Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Ադրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի. Միրզոյան

Ադրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար 
անընդունելի. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝  ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:

Հունվարի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկներ ունի, որը Ռուսաստանը փոխանցելու է Բաքվին: «Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», - ասել էր Լավրովը:

Հունվարի 19-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ  ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանին և գործընկերներին։ 

Այնուհետև Ադրբեջանից հնչել էին հայտարարություններ, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատման հարցում, ինչին հետևեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում էր, որ սահմանազատռման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: «Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- «Արմենպրես»-ին ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]