Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Էմիլ Թամոյանի հիշատակին

Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել 
Էմիլ Թամոյանի հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներն հունվարի 30-ին իրենց հարգանքի տուրքն են մատուցել զինակից ընկերոջ՝ ոստիկանության մայոր, ազգությամբ եզդի Էմիլ Թամոյանի հիշատակին:

Էմիլ Թամոյանը ծանրամարտիկ էր ու մարզական հոգեբան, աշխատում էր ոստիկանության Մուշի բաժնում որպես ավագ օպրելիազոր, պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես կամավորագրվել և մեկնել էր Արցախ։ Վիրավորվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ Էմիլի մայրը՝ Շողիկ Թամոյանը նշեց, իր որդին հայրիկի նման հայրենասեր էր: Հայրը՝ փոխգնդապետ Արտուշ Թամոյանը ևս ոստիկանության ուժերում էր ծառայել, եղել է ազատամարտիկ, բանաստեղծ: 

«Միշտ զանգում հույս էր տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, երեխաներին, ծնողներիս լավ կնայես, անպայման կվերադառնամ»,- նշեց Էմիլ Թամոյանի կինը՝ Գայանե Թամոյանը՝ պատմելով, որ ռմբակոծության հետևանքով Էմիլը կորցրել էր աջ ձեռքը։ Ստեփանակերտում վիրահատելուց հետո նրան տեղափոխել էին Գորիս, այնուհետև՝ Երևան:

Էմիլն արդեն կազդուրվում էր, անգամ աշխատանքի էր գնում. ոստիկանությունը հնարավորություն էր տվել մնալ և աշխատել համակարգում։ Պատրաստվում էր պրոթեզավորման, սակայն 2021 թվականի հունվարի 30-ին Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով զոհվում է ոչ միայն Էմիլը, այլ նաև հայրը՝ Արտուշ Թամոյանը։

«Թեև ամուսինս ավտովթարի զոհ է դարձել, բայց մահվան պատճառը պատերազմն էր, պատերազմը որ չլիներ, Էմիլը չէր զոհվի»,- ասում է կինը:

«Վիրավորումից հետո ասում էր, մա՛, ես լավանամ, էլի հետ եմ գնալու: Ասում էր՝ մեր հայրենիքն է, պետք է պաշտպանենք: Եթե այստեղ ենք ապրում, ուրեմն իմ հայրենիքն է ու պաշտպանելու եմ»,-պատմում է Շողիկ Թամոյանը:

Էմիլն ու Գայանեն 3 զավակ ունեն: Ավագը՝ Արտուշը, որոշել է հայրիկի հետքերով գնալ ու ոստիկան դառնալ: «Մեծ որդիս 10 տարեկան է, ուզում է հայրիկի գործը շարունակել, ասում էր՝ պա, գիտես, ոստիկան պետք է դառնամ, իրար հետ ոստիկանի շոր հագնենք ու դուրս գանք տնից»,-ասում է Գայանեն։

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]