1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետերբուրգցի տղաների հայաստանյան տեխնոլոգիական բացահայտումները. ներկայացվել է վիրտուալ ցուցահանդես ու գիրք

Պետերբուրգցի տղաների հայաստանյան տեխնոլոգիական բացահայտումները. 
ներկայացվել է վիրտուալ ցուցահանդես ու գիրք

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակներ Սանկտ Պետեբուրգից Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը ձեռնամուխ են եղել ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացումները՝ սկսած խորհրդային ժամանակներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ալեքսեյ Պոմիգալովը նշեց, այս ընթացքում զգալի նյութեր են հավաքվել սովետական ժամանակաշրջանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում Հայաստանի ունեցած մեծ հաջողությունների, ներդրած ավանդի մասին: Աշխատանքները սկսվել են 2019 թվականից:

«Մենք աշխատել ենք բազմաթիվ ինժեներների, ծրագրավորողների, այլ մասնագետների հետ, ուսումնասիրել ենք մաթեմատիկական մեքենաների հետ կապված պատմությունները: Պարզ դարձավ, որ խորհրդային ժամանակահատվածում տեխնոլոգիական ոլորտի մշակումների զգալի մասն արվել է Հայաստանում, մասնավորապես Երևանում: Անդրադարձել ենք Մերգելյան ինստիտուտի աշխատանքներին, ձեռքբերումներին: Հասկացանք, որ հսկայական ներուժ է եղել Հայաստանում և այն իրացվել է»,-ասաց Ալեքսեյ Պոմիգալովը:

Ալեքսանդր Անդրեևի խոսքով, այս նախագիծն իրենց համար մեծ բացահայտում էր: Այդ բացահայտումները ոչ միայն կապված էին տեխնոլոգիական զարգացումների, այլև այն միջավայրի, ձևավորված մթնոլորտի հետ, որոնց պայմաններում էլ զարգանում էր ոլորտը:

«Երբ առարկայական սկսեցինք ուսումնասիրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, շատ զարմանալի էր մեզ համար, որովհետև շատ բան չգիտեինք մաթեմատիկական մեքենաների, ինժեներների մասին: Մեզ զարմացրեց այն, թե ինչպիսի մշակութային միջավայր էր տիրում, ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում: Ահա այդ միջավայրում ազատամիտ մթնոլորտ էր ձևավորվել, ինչը նպաստում էր նաև այս ոլորտի զարգացմանը»,-ասաց Ալեքսանդր Անդրեևը: Տեխնոլոգիական այդ վերելքն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայաստանում ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, որոնք կիրառվեցին և մեծ հանրաճանաչություն ձեռք բերեցին ոչ միայն ամբողջ Սովետական միությունում, այլև Արևելյան Եվրոպայում:

Միայն ցուցահանդեսը ներկայացնելով՝ նախագիծը չի ավարտվում: Զգալի աշխատանքներ են իրականացվում դրանց հանրահռչակման ուղղությամբ:  Նախագծին հաջորդող աշխատանքը «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի լույս ընծայումն է, որն օրերս ներկայացվեց Երևանում: «DataArt Armenia»-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշեց, որ գրքի հերոսները մարդիկ են, որոնք տեխնոլոգիական զարգացումների առանցքում են եղել:

«Այն միայն մաթեմատիկական մեքենաների մասին չէ, այլ ամբողջ մշակույթի, այդ ժամանակաշրջանի մասին է: Այն մարդկանց մասին է, որոնք մեծ գործ են արել տեխնոլոգիական ոլորտում: Այդ մարդիկ ներկայացվում են ոչ միայն որպես մասնագետ, այլև իրենց նախասիրություններով, էմոցիաներով: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե ինչ ֆիլմ են սիրել դիտել, ինչ սրճարաններ են հաճախել»,-ասաց Արսեն Բաղդասարյանը:

Թե վիրտուալ ցուցահանդեսը, թե գիրքը մեծ արձագանք է ստացել: Իլյա Կորոբովը նկատեց, որ այնքան մեծ է հետաքրքրությունը, որ շատերը մոտենում են, հստակեցնում են ցուցահանդեսի ուղղությունները, առաջարկում էին նոր նյութեր տրամադրել:

«Եվ այդ առաջարկները ոչ այնքան լրացումների, հավելումների համար են, այլ ծրագրի, նախագծի զարգացման, ինչը շատ ոգևորում է»,-ասաց Իլյա Կորոբովը: Մասնագետները նշեցին, որ բոլոր նրանք, որոնք ունեն սովետական հին համակարգիչներ, դրանցից մնացած մասեր, ապա պատրաստ են վերցնել ու որպես ցուցանմուշ ցուցադրել:

Գիրքը ներկայացված է հայերենով ու ռուսերենով, ակնկալվում է, որ առաջիկայում կլինի անգլերեն տարբերակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]