Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել. Հունգարիայի փոխվարչապետը՝ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել. Հունգարիայի փոխվարչապետը՝ 
Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարացիները մշտապես կիսել են հայերի վիշտը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ցավալի իրադարձության կապակցությամբ։ Բայց նրանք նաև կարծում են, որ ժամանակն է նոր էջ բացել և նայել դեպի ավելի հուսալի ապագա։ Այս մասին նշում է Հունգարիայի Հալածյալ քրիստոնյաների օգնության և hունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը՝ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ համատեղ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

-Պարոն փոխվարչապետ, ինչպե՞ս կբնութագրեք հայ և հունգար ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը և Հունգարիայի բազմադարյա պատմության մեջ հայերի, հայ համայնքի ունեցած ներդրումը։ 

Ժոլտ Շեմյեն. Հայկական համայնքի գործունեությունը Հունգարիայում դարերի պատմություն ունի։ Մեր թագավորը՝ Անդրաշ 2-րդն այցելել է Հայաստան (նկատի ունի Կիլիկյան Հայաստանը, խմբ.) և գրեթե համաձայնության եկել Լևոն 2-րդ թագավորի դստեր հետ իր որդու ամուսնության վերաբերյալ։ Հայկական ներկայության վկայությունն է նաև այն ժամանակվա Հունգարիայի մայրաքաղաք Էստերգոմի արվարձանների անվանումների ծագումը։ 17-րդ դարում հայերը դուքս Միքայել Ապաֆիից ստացան Տրանսիլվանիայում հաստատվելու թույլտվություն և տարբեր արտոնություններ։ Ենթադրաբար 19-րդ դարի կեսերին Հունգարիայի բնակչության 12-15 հազարը եղել են մարդիկ, որոնք ունեցել են հայկական ինքնություն՝ լեզու, կրոն և ծագում։ 1848-1849թթ. հունգարական հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկված 13 գեներալներից երկուսը ծագումով հայ էին` Էռնո Քիշը և Վիլմոշ Լազարը: 1989 թվականին համակարգային փոփոխությունից հետո Հունգարիայում սկսեց աշխուժանալ հայկական հասարակական, մշակութային և կրոնական կյանքը։

-Պարոն պետքարտուղար, 2012թ․ հայտնի դեպքերից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին, որի կապակցությամբ Հունգարիայի այն ժամանակվա ԱԳ նախարարը ցավ և ափսոսանք հայտնեց։ Այնուամենայնիվ, 2004թ. Գուրգեն Մարգարյանի՝ դաժան ոճրագործության անմեղ զոհ դառնալը մինչև օրս շարունակում է հայ հանրության շրջանում ցավոտ հարց մնալ։ Միևնույն ժամանակ, ականատեսը եղանք, որ 2021 թ․ վերջին Հունգարիայի կառավարությունը մեծ բարոյական ժեստ կատարեց՝ միջնորդելով 5 հայ ռազմագերիների՝ ադրբեջանական գերությունից վերադարձման հարցում։ Կարծում եք դա փո՞րձ է նոր էջ բացելու Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերություններում։

Տրիստան Ազբեյ. Հունգարա-հայկական համերաշխությունը հիմնված է մեր ընդհանուր քրիստոնեական հավատքի, մեր մշակութային, կրոնական և կրթական կապերի, և ի վերջո Հունգարիայում հայկական համայնքի և նրանց ժառանգների վրա։ Այս եղբայրական կապն այնքան ամուր է, որ գոյություն է ունեցել նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների կասեցման պայմաններում. օրինակ՝ բուհերի համագործակցության և Հունգարիայում հայկական մշակութային միջոցառումների իրականացման տեսքով։ Սա վերաբերում է նաև մարդկային համերաշխության դրսևորումներին։

Վերջին տարիներին, իմ ղեկավարած հունգարական օգնության ծրագրի շրջանակներում Հունգարիայի կառավարությունն աջակցել է Սիրիայում Հայ առաքելական եկեղեցու վնասված դպրոցի վերականգնմանը, Իրաքի Զախու քաղաքի եկեղեցու վերականգնմանը և օգնություն է տրամադրել Լիբանանում հայ կաթոլիկ ընտանիքներին։ Հայաստանում մենք աջակցել ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և կրոնական հասարակական կազմակերպությունների մարդասիրական և բարեգործական աշխատանքներին։ Բուդապեշտի հայ համայնքը նույնպես բավականին ակտիվ է իր ավանդույթների և նախնիների կրոնի պահպանման հարցում։

Մի քանի ամիս առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին, Ամենապատիվ պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը կաթողիկե համայնքի եկեղեցում մատուցեց հայկական պատարագ։ Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը նույնպես ավելի ու ավելի հայտնի է դառնում: Հունգարիայի կառավարությունը ամենայն աջակցություն է ցուցաբերում մեր տեղական համայնքին, որպեսզի նրանք շարունակեն բարգավաճել:

Հունգարացիները մշտապես կիսել են հայերի վիշտը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ցավալի իրադարձության կապակցությամբ։ Բայց նրանք նաև կարծում են, որ ժամանակն է նոր էջ բացել և նայել դեպի ավելի հուսալի ապագա։

-Պարոն փոխվարչապետ, որքանո՞վ է կարևորվում Հունգարիայում, ներառյալ՝ հանրության շրջանում, հայ-հունգարական հարաբերությունների բարելավումը։

Ժոլտ Շեմյեն. Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն է, ուստի մեր եղբայրական պարտքն է համագործակցել բոլոր հնարավոր ոլորտներում ավելի լավ, առավել եղբայրական աշխարհի համար: Հունգարացի ժողովուրդը լիահույս է, որ դիվանագիտական մակարդակով մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը կվերահաստատվի, որը, մեր կարծիքով, մեկնարկել է անցյալ տարվա ընթացքում գիտական, մշակութային, կրոնական և հումանիտար մակարդակներում:

-Պարոն փոխվարչապետ, ի՞նչ հեռանկարային ուղղություններ կարող եք նախանշել։

Ժոլտ Շեմյեն. Բոլորովին վերջերս Հունգարիայի կառավարությունը հաջողությամբ միջնորդեց Ադրբեջանում պահվող Հայաստանի 5 քաղաքացիների հայրենադարձումը։ Բացի այդ, Հունգարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրեց նաև Covid-19-ի դեմ պատվաստանյութ։

Այս արդյունքները Հունգարիայի ժողովրդի և կառավարության ու հայերի միջև համերաշխության ակտիվ արտահայտությունն են: Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել, և մենք ուրախ ենք, որ այս ամենը նպաստում է մեր ժողովուրդների հարաբերություններն ավելի ամբողջական դարձնելուն և, լիահույս ենք, դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն։

-Պարոն պետքարտուղար, Հունգարիան աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որոնք կառավարական մակարդակով ստանձնել են առաքելություն՝ բացահայտորեն խոսելու քրիստոնյաների ծանր վիճակի մասին, որոնք հալածվում են ամբողջ աշխարհում իրենց հավատքի պատճառով: Ինչո՞ւ է այս հարցը այդքան կարևոր Հունգարիայի համար և ինչպե՞ս է արտահայտվում ձեր աջակցությունը:

Տրիստան Ազբեյ. Անկասկած, Հունգարիայի կառավարությունն աշխարհում առաջին վարչակազմն էր, որը բարձրացրեց հալածվող քրիստոնյաներին պետական մակարդակով օգնելու հարցը: Դրա պատճառն այն է, որ Հունգարիան առաջին երկրներից մեկն էր, որը քրիստոնյաների հալածանքը ճանաչեց մեր ժամանակների ամենաարտահայտված և միևնույն ժամանակ ամենաթաքնված հումանիտար ճգնաժամ. 360 միլիոն մարդ ամբողջ աշխարհում հալածվում և խտրականության է ենթարկվում քրիստոնյա լինելու համար: Հունգարական օգնության ծրագրի նպատակն է տեղում անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ այդպիսով հնարավոր դարձնելով ճգնաժամից տուժած համայնքներին մնալ և բարգավաճել իրենց նախնիների երկրներում:

 

***

ՏԵՂԵԿԱՆՔ. 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության: Ադրբեջանի դիմումի համաձայն՝ 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով, անգամ հերոսացրին: 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]