Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են 
ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hունվարի 27-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը:

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող եւ Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին եւ իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը եւ բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարեւորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը եւ համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը: Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման եւ կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ եւ իրավակիրառ պրակտիկայի:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]