1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չի համարում. «Արմենպրես»-ի հարցազրույցը դեսպան Ջոն Գալագերի հետ

Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չի համարում. 
«Արմենպրես»-ի հարցազրույցը դեսպան Ջոն Գալագերի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ ընդգծելով, որ Բրիտանիան լիովին աջակցում է Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների պատմության, վերջին երեք տասնամյակներին իրականացված աշխատանքի և ընթացիկ դինամիկայի մասին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի դեսպանը գոհունակությամբ արձանագրել է երկկողմ կապերի աճը առևտրի և բիզնեսի ոլորտում, մշակութային կյանքում և մարդկանց միջև, ինչպես նաև՝ կանաչ զարգացման ու կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հավակնոտ մոտեցումներին աջակցելու բնագավառում:

Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը դեսպան Գալագերը համարում է իր և Հայաստանում իր ղեկավարած դեսպանության կարևոր առաջնահերթությունը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ բրիտանական կառավարությունն այժմ աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը:

 

- Պարոն դեսպան, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Բայց կարծում եք՝ այդ կարճ ժամանակահատվածն իսկապես արտացոլո՞ւմ է հայ-բրիտանական հարաբերությունների ողջ պատկերն ու խորությունը: Ինչպե՞ս կբնութագրեք հայ-բրիտանական հարաբերությունները մեր օրերում:

- Շնորհակալություն հարցի համար: Համաձայն եմ, որ Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերությունները շատ ավելի երկար տարիների պատմություն ունեն, քան 30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. վերջին, իսկ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո Հայկական ԽՍՀ-ին ամենանշանակալի աջակցություն ցուցաբերած երկրներից էր, մասնավորապես երբ վարչապետ Մարգարեթ Թետչերը 1990 թվականին այցելեց Հայաստան և Գյումրիում պաշտոնապես բացեց Լորդ Բայրոնի անվան դպրոցը: Այդ ժամանակից ի վեր մենք բազմաթիվ նախարարական այցեր ենք ունեցել: Դրանցից ամենավերջինը անցյալ տարվա փետրվարին Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախկին նախարար Ուենդի Մորթընի այցն էր Երևան և Վանաձոր: Հուսով եմ, որ ապագայում ևս կլինեն նման բարձրաստիճան այցեր:

Իհարկե, մեր երկրների միջև կապերն ու ընդհանուր պատմությունը շատ ավելի ընդգրկուն են, քան կառավարությունների միջև կապը: Ինձ շարունակում է զարմացնել ինձ հանդիպած այն հանրաճանաչ հայերի քանակը, ովքեր ուսանել են Միացյալ Թագավորության համալսարաններում: Աճում են կապերը երկկողմ առևտրի և բիզնեսի ոլորտում, մշակութային կյանքում և մարդկանց միջև, ինչպես նաև՝ կանաչ զարգացման ու կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հավակնոտ մոտեցումներին աջակցելու բնագավառում:

Այսպիսով, կարծում եմ, որ առաջիկայում՝ գալիք 30 տարիների ընթացքում և դրանից հետո, Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ավելի շատ հնարավորություններ կունենան փոխհարաբերություններն ու շփումները մեր ժողովուրդների և մշակույթների միջև է՛լ ավելի զարգացնելու ուղղությամբ միասին աշխատելու համար:

- Հետաքրքիր է լսել նաև Ձեր մեկնաբանությունն այն մասին, թե առհասարակ ի՞նչ հետաքրքրություններ ունի Մեծ Բրիտանիան Հայաստանի հետ հարաբերություններում, մեր տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում: Որո՞նք են, Ձեր կարծիքով, հայ-բրիտանական հարաբերությունների գլխավոր առաջնահերթությունները:

- Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ աջակցություն կառավարման և տնտեսական բարեփոխումներին, երկկողմ առևտուր, մշակութային և կրթական նախաձեռնությունների միջոցով մարդկանց միջև ավելի ամուր կապերի խթանում և աջակցություն կլիմայի փոփոխության նվազեցման հավակնոտ պարտավորություններին:

Ուրախ եմ, որ կարողացանք աջակցել Հայաստանի կառավարության՝ բարեփոխումներին ուղղված ջանքերին՝ կիսելով բրիտանական փորձը: Կարծում եմ, որ սա դրական ներդրում է ունեցել վերջին տարիներին կառավարման և ժողովրդավարացման ոլորտում Հայաստանի գրանցած տպավորիչ առաջընթացի մեջ:

Ես նաև քաջատեղյակ եմ, որ վերջին 18 ամիսներն անչափ դժվար են եղել Հայաստանի համար՝ COVID-19-ի և Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության պատճառով: Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որն ուղղված է հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: Մենք նաև ֆինանսավորում ենք տրամադրել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ սահմանամերձ համայնքներում մասնագիտական ուսուցման և հոգեբանական աջակցության միջոցով դիմակայունությունն ամրապնդելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ, Միացյալ Թագավորությունը դրական ներդրում ունի Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացման գործում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել կառավարության, խորհրդարանի և գործարար կառույցների հետ՝ բացահայտելու այն ոլորտները, որոնցում մեր փորձը կարող է դրական փոփոխություն մտցնել:

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն քննադատական տեսակետները փորձագետների կողմից, որ Հայաստանը և Մեծ Բրիտանիան կարող էին ավելին անել երկկողմ հարաբերություններում առկա բավական մեծ ներուժը իրացնելու համար՝ առաջին հերթին ընդլայնելով հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտը, որն առայժմ բաղկացած է մոտ 10-12 համաձայնագրերից, հուշագրերից և հայտարարություններից, և ավելի շատ համաձայնագրեր ու այլ փաստաթղթեր ստորագրել ռազմավարական ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու և ակտիվացնելու մասին: Կամ գուցե շատ աշխատանք է իրականացվում, բայց դրա մասին շատ չի՞ խոսվել հրապարակայնորեն:

- Դա այն է, ինչի ուղղությամբ մենք ներկայումս աշխատում ենք և ինչը ես կարևոր առաջնահերթություն եմ համարում իմ և Հայաստանում իմ ղեկավարած դեսպանության համար: Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայումս համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք այս մասին լրացուցիչ հայտարարություններով հանդես գալ:

- Բրիտանիայի կառավարության Միջազգային առտևրի վարչության հաղորդած տվյալներով՝ 2020 թ. հունիս-2021 թ. հունիս ժամանակահատվածում Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը (արտահանում + ներմուծում) կազմել է 64 մլն բրիտանական ֆունտ ստեռլինգ (ավելի քան 87 մլն ԱՄՆ դոլար): Ինչպե՞ս կարող են Երևանը և Լոնդոնը ընդլայնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները: Կա՞ն արդյոք մասնագիտական վերլուծություններ կամ կանխատեսումներ, թե ինչ ճանապարհով կարելի է խթանել առևտրատնտեսական հարաբերությունները:

- Անշուշտ, Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ առևտրի հետագա ընդլայնման հնարավորություն կա: Սա մի բան է, որի ուղղությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք: Հայաստանը հայտնի է իր զարգացող ՏՏ ոլորտով, և վերջին ամիսներին մենք դրական ազդանշաններ ենք տեսել ընկերությունների կողմից՝ երկու ուղղություններով ընդլայնելու իրենց գործունեությունը:

Աճի մյուս կարևոր ոլորտը վերականգնվող էներգիան է: Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցել մաքուր էներգիայի ոլորտի խթանմանը։ Ներկայումս մենք օժանդակում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Գործարարության աջակցման գրասենյակի հետ համագործակցությանը՝ Հայաստանում գործարար ոլորտում կանաչ զարգացման սկզբունքներն ինտեգրելու հնարավորությունները բացահայտելու նպատակով: Այս աշխատանքը մի քանի նպատակ է հետապնդում՝ շրջակա միջավայրի պահպանում, ավելի կանաչ զարգացման հեռանկարների բացահայտում և հայկական ընկերությունների մրցունակության խթանում միջազգային մակարդակում: Բրիտանական ընկերությունները նաև գործակցել են Հայաստանի իշխանությունների հետ՝ ցանցերի արդիականացման ոլորտում և Երևանի քաղաքապետարանի հետ՝ մաքուր էներգիայի նախաձեռնություններին շուրջ:

Այսպիսով, կարծում եմ՝ կան բազմաթիվ հնարավորություններ երկկողմ առևտրի ընդլայնման համար՝ ինչպես վերը նշված, այնպես էլ՝ ավելի լայն շրջանակ ընդգրկող ոլորտներում:

- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվելո՞ւ են: Եվ նախատեսվա՞ծ են արդյոք բարձր մակարդակի այցեր Մեծ Բրիտանիայից Հայաստան մոտ ապագայում:

- Մենք նախատեսում ենք մի շարք միջոցառումներ իրականացնել 2022 թվականի ընթացքում՝ նշելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պարզ է, որ համաճարակային իրավիճակն այս պահին խոչընդոտում է ցանկացած լայնածավալ միջոցառման կազմակերպմանը: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ կկարողանանք ամռանը կազմակերպել Նորին Մեծություն թագուհու ծննդյան ավանդական երեկույթը, որը կարևոր հնարավորություն կլինի նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Ես նաև անհամբեր սպասում եմ հունիսին Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականի այցին, որն իսկապես հետաքրքիր իրադարձություն կլինի: Ինչ վերաբերում է բարձրաստիճան անձանց այցերին, ապա, իհարկե, հուսով եմ, որ այս տարի ևս նման այցերի հնարավորություններ կլինեն:

- Կուզեի՝ անդրադառնայինք նաև Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումներին և հետպատերազմական իրավիճակին 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Ինչպե՞ս է Միացյալ Թագավորությունը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը: Այլ խոսքերով՝ ո՞րն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի և մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բազմիցս հրապարակայնորեն արված այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, քանի որ Ադրբեջանը լուծել է այն: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց չկա 44-օրյա պատերազմից հետո:

- Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Մենք նաև մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, ականազերծումը և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը: Տարածաշրջանի հետագա կայունության և բարեկեցության համար կենսականորեն կարևոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ:

- Մենք եռակողմ աշխատանքային խմբի գործընթացների նկատմամբ որևէ անմիջական վերահսկողություն չունենք, սակայն սահմանազատման, սահմանագծման և տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթացը կդիտարկենք որպես դրական քայլ: Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների զարգացմանը:

- Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նոր երկկխոսություն է սկսվել երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 14-ին Մոսկվայում: Ի՞նչ դեր կարող է խաղալ Միացյալ Թագավորությունը այս գործընթացում որպես միջազգային հարաբերությունների կարևոր դերակատար:

- Ինչպես նախորդ հարցին տրված պատասխանի դեպքում՝ այս պարագայում էլ պիտի ասեմ, որ Միացյալ Թագավորությունը բանակցային գործընթացի մաս չէ, բայց մենք դրականորեն կդիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց: Ըստ հաղորդագրությունների, երկու կողմերն արդեն դրական քայլեր են անում հարաբերությունների վերագործարկման ուղղությամբ: Կարծում եմ՝ երկու երկրների ժողովուրդների միջև շփումների և համագործակցության հաստատման հնարավորություն ընձեռող գործողությունները լավ քայլ են, և բաց սահմանները երկու երկրներին իրենց ներուժը իրացնելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում:

 

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]