1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլայ Սիլաևն առաջարկում է երկխոսություն սկսել ռուս և ադրբեջանցի փորձագետների հետ

Նիկոլայ Սիլաևն առաջարկում է երկխոսություն սկսել ռուս և ադրբեջանցի 
փորձագետների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և հայ փորձագետները ցանկանում են երկկողմ երկխոսությունը փորձագիտական մակարդակում դնել ինստիտուցիոնալ այնպիսի ամուր հիմքի վրա, որը մի կողմից կմիավորի ազդեցիկ քաղաքական վերլուծաբաններին ու մեկնաբաններին, ակադեմիական շրջանակներին, մյուս կողմից էլ կապ կապահովի քաղաքականություն ձևավորող շրջանակների հետ: ՌԴ ԱԳՆ համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՈ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը վերջին օրերին Երևանում հայ փորձագիտական հանրության հետ քննարկել է այդ հարցը:

«Արմենպրես»-ին տված ամփոփիչ հարցազրույցում ռուսաստանցի հեղինակավոր միջազգայնագետը բացատրեց հայ-ռուսական փորձագիտական երկխոսության մշտական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:

Փորձագետը ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, որի նշանակությունը հիմա գնալով աճում է: Ու նաև Ռուսաստանի դերն է աճել Հայաստանի համար: Բայց, միևնույն ժամանակ, երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը շատ հաճախ մնում է ներքաղաքական վեճերի «թունավոր» ազդեցության տակ, և Մոսկվայում ու Երևանում երբեմն լավ չեն ըմբռնում փոխադարձ մոտեցումներն ու քաղաքականությունները այս կամ այն հարցի վերաբերյալ: Եվ փորձագիտական հարթակը, Նիկոլայ Սիլաևի կարծիքով, կարող է նպաստել այդ խնդրի լուծմանը:

ՄԳԻՄՈ-ի առաջատար գիտաշխատողը նաև պատմեց, որ Երևանում հայ փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկումների փորձագիտական հարթակ ստեղծելու  հեռանկարները:

- Բարև Ձեզ, պարոն Սիլաև: Շատ ուրախ եմ Ձեզ նորից հանդիպելու Երևանում: Մենք տեղեկացանք, որ Դուք Երևան եք եկել աշխատանքային հանդիպումների համար: Կպատմե՞ք, թե ո՞րն է Ձեր այցի կոնկրետ նպատակը և թեման, որը քննարկվել է այդ հանդիպումների ժամանակ:

- Բարև Ձեզ: Ես ուզում էի Հայաստանի գործընկերների հետ քննարկել առաջին հերթին այն հարցը, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում ռուս-հայկական փորձագիտական երկխոսության մշտական հարթակ ստեղծելու գաղափարին, տեղի՞ն է, պե՞տք է արդյոք դա:

Պարզ է, որ հայ-ռուսական շփումներն առանց այդ էլ շատ ակտիվ են, բայց, ըստ իս, միևնույն է, երկու կողմից էլ պակասում է միմյանց մոտիվների, հետաքրքրությունների, արտաքին քաղաքական ռազմավարությունների ըմբռնումը, և իմ կարծիքով՝ այդպիսի հարթակը օգտակար կլիներ փորձագիտական երկխոսության համար, որը մի կողմից կմիավորեր քաղաքագետներին, ազդեցիկ քաղաքական վերլուծաբաններին և մեկնաբաններին, միջազգայնագետներին, պատմաբաններին, ակադեմիական շրջանակներին, իսկ մյուս կողմից էլ «ելքեր» կունենար դեպի քաղաքականություն մշակող և քաղաքական որոշումներ ընդունող շրջանակներ: Իսկ ես աշխատում եմ ՄԳԻՄՈ-ում, մենք այն կազմակերպություններից մեկն ենք, որը շատ նյութեր է գրում Ռուսաստանի իշխանության մարմինների, առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության համար արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ, և ինձ թվում է, որ ՄԳԻՄՈ-ն այն հարմար գործընկերն է Ռուսաստանի կողմից, որը կարող է մասնակցել այդ աշխատանքին:

Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ այս երկու հարցերը, ըստ իս, մեծամասամբ անկախ են իրարից, ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս են իմ հայ գործընկերները նայում կրկին փորձագիտական մակարդակով հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ քննարկումների հեռանկարներին: Նման փորձեր արվել են և արվելու են, բայց կուզեի հասկանալ Հայաստանի փորձագիտական հանրության տրամադրությունները: Չեմ վերապատմելու՝ ինչ են Հայաստանի գործընկերներն ասել եռակողմ երկխոսության վերաբերյալ, միայն կարող եմ ասել, որ տեսակետները, բնականաբար, շատ տարբեր էին:

Ինչ վերաբերում է ռուս-հայկական փորձագիտական երկխոսության հանդեպ հետաքրքրության ամրապնդման խնդրին, ապա այս հարցի կապակցությամբ բոլորն էլ համակարծիք են, որ դա անհրաժեշտ է: Հարցն այն է, թե ինչպե՞ս կարելի է այն ամրապնդել, ինչպե՞ս այն դնել ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա, ընդ որում՝ այնպիսի հիմքի, որը կապահովեր կապը նաև քաղաքականություն ձևավորող շրջանակների հետ:

Պիտի շեշտեմ, որ այստեղ կարևոր խնդիրներից մեկն այն է, որ շատ հաճախ ռուս-հայկական հարաբերությունների հարցը հայտնվում է ռեզոնանսի մեջ ներքին քաղաքականության հետ՝ ընդ որում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում: Եվ ինձ թվում է, որ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման կարևոր նախապայմաններից մեկը մեր դաշինքի հարցը ներքաղաքական ընթացիկ վեճերի շրջանակներից դուրս բերելն է, որովհետև Հայաստանում, իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են Ռուսաստանի հետ դաշինքին, բայց առայժմ նրանց ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, և ընդհանուր առմամբ կա համենայն դեպս հրապարակայնորեն հայտարարված կոնսենսուս (փոխհամաձայնություն) այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են, և դաշինքը պետք է ամրապնդվի:

Մյուս կողմից, Ռուսաստանում էլ, չնայած հստակ գիտակցությանը, որ «Հայաստանը մեր դաշնակիցն է, շատ կարևոր դաշնակից է», ուզում եմ ընդգծել՝ դաշնակից, որի նշանակությունը հիմա գնալով աճում է…

- Այն էլ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում:

- Այո, այո: Ու նաև Ռուսաստանի դերն է աճել Հայաստանի համար: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ երկու կողմն էլ օգուտ ստանան այդ դաշինքից: Այդուհանդերձ, Ռուսաստանում հրապարակայնորեն հնչեցվում են ազդեցիկ կարծիքներ, բուռն քննարկումներ են լինում «գունավոր հեղափոխությունների», հետխորհրդային տարածության ժողովրդավարացման վերաբերյալ՝ ի՞նչ է դա, սպառնո՞ւմ է արդյոք Ռուսաստանին և այլն: Այդպիսով, 2018 թ. իրադարձություններից հետո ռուս-հայկական հարաբերությունները երբեմն Ռուսաստանում քննարկվում են ոչ այդքան արտաքին քաղաքական, որքան ներքաղաքական համատեքստում, և Ռուսաստանում ու Հայաստանում մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ երկկողմ հարաբերությունները պաշտպանված լինեն ներքաղաքական իրավիճակների, այսպես ասած, թունավոր ազդեցությունից:

- Ինչպե՞ս են հայաստանցի փորձագետները վերաբերվում հայ-ռուսական փորձագիտական մշտական հարթակ ստեղծելու գաղափարին, ի՞նչ տրամադրություններ շոշափեցիք նրանց հետ շփման ընթացքում:

- Ինձ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Հայաստանի իմ գործընկերների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ պետք է ամրապնդել Ռուսաստանի հետ դաշինքը, պետք է ամրապնդել կապերը, այդ թվում՝ փորձագիտական մակարդակով, և որ մեր երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների, մեր դաշինքի ամրապնդմամբ և զարգացմամբ: Բայց, միևնույն ժամանակ, ենթադրում եմ, որ Ռուսաստանի դիրքը և կեցվածքը այս կամ այն հարցի կապակցությամբ երբեմն լավ չի բացատրվում, միշտ չէ, որ այդ մասին հստակ, մանրամասն հայտարարվում է: Այս ոլորտում աշխատելու տեղ իսկապես կա:

- Իսկ ի՞նչ եռակողմ հանդիպման մասին էիք խոսում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով:

- Ես առայժմ չէի ուզի խոսել հանդիպման մասին, քանի որ խոսքը ինչ-որ պլանավորման մասին չէ: Ո՞րն է այսօր Ռուսաստանի քաղաքականության տրամաբանությունը: Տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանը հանդես է գալիս իբրև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության պահպանման առանցքային երաշխավոր, և մենք հետաքրքրված ենք նրանում, որ մեր այդ երաշխիքները պայմանավորված լինեն ոչ միայն ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությամբ, այլև ավելի ինտենսիվ դիվանագիտական շփումներով, տրանսպորտային կապերի բացման խնդրի լուծմամբ և ձեզ շատ լավ հայտնի ամբողջ օրակարգի առաջմղմամբ:

Գիտեք, նման դեպքերում իմ գործընկերներն օգտագործում են «վստահության ամրապնդում» և նմանատիպ այլ արտահայտություններ են: Բայց ես չեմ կարող խոսել վստահության ամրապնդման մասին, քանի որ միանգամայն ակնհայտ է, որ այդ անվստահությունը շատ մեծ է, և տարաձայնությունների չափերը շատ մեծ են:

- Ոչ թե պարզապես տարաձայնությունները, այլ ատելությունը, թշնամանքը, ագրեսիվ հռետորաբանությունը և այլն:

- Այո: Եվ այս պայմաններում ցանկացած քայլ, որը կնպաստի ատելության կրճատմանը, շատ կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ նմանատիպ յուրաքանչյուր քայլ ամրապնդում է Ռուսաստանի տրամադրած երաշխիքները: Սրանում է կայանում Ռուսաստանի քաղաքականության տրամաբանությունը:

Ես հասկանում եմ, որ Հայաստանում մարդկանց զգալի մասն իր տրամաբանությունը կարող է ունենալ, որը դետալներով կարող է և չհամընկնել ռուսական տրամաբանության հետ: Դա նորմալ է: Եվ երկրորդը՝ Հայաստանում իմ գործընկերներից շատերը կարծում են, որ ադրբեջանական կողմի հետ նմանատիպ երկխոսությունը տեղին չէ, ժամանակին չէ, պատեհաժամ չէ և այլն: Իմ անձնական տեսակետը այդ հարցի վերաբերյալ այն է, որ դիվանագիտությունը իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ տարաձայնություններ կան: Եթե տարաձայնություններ չկան՝ դիվանագիտության կարիք էլ չկա, այդ թվում՝ հանրային դիվանագիտության և փորձագիտական երկխոսության: Իմ կարծիքով՝ դիվանագիտության իմաստն ու կոչումը կայանում, այդ թվում նյութական ինչ-որ թուլություններ փոխհատուցելու մեջ: Ինչպես դա փայլուն կերպով ցույց տվեց Թալեյրանը Վիեննայի համաժողովում:

- 1815 թվականին:

Այո: Բայց խնդիրը նաև այն է, որ հասկանանք՝ ինչպե՞ս են դրան նայում Հայաստանում: Իմ հայ գործընկերները շատ լավ և մանրամասն նկարագրեցին, թե ինչպե՞ս են իրենք դա տեսնում եմ: Ճիշտ չի լինի, որ հրապարակայնորեն վերապատմեմ իրենց տեսակետները: Ամեն դեպքում, գնահատականի, այդպիսի երկխոսության հեռանկարների, այդպիսի երկխոսության հնարավոր օրակարգի տեսանկյունից դրանք շատ օգտակար և շատ հետաքրքիր հանդիպումներ էին:

- Եվ ի՞նչ եզրահանգումներ եք արել այդ հանդիպումներից, ի՞նչ արդյունքներ եք գրանցել:

- Ուզում եմ ասել, որ մոտեցումները տարբեր են, հարցը մնում է և դեռ շատ երկար ժամանակ կմնա շատ զգայուն և շատ ցավոտ: Բայց ես իմ հերթին շարադրեցի իմ տեսլականը և իմ մոտեցումները, իմ տեսակետները փորձագիտական մակարդակով այդպիսի երկխոսության հեռանկարների վերաբերյալ: Արդեն ասացի, որ դիվանագիտությունը, ինչպես ասում են՝ «Second track diplomacy»-ն («Երկրորդ ճանապարհի դիվանագիտություն») իմաստ ունի, անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ տարաձայնություններ կան: Եվ քանի որ տարաձայնություններ ակնհայտորեն կան, հետևաբար նաև երկխոսության անհրաժեշտություն կա:

- Դա Ռուսաստանի այսօրվա քաղաքական մոտեցո՞ւմն է՝ ակտիվացնելու և սկսելու ինչ-որ երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

- Երկխոսությունը ընթանում է քաղաքական, միջպետական մակարդակում, և վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի բոլոր գործողությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ռուսաստանը աջակցում է այդ երկխոսությանը: Ինչ վերաբերում է երկխոսությանը փորձագիտական մակարդակում, ապա ես այժմ իմ խնդիրն եմ համարում ոչ թե այդ երկխոսությունն ինչ-որ կերպ առաջ մղելը, այլ հասկանալը՝ ինչպե՞ս են դրան նայում իմ գործընկերները այստեղ՝ Երևանում: Քաղաքագետները, միջազգայնագետները, արևելագետները և այլոք: Եվ այդ իմաստով ճիշտ չի լինի ասել, թե այժմ ֆիքսված է ռուսական ինչ-որ հստակ դիրքորոշում, որ «այո՛, եկեք» սկսենք», «մենք ուզում ենք», «առա՜ջ» և այլն: Ես փորձում էի բացատրել՝ ինչու Ռուսաստանը կարող է հետաքրքրված լինել դրանում, քանի որ ցանկացած երկխոսություն ամրապնդում է խաղաղության այն երաշխիքները, որոնք այստեղ տրամադրել է Ռուսաստանը: Մենք հետաքրքրված ենք այդ ամրապնդմամբ, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ կարող են լինել ամենատարբեր մոտեցումներ, և իմ խնդիրը պարզելն է, թե ի՞նչ մոտեցումներ կան այստեղ:

- Խնդիրն այն է, որ վերջին պատերազմից հետո ամեն ինչ, այդ թվում՝ քաղաքական գործընթացների հանրային ընկալումներն ու պատկերացումները այնքան են խճճվել, նույն Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական տիրույթում և ավելի լայն տարածաշրջանում այնքան շատ զուգահեռ պրոցեսներ են ընթանում, որ արդեն պարզ չէ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մե՞ջ են մտնում, թե՞ առանձնացվել են, որովհետև նույն եռակողմ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների համաձայն քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանի ապաշրջափակման, սահմանազատման աշխատանքներ սկսելու ուղղությամբ: Հետևաբար, այս պայմաններում արժե նախ հասկանալ, թե նման երկխոսության հեռանկարը ո՞ր գործընթացի շրջանակում է դիտարկվում: Այսինքն՝ արդեն պայմանավորվածությո՞ւն կա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կամ հաշտեցման վերաբերյալ, որ հանրային երկխոսություն սկսելու հարցն է քննարկվում: Դուք գիտեք, որ Բաքուն խոսում է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատելու մասին, բայց Հայաստանի ԱԳ նախարարը, երբ նրանք հարցրեցին, թե «որո՞նք են ձեր կարմիր գծերը» այդ հարցում, առաջին հերթին ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով լուծելու անհրաժեշտությունը:

- Փորձագետների մակարդակով երկխոսությունը մեկ թույլ կողմ ունի, որը միաժամանակ նաև նրա ուժեղ կողմն է: Նա չի ենթադրում կողմերի քաղաքական պարտավորություններ: Դա նշանակում է, որ մարդիկ, որոնք ներգրավված են այդպիսի երկխոսության մեջ, կարող են քննարկել հարցերի շատ ավելի լայն շրջանակ և քննարկել դրանք շատ ավելի ազատ, քան դա անում են դիվանագետները: Դրանում է «Երկրորդ ճանապարհի դիվանագիտության» իմաստը, որ անհրաժեշտության դեպքում խոսեն ազատ, մանրամասն և կաշկանդված չլինեն քաղաքական պարտավորություններով ու կոնկրետ պայմանավորվածություններով, որոնք դիվանագետի համար հրամանի բնույթ ունեն:

Մենք հասկանում ենք, որ աշխարհում հրաշքներ չեն լինում, և միամիտ կլիներ ակնկալել, որ մարդիկ արագորեն կհամաձայնեն «Երկրորդ ճանապարհի դիվանագիտության» ձևաչափին: Բայց այդպիսի ձևաչափը թույլ է տալիս նոր գաղափարներ մշակել, թույլ է տալիս ավելի մանրամասնորեն հասկանալ մյուս կողմի դիրքորոշումը, թույլ է տալիս փնտրել ինչ-որ նոր քայլեր, որոնցից հետո դիվանագետները կարող են օգտվել կամ չօգտվել: Խոսքը դրա մասին է, եթե այդ գաղափարը մի օր գործնական բնույթ ստանա:

- Իսկ կարելի՞ է իմանալ, թե փորձագետներից ո՞ւմ հետ եք հանդիպել: Եթե, իհարկե, գաղտնիք չէ:

- Ես շատերի հետ եմ հանդիպել, նրանց անունների թվարկումը երկար ժամանակ կպահանջի, և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի: Այսպես կասեմ՝ հանդիպել եմ Հայաստանի իմ գործընկերների հետ, որոնք ներկայացնում են գիտական տարբեր դիսցիպլինաներ, մասնագիտական տարբեր ոլորտներ և տարբեր քաղաքական հայացքներ: Ըստ իս՝ դա միանգամայն բնական է, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե կարծիքների ի՞նչ տարրապատկեր կա Երևանում:

- Ադրբեջանական փորձագետների հետ համանման հանդիպումներ լինելո՞ւ են Բաքվում այդ երկխոսության հարցի վերաբերյալ:

- Գիտեք, ես վերջերս եմ եղել Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի գծով, որը Ռուսաստանի կողմից կազմակերպում է Միջազգային հարցերով ռուսական խորհուրդը (РСМД), և այնտեղ՝ այդ հանդիպման շրջանակներում հնարավորություն եղավ քննարկել այդ թվում այն հարցը, որի մասին խոսեցինք վերևում: Եվ ես տպավորություն ստացա, որ իմ ադրբեջանցի գործընկերները ավելի շատ հայկական կողմի հետ այդպիսի փորձագիտական երկխոսության օգտին են տրամադրված:

 

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]