վրա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]