1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեխայի հանդեպ չափից շատ ուշադրությունը որոշակի սահմանից հետո կարող է վնասակար լինել. հոգեբան

Երեխայի հանդեպ չափից շատ ուշադրությունը որոշակի սահմանից հետո կարող է 
վնասակար լինել. հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբանների հետ աշխատանքը այն կարևոր գործընթացներից է, որ ցանկացած անձ պետք է հասկանա և անհրաժեշտության դեպքում միանշանակ թե՛ իր, թե՛հարազատների կամ երեխաների համար առանց մտածելու դիմի օգնության: Կյանքում հաճախ բախվելով տարբեր դժվարությունների, փորձությունների և սթրեսների, որի հետևանքով իրավիճակից միայնակ դուրս գալը դառնում է անհնար, միանշանակ պետք է չխուսափել և դիմել հոգեբանի օգնությանը: 

Ճիշտ հոգեբան ընտրելու, առկա խնդիրների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում իր փորձով ու խորհուրդներով կիսվել է հոգեբան, «Նալչաջյան Կենտրոն»-ի տնօրեն Կարինե Նալչաջյանը:

-Տիկին Նալչաջյան, ձեր կարծիքով ինչպե՞ս ընտրել ճիշտ հոգեբան, որպեսզի լինի լիարժեք արդյունք:

-Գիտեք դա բավականին լուրջ և նուրբ հարց է, և կարելի է կարծել, որ պետք է ընտրել լավ հոգեբան, ինչպես ընտրում են բժշկին՝ նայելով փորձառությանը, հաջողություններին: Լավ հոգեբան հասկացությունն էլ կա, բնականաբար, մասնագետը պետք է պրոֆեսիոնալ լինի, բայց բոլոր դեպքերում մարդը ինքն է ընտրում իր հոգեբանին, և դա կախված է խնդրի բնույթից և կոնտակտի ձևավորումից: Հոգեբանը պետք է լինի նա, ում հետ անմիջապես ստացվում է կոնտակտը, և մարդը իրեն ապահով ու հանգիստ է զգում:

- Որոնք  են այն  հիմանական հոգեբանական խնդիրները, որոնք առաջանում են մարդկանց մոտ և կա արդյոք տարբերակ խուսափելու դրանցից:

-Գիտեք ինչ մարդկային տառապանքները բազմաբնույթ, բազմագույն են, իհարկե կան որոշակի դասակարգումներ, օրինաչափություններ որոնք՝ մենք մասնագետներս գիտենք: Սակայն բոլոր դեպքերում ինչպես Թումանյանն է ասել «Ամեն մի մարդ մի աշխարհ է..» դու ուղակի տեսնում ես, թե քո իմացած օրինաչափությունները ինչպես են դրսևորվում:

Կարող եմ ասել, որ շատ են հանդիպում տագնապի նևրոզները, մարդիկ տառապում են իրենց ներքին տագնապներից: Տագնապը պետք չէ շփոթել վախի հետ, այն տրամաբանական հիմք չունի, մարդը հասկանում է, որ ինքը չունի վախի պատճառներ: Նույնիսկ ասում է, որ ամեն ինչ ունի երջանիկ լինելու համար, բայց  ներքին տագնապները  թույլ չեն տալիս ապրել և վայելել:

 Շատ են հանդիպում ցածր ինքնագնահատական և թերարժեքության զգացողություն ունեցող մարդիկ: Երբ նայում ես մարդուն ու երբեք մտքովդ չի անցնում, որ նա կարող է թերարժեքության զգացողություն ունենալ ու դրա համար օբյեկտիվ հիմքեր էլ չունի, բայց պարզվում է այդպես է: Այս դեպքերում մենք գնում ենք դեպի մանկություն:  

- Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ կա անհրաժեշտություն հոգեբանի մոտ այցելելու:

-Ծնողական ինտուիցիան բավականին ուժեղ է, և շատ հաճախ իրենք հասկանում են, որ երեխայի մոտ ինչ-որ բան այն չէ նույնիսկ ամենափոքր տարիքում, և դա շատ ողջունելի է, որովհետև ինչքան ավելի փոքր տարիքում ես շտկումներ անում, այնքան երեխայի հոգեկան զարգացումը ավելի ապահով վիճակում է գտնվում: Երեխաների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, երբեմն իրենք սիմպտոմներ են ստեղծում, իհարկե ենթագիտակցորեն, որպեսզի ծնողներին բերեն հոգեբանի մոտ և դու տեսնում ես, որ խնդիրը ծնողների մեջ է: Այսպիսի մի բան ասեմ՝ երեխան երջանիկ է, երբ ծնողներն իրար սիրում են, ու շատ հաճախ երեխաների  խնդիրները գալիս են ծնողներից ու երեխայի հետ աշխատելն, ըստ էության, նաև ծնողների հետ աշխատանք է:

-Ի՞նչ անեն ծնողները, որպեսզի կարողանան պաշտպանել երեխաներին և խուսափեն  հոգեբանական տարբեր խնդիրներից:

-Ինձ համար շատ թանկ գաղափար է ծնողներին հոգեբանական գիտելիքներ և գրագիտություն հաղորդելը, քանի որ հղիության ընթացքից սկսած երեխաների մոտ կարող են առաջանալ ճգնաժամային փուլեր, դրա համար չպետք է խուսափել հոգեբանների մոտ այցելելուց և պետք է նորաստեղծ ընտանիքները փորձեն տարբեր հավաստի աղբյուրներից, դասընթացներից  ստանալ գիտելիքներ, որպեսզի կարողանան կանխել խնդիրները: Եվ մի կարևոր կետ էլ նշեմ, որ չափից շատ ուշադրությունը, գերխնամքը, երբ ամեն ինչ ուզում ես անել, տալ երեխային, որոշակի սահմանից հետո դառնում է վնասակար: Նույնը կարելի է ասել նաև երեխային համապատասխան ուշադրություն չտալու դեպքում. պետք է փորձել ամեն ինչ անել բալանսավորված:

-Կա՞ անհրաժեշտություն երեխաներին  փոքր տարիքից ժամանակ առ ժամանակ տանել հոգեբանի մոտ:

-Ցանկացած տարիքում, եթե ծնողները նկատում են երեխայի մոտ ընդհանուր զարգացման օրինաչափությունների հետ կապված ինչ-որ ակնհայտ երևացող խնդիր, անպայման պետք է դիմեն հոգեբանին, բայց գիտեք անընդհատ հոգեբանի հետ կոնսուլտացիա անելն էլ ճիշտ չէ: Այսինքն, պետք է այցելել, երբ անհրաժեշտություն կա: Իմ  խորհուրդն է, եթե երեխաների մոտ կան տագնապային թեթև զգացողություններ և վախ, կարելի է նրանց  տանել հատուկ կենտրոններ, որտեղ շատ առողջ մեթոդներով և արագ կվերացնեն խնդիրները: Սրանով ծնողները կխուսափեն հետագայում մի շարք հոգեբանական խնդիրների բախվելուց:

-Ի՞նչ անել, երբ ընտանիքում կա հոգեբանական խնդիր, բայց ընտանիքի անդամները խուսափում են բարձրաձայնելուց և հոգեբանի օգնությանը դիմելուց։

-Նշեմ, որ նախ պետք է շատ հստակ լինի տարբերակումը հոգեբանի և հոգեբույժի, մարդիկ պետք է հասկանան, որ դրանք բացարձակ տարբեր մասնագիտություններ են: Սեփական փորձից ելնելով ասեմ, որ շատ են գալիս հոգեբանների մոտ, պարզապես  կողքի մարդիկ և հարազատները տեղյակ չեն լինում: Մեծ ուրախությամբ նշեմ, որ մեզ մոտ այդ մշակույթը ձևավորվում է, բայց ամեն դեպքում այն խնդիրը, որ մարդիկ խուսափում են հոգեբանի այցելել, դեռևս կա: Բացի դրանից, որ այդ մշակույթը պետք է ձևավորվի, մարդիկ պետք է անպայման իմանան, որ դա գաղտնի է, դա իրենց իրավունքն է, իրենք կարող են այցելել հոգեբանին, և ոչ ոք դրա մասին տեղյակ չլինի:

Իսկ այն, որ ընտանիքում խուսափում են ընդունել, որ իրենց երեխան ունի հոգեբանական խնդիրներ և խոսակցություններից խուսափելու համար չեն այցելում հոգեբանի մոտ, իմ կարծիքով խոսում է ցածր կրթական մակարդակի մասին: Մի քիչ գիտակից ու կրթված մարդիկ հասկանում են, որ կա օգնության կարիք և իրենք միայնակ, առանց մասնագետի խնդիրը չեն լուծի: Մարդիկ պետք է գիտակցեն, որ շատ կարևոր է անհրաժեշտության դեպքում  համագործակցել հոգեբանների հետ: Մի կարևոր բան ասեմ՝ որտեղ մարդ, այնտեղ հոգեբանություն, իսկ մարդը ամենուր է:

Գայանե Գաբոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]