1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ֆրանսիա

Մեկնարկել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքում։  Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարել եկեղեցու տարածքում, հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշել է, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի։ «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,-ընդգծեց հոգևոր առաջնորդը՝ գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը ։

«Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։ Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվեցին արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման, ինչպես նաև ուսուցիչների սակավության խնդիրները։ Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց դպրոցի ուսուցչական անձակազմին, շրջայց կատարեց և փոքրիկ զրույց ունեցավ աշակերտների հետ։ Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց ունեցավ նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տեղեկացմամբ՝ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։

«Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրեց Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ․ այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասեր»-ը ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,-նշել է քաղաքապետը։

«Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-ընդգծել է գլխավոր հանձնակատարը։

Նշվում է, որ Ֆրանսիա այցի շրջանակներում գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, որտեղ ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստանի տնտեսական հնարավորությունները, պատասխանել ներկա գործարարների հարցերին։ Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման վերաբերյալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]