1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մարդ ինչ էղնի-չեղնի՝ տաղանդավոր չեղնի»: Նա երազում էր իր հարյուրամյակը նշել… Կարսում

«Մարդ ինչ էղնի-չեղնի՝ տաղանդավոր չեղնի»: Նա երազում էր իր հարյուրամյակը նշել… 
Կարսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազվադեպ է լինում, երբ օպերային արտիստը, որ սովոր է թագավորների կամ իշխանների դերեր մարմնավորել, պատեհ առիթի դեպքում հաղթական մուտքով նշանավորի իր հայտնությունը նաեւ կինոարվեստում, դառնա մանավանդ կենցաղային մանրապատում դերերի անզուգական դերասան: Խոսքը օպերային հայտնի երգիչ Հենրիկ Ալավերդյանի՝ մեր սիրելի Բասոյի մասին է, որի եսն ամփոփում էր մի քանի արվեստագետների՝ երգչին, դերասանին, նկարչին: «Մարդ ինչ էղնի-չէղնի՝ տաղանդավոր չէղնի…». իր խոսքերն են՝ ասված կես լուրջ, կես կատակ: Իսկ ինքը տաղանդավոր էր, ներաշխարհ ունեցող անհատականություն:

Կենսախինդ, բարի ու հումորով առլեցուն արվեստագետը խոսքաշեն Գյումրու ծնունդ է: Ուսանել է մայրաքաղաքի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 24 տարեկանում աշխատանքի անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մեներգիչ: «Ալմաստ» օպերայում Նադիր շահ էր, «Դավիթ Բեկում»՝ Դավիթ Բեկ, «Արշակ Երկրորդում»՝ Վասակ Սպարապետ, Արշակ Երկրորդ, «Սեւիլյան սափրիչում»՝ Դոն Բազիլիո, «Դոն Ժուանում»՝ Դոն Բազիլիո… Եվ ոչ միայն այս բարձրակարգ մարմնավորումները, որոնցով նա արդեն իսկ ապահովել էր իր սիրված լինելն ու օպերային երգչի համբավը: Բայց նա երազում էր խաղալ նաեւ կինոյում. «Այ, որ մի օր կինոյում նկարվեի, ինչ լավ կէղներ…»: «Լավ կէղներ» ոչ միայն իր՝ Հենրիկ Ալավերդյան երգչի համար, այլեւ հայ կինոյի, որն այդ ժամանակներում փառավորվում էր համաժողովրդական սեր ու հռչակ ձեռք բերած դերասաններով՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, այլ մեծեր: Այս իրողությունը, սակայն, չէր կաշկանդելու դերասանական շռայլ տաղանդով օժտված արտիստին՝ «ներխուժելու» այդ ասպարեզ եւ կինոյում առաջին իսկ նկարահանումներով հայտնի դառնալ ու փնտրված: Վերհիշենք «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Հրդեհ», «Ճերմակ անուրջներ», «Օտար խաղեր» «Հայֆիլմի» ամենահաջողված ու երբեւէ չմաշվող-չհնացող կինոնկարներում մեր սիրելի Բասոյի մարմնավորած անխամրելի դերակատարումները՝ մեկը մյուսից գունեղ, տպավորիչ ու ինքնատիպ: Խուզարկու ու անսխալական կինոռեժիսորները ճանաչել էին նրա տաղանդը, այլապես չէինք ունենալու իմպրովիզի վարպետ այս կինոդերասանին: Ափսոս, որ որպես այդպիսին՝ լիարժեքորեն չօգտագործվեց նրա տաղանդը, եւ սակավ եղան ալավերդյանական մնայուն կերպարները կինոժապավեններում: Իսկ երգիչ-դերասանին այնքան էլ երկար կյանք չէր վերապահված՝ ընդամենը 54 տարի, թեեւ ինքը երազում էր հարյուրամյա իր հոբելյանը նշել նախնիների բնօրրան Կարս քաղաքում…

Ինչեւէ. պատեհ է առիթը՝ լսելու իրեն. «Կինոյում նկարահանվելու առաջին հրավերն ստացա ռեժիսոր Հովիկ Հախվերդյանից: Դա «Սերոբի ծառը» ֆիլմն էր: Անմիջապես համաձայնեցի, քանի որ միշտ էլ շատ եմ ցանկացել նկարահանվել, բայց երբեք չեմ կարծել, թե կարող է նման առիթ ներկայանալ: Առիթը ներկայացավ, եւ ռեժիսորը նկարահանումներից մեկի ժամանակ նույնիսկ ասաց. «Լսեք, սա տաղանդավոր դերասան է…»:  Ափսոս, մեկը չկար, որ լսեր, գրեր ու թերթում տպեր…

…Ամեն անգամ, երբ ամեն մի ռեժիսոր ինձ հրավիրում էր, անմիջապես համաձայնում էի, քանի որ արդեն, բացի նրանից, որ ուզում էի նկարահանվել, կապվել էի այդ աշխարհին: Ինձ թվում է՝ կինոյի աշխարհը մի անգամ մտնողը դժվար թե կարողանա դրանից հրաժարվել: Չեմ ուզում ասել, թե դա մի իդեալական բան է, ընդհակառակը՝ ունի հազար ու մի թերություն, հազար ու մի բացասական կողմ: Բայցեւ անբացատրելի մի հմայք… Իսկապես, կինոն հազար ու մի թերություն ունի: Մի անգամ էլ նկարահանումների պատճառով նույնիսկ խայտառակ եմ եղել. մի օր աշխատանքից հետո, երբ տուն գնացի, կինս ասաց, որ զանգահարել է ռեժիսորը եւ ասել, որ վաղը առավոտյան ժամը վեցն անց կեսին լինեմ Կիեւյան կամրջի վրա, նկարահանում է լինելու: Արթնացա ժամը հինգին, լուրջ պատրաստվեցի, նախաճաշեցի եւ գնացի նշանակված տեղը: Կամուրջը մեր տնից հեռու չէ: Հասա վեցն անց կեսից մի քանի րոպե առաջ: Ոչ ոք չկար: Սկսեցի սպասել: Շուտով վեցն անց կեսն անցավ: Սպասեցի կես ժամ, մի ժամ՝ ոչ ոք չկա: Մեկ էլ տեսնեմ՝ հեւիհեւ, անհանգստացած դեպի ինձ է վազում մեր հարեւանը.

Հենրիկ ջան, էս ի՞նչ է եղել, հը՞, ինչի՞ ես էս ժամին էստեղ կանգնել… Ասա, այ տղա, բան-ման հո չի՞ պատահել…

Հաջորդ օրը բարկացած գնացի ռեժիսորի մոտ. «Ծո, դուք ընձի ինչի՞ տեղ կդնեք… Խայտառակ էրիք… Մանդր մարդ էլ չեմ, որ չտեսնին. 130 կիլո եմ, է՛… Առավոտ կանուխ կարմնջի վրեն կերթամ-գուկամ, տեսնողներն էլ կկարծեն, թե կյանքիցս ձեռ եմ քաշել…»:

Բասոյի կյանքից զվարճալի, տրամադրություն բարձրացնող դեպքերը շատ են: Այդպիսի մեկն էլ Հրաչյա Գասպարյանի գրառումն է. «Վանաձորում «Հրդեհ» ֆիլմն էր նկարահանվում: Նկարահանումից հետո գյումրեցիներով՝ ես, Մհեր Մկրտչյանը, Հենրիկ Ալավերդյանը՝ Բասոն, Արտյուշա Գյոդակյանը որոշեցինք գնալ թոք ու ջիգյար ուտելու: Որտեղ որ նստած էինք, աթոռները բզկտված էին, վրայի կաշիները պոկված, եւ տակից գուբկաներն էին երեւում: Ուտելու ժամանակ  հանկարծ պատառաքաղս կպավ այդ գուբկային եւ թոք ու ջիգյարի չափ մի պատառ հայտնվեց պատառաքաղիս վրա: Ես ինձ չկորցրեցի, անմիջապես թաթախեցի թոք ու ջիգյարի մեջ, իսկ Բասոն, որ այդ ժամանակ խառնված բան էր պատմում, չնկատեց: Առիթը չկորցրեցի՝ խմելուց հետո անմիջապես դրեցի Բասոյի բերանը: Նա ուղիղ հինգ րոպե բերանի մեջ աջ ու ձախ էր տանում գուբկեն: Ես, Ֆրունզը ու Արտյուշը (նրանք նույնպես նկատել էին) ծիծաղից թուլացել էինք ոչ թե Բասոյի պատմածի, այլ կատարվածի վրա: Բասոն ասաց.

-Տղեք, կայնեք, հանկարծ չուտեք, լրիվ հում է մնացել…»:

Անմեղ կատակ, որով ապրում էր նաեւ ինքը՝ Բասոն: Տխուր է, սակայն, որ առնական կազմվածքով տաղանդավոր երգիչն ու դերասանը կյանքին հրաժեշտ տվեց կես դարը հազիվ անց տարիքում: Իսկ նրա վերջին ներկայացումը  հեռավոր Լոս Անջելեսում էր՝ 1989 թ. մայիսի 27-ին. ծանր հիվանդ էր, թատրոնի ղեկավարները համոզում-հորդորում էին չբարձրանալ բեմ, չերգել: Բայց նա, միեւնույն է, երգելու էր Քյոխվայի դերերգը «Անուշ» օպերայից: Ավաղ, դա նրա կարապի երգն էր լինելու, եւ մշակութային մի մեծ կենսատարածք ամայանալու էր իր բացակայությունից: Բացակայություն, որն ավելի շատ է ընդգծում նրա ներկայության արժեքը…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]