Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրական միջոցառմամբ նշվեց «Հայաստան» հրատարակչության 100-ամյա հոբելյանը

Գրական միջոցառմամբ նշվեց «Հայաստան» հրատարակչության 100-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակիչները, գրողները, մշակութային տարբեր գործիչները և ընթերցողները գրական ցերեկույթով տոնեցին «Հայաստան» հրատարակչության 100-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը, որն ուղեկցվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական ելույթներով, տեղի ունեցավ փետրվարի 10-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, որը զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը, ասաց, որ այն մեր իրականությունում ամենաբեղուն գործունեությունը ծավալած հրատարակչությունն է և հայտնի է ունիվերսալիզմով, որովհետև հրատարակել և շարունակում է լույս ընծայել գեղարվեստական, գիտական, երաժշտական, երաժշտագիտական արվեստին և այլ ոլորտներին նվիրված գրականություն:

«Ես «Հայաստան» հրատարակչության տնօրեն դարձա շատ դժվար ժամանակներում, երբ փլուզվել էլ խորհրդային գրահրատարակչությունը, և մենք գոյատևման խնդիրը պետք է լուծեինք: Բարդ շրջան էր ոչ միայն տնտեսական ճգնաժամի առումով. փոխվեց գրահրատարակչական գործը: Գուտենբերգի՝ ժամանակակից գրքի տպագրության տեխնիկային փոխարինեց համակարգչային մեթոդը, և մեր գործունեությունը գլխիվայր շուռ եկավ: Շատ ջանք գործադրեցինք, բայց հաղթանակեցինք»,-շեշտեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հրատարակչության տպաքանակները նվազել են, սակայն կարողացել են պահպանել «Հայաստան»-ի ակունքներում կանգնած մարդկանց թողած ավանդույթները:

Սարգսյանն ընդգծեց՝ հրատարակչությունում աշխատել են Ռուբեն Զարյանը, Մկրտիչ Սարգսյանը, Գևորգ Արշակյանը, Վիգեն Խեչումյանը, մարդիկ, որոնք կազմավորել են հրատարակչությունը: Նրանց ժամանակ գրքերը լույս են տեսել 50-100 հազար տպաքանակով:

Վահագն Սարգսյանը տեղեկացրեց, որ հրատարակչությունն առաջիկայում լույս է ընծայելու ժամանակակից հայ հեղինակների գործեր, «Ռուս պոեզիայի անթոլոգիա»-ի վեցերորդ հատորը:

Հրատարակիչ, խմբագիր Հովհաննես Այվազյանը հիշեցրեց, որ հիմնադրման սկզբնական շրջանում «Հայաստանի» հնարավորությունները սահմանափակ են եղել, քանի որ 20-ական թվականներին հեղափոխության հաղթանակն էր անհրաժեշտ գովերգել: Այվազյանն ասաց, որ հրատարակչության բաժիններից մեկի վարիչն է եղել Եղիշե Չարենցը, որը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ տպագրել են ամենայն հայոց բանաստեղծի հատորը: «Չարենցն աշխատել է նաև Հակոբ Կոջոյանի հետ՝ նրան վստահելով բոլոր գրքերի տպագրությունները: Այդպես ճաշակ էր ձևավորվում: Այս հրատարակչության միջոցով սկիզբ առավ արևելահայ գրականության հրատարակչական մշակույթը, ձևավորվեցին գլխատառը, անվանաթերթը և այլն»,-շեշտեց Հովհաննես Այվազյանն ու հավելեց՝ ոլորտում մրցակցությունը մեծ է, սակայն «Հայաստանը» շարունակում է գոյատևել և պահպանել լավագույն ավանդույթները:

«Հայաստան» հրատարակչությունը հիմնվել է 1921 թվականի հունիսի 10-ին Ալեքսանդր Մյասնիկյանի կողմից վավերացված դեկրետով: Մինչև 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն»՝ «Հայպետհրատ»: Այն հրատարակում է հասարակական-քաղաքական, գիտական, գիտահանրամատչելի, գյուղատնտեսական գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ ևս։

Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ, որոնցից են «Կուսհրատը», «Քաղհրատը», «Խորհրդային գրողը», «Հայպետգիտտեխհրատը»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]