1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց... Ռաֆայել Քոթանջյան

Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց... Ռաֆայել 
Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Ռաֆայել Քոթանջյանը կյանքի ռիթմից չի հեռացել։ 79-ամյա դերասանը, չնայած իր պատկառելի տարիքին, այսօր էլ շարունակում է դերեր կերտել, ապրել եռուն ստեղծագործական կյանքով եւ համալրել իր ֆիլմադարանի անվերջանալի շարքը։ Դերասանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է կինոյում կերտած իր նոր դերի մասին, մատնանշել թատերական կյանքի այսօրվա մարտահրավերները եւ կիսվել թիկունքում թողած տարիների, փորձի մասին:

-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ինչպե՞ս եք արվեստագետի ձեր մտքերն իրացնում:

-Մի ֆիլմի մեջ եմ նկարվել, Գոռ Վարդանյանի հեղինակած ֆիլմն է, որն, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի: Այս ֆիլմում կերտել եմ հոր կերպար, որը կորցրել է իր թոռանն ու որդուն: Ֆիլմը էկրան կբարձրանա մոտավորապես երկու-երեք ամսից: Աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Ամբողջապես պատրաստ լինելուց հետո կխոսենք այդ մասին: Կարծում եմ՝ հանրությունը հաճույք կստանա այդ ֆիլմը տեսնելով: Բավականին հետաքրքիր արվեստագետներ կան այնտեղ՝ յուրովի մտահաղացումներով եւ կատարումներով։ Ֆիլմի անունը դեռեւս չի որոշվել:

-Դուք արվեստի այն կոլորիտային գործիչներից  եք, ով միաժամանակ տիրապետում է եւ՛ դերասանական, եւ՛ ռեժիսորական հմտություններին։ Ասացե՛ք խնդրեմ՝ ի՞նչն է պակասում այսօր մեր մշակույթին, կինոարվեստին:

-Դժվար շրջան ենք ապրում: Արվեստի հետ կապված դժվարանում եմ հիմա խոսել:  Երբ անելիքը շատ է լինում, ես գիտեմ՝ ինչ եմ ասում եւ ինչպես եմ ասում: Հիմա քչացել է այդ ամենը: Ձեր հարցերն ինձ համար հաճելի են, նշանակում է՝ սպասում կա: Կենցաղը շատ մեծ նշանակություն ունի: Տեսնելով իմ շրջապատի առօրյան, կյանքը՝ ինձ շատ է մտահոգում այն հանգամանքը, որ այսօր արվեստը մի երկու-երեք քայլ հետ է գնացել: Այն սպասումները, որ բոլորս ունեինք, դեռ սպասման մեջ է, եւ այդպես էլ կմնա սպասման մեջ: Ես հիմա կուզեի այնպիսի իրավիճակ լինի, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն լինեն, մարդիկ գան թատրոն մեծ մասշտաբի գործեր տեսնելու: Ահա այն ամենը, ինչին մենք հիմա կարոտ ենք եւ սպասում ենք:

-Հարցազրույցների ժամանակ ասել եք, թե պիտի ճարտարապետ դառնայիք։ Ճարտարապետից դերասան մեկ քայլ չէ, ինչպե՞ս տեղի ունեցավ այս որոշումը, ո՞վ էր Ձեր մուսան։

-Բանն այն է, որ իմ հայրը, որը բավականին մտածող, խելոք մարդ էր, երազում էր, որ ճարտարապետ դառնամ: Մեր տանը ճարտարապետության մասին շատ մեծ գրականություն կար, ես դրանով էի զբաղվում: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ հերթական անգամ տեղափոխվեցինք։ Եկանք Երեւան։ Ընդունվեցի Մայակովսկու դպրոց։ Ինձ դասավանդող ռուսերենի ուսուցչուհին ժամանակին երազել էր դերասանուհի դառնալ: Եվ, քանի որ նա դրանով էր տարված, դրանով էր ապրում, իր սաների մեջ սերմացրեց թատերական արվեստն այն աստիճան, որ ես ընտրեցի հենց այդ արվեստը: Սկսեցի խաղալ դերեր, որոնք նույնիսկ մեծ հասակում դերասանները դժվարանում են խաղալ: Այսպես, կամանց-կամաց որոշվեց, որ ես պիտի դառնամ ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան եւ այդպես էլ գնաց: Իմ կյանքը կողմնորոշվեց այնպես, որ ես ընտրեցի այն, ինչը ես սիրում եմ, զբաղվեցի դրանով այնպես, ինչպես ես սիրում եմ: Անմնացորդ նվիրվեցի իմ գործին, արդյունքում տեսնում եք այն, ինչ տեսնում եք:

-Եթե կյանքի անիվը հետ պտտեիք, ի՞նչ կփոխեիք:

- Բացարձակ ոչ մի բան: Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց, արել եմ այն, ինչին ես կոչված եմ:

-Կյանքի կարեւորագույն խորհուրդը, որ տալիս եք Ձեր շրջապատին եւ ինքներդ Ձեզ:

-Եղիր այն ինչ-որ կաս, եւ արա այն ինչին կոչված ես:

-Ձեզ տագնապող, անհանգստացնող երեւույթներ կա՞ն:

-Չէ, բացարձակ:

-Ի՞նչը կփոխեիք աշխարհում:

-Օ, աշխարհն այնքան բաներ ունի փոփոխելու: Ես գտնում եմ, որ աշխարհը առանց այն էլ ինքն իրեն փոխվում է: Այն, ինչը մի տասը տարի առաջ մարդկանց կհետաքրքրեր, հիմա դառնում է ծիծաղելի եւ անհետաքրքիր: Իմ թոռնիկները այնքան հետաքրքիր են կարողանում այսօրվա բոլոր ժամանակակից սարքերից օգտվել: Ես հասկանում եմ, որ իրենց դարն է, եւ իրենք այս դարի մեջ շատ ճիշտ կողմնորոշվել են: Աստված տա, որ կարողանան տնօրինել իրենց ժամանակն ու կյանքը այնպես, ինչպես  ուզում են:

-Ինչի՞ց եք երջանկանում:

-Տեսնելով թոռնիկներիս:

-Օրվա ֆիլմը, ի՞նչ նայել այսօր։

-Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը:

-Օրվա գիրքը, Ձեր կյանքի գիրքը:

-Շատ գրքեր կան, որ ես չեմ պատկերացնում, որ դրանք կարդացած չլինեի: Դրանք շատ են, բայց առանձնացնում եմ Աստվածաշունչը: Մոտենալ գրքին որպես ինֆորմացիայի աղբյուր, անիմաստ է: Գիրքը պետք է ընկալել իբրեւ կյանք: Կարդացե՛ք Աստվածաշունչը:  

-Ձեզ հաճախ ենք տեսնում փողոցում հանդարտ քայլելիս, ոչ մի տեղ չշտապելիս, լուռ, մտազբաղ։ Ու՞ր եք գնում Երեւանում, մայրաքաղաքի Ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է։

-Յուրաքանչյուր տեղ Երեւանում ինձ համար սիրելի է: Ես 5-10 րոպեով նստոտում եմ ցանկացած տեղ՝ նստարան լինի, աթոռ լինի, կապ չունի: Երեւանը շատ եմ սիրում, եւ պատճառներից մեկը այն է, որ ուրիշ ձեւ չեմ պատկերացնում իմ կյանքը, ամեն ինչ այնպես է գնում, ինչպես պիտի ընթանար՝ իմ զգացողությամբ եւ սպասումով:

Լիանա Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]