1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կրթության զարգացման պետական ծրագիրը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում

Կրթության զարգացման պետական ծրագիրը քննարկվել է ռեկտորների խորհրդի 
նիստում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 18-ին տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծերը:

«Անդրադառնալով ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման հարցին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է վերանայել պետական պատվերի քաղաքականությունը և հստակեցնել դրա հատկացման նպատակն ու ուղղությունները: Նրա խոսքով՝ այս բարդագույն հարցում էական են երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների առաջարկները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհերից ստացվել են համապատասխան առաջարկներ, որի արդյունքում այս տարի նախատեսվել է ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ըստ փոխնախարարի՝ ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծին՝ Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող հիմնական ռազմավարական ուղղությունները: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրում ամրագրվել է, որ պետական և ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում: Երկրորդ ուղղությունն այն է, որ պետք է մշակվեն համապատասխան բուհական ստանդարտներ, այդ թվում՝ ըստ մասնագիտությունների, և այս առումով պետության կողմից բոլոր բուհերը պետք է ունենան նույն մոտեցումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ բուհերը պետք է առնվազն գրանցվեն հայտնի ռեյտինգային համակարգերում, որտեղ սահմանված են հստակ միջազգային չափանիշներ: Նա նաև կարևորել է դասախոսների համալրման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև այն խնդիրը, որ ամեն բուհ հնարավորություն չունենա տրամադրելու երրորդ մակարդակի կրթություն: Այս հարցում, ըստ Կարեն Թռչունյանի, պետությունը կսահմանի հստակ ու խիստ չափանիշներ:

«Ծրագրում սահմանել ենք նաև հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչև 2030 թվականն առնվազն չորս բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, ինչպես նաև բուհական համակարգում բոլոր մասնագիտություններով կրկնապատկվի օտարերկրյա ուսանողների քանակը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ անելու են հնարավորը՝ հասնելու նախանշած թիրախներին:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Նա կարևորել է օրենքում ամրագրված մինչև 2030 թվականն արդյունքային շրջանակի ապահովման խնդիրը՝ այդ հարցում կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկման գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության ոլորտում առկա մի շարք մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին: Վահրամ Դումանյանը փաստել է, որ պետությունը պետք է չմիջամտի մասնագիտական կրթության ոլորտի գործընթացներին, այլ ձևավորի այնպիսի միջավայր, որպեսզի բուհերը համապատասխանեն միջազգային չափանիշներին: Նախարարը կարևորել է նաև պետական և ոչ պետական բուհերի՝ մրցակցային նույն դաշտում լինելու հանգամանքը:

Նիստին մասնակից ռեկտորները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են պարզաբանումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]