Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

ՆԱՏՕ-ն չի կռվի Կիեւի համար, իսկ Թուրքիան կդիմանա՞ գայթակղությանը

ՆԱՏՕ-ն չի կռվի Կիեւի համար, իսկ Թուրքիան կդիմանա՞ գայթակղությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ի առավոտյան հայտարարեց «ռազմական հատուկ գործողության մասին»՝ պաշտպանելու համար մարդկանց, ովքեր «ծաղրուծանակի ու եղեռնի են ենթարկվում կիեւյան վարչակազմի կողմից»: Ռուսաստանը, ըստ Պուտինի, հանդես է գալիս Ուկրաինայի «ազգայնական շրջանակների դեմ, ինչպես նաեւ ձգտում է ապառազմականացման»:

Ուկրաինան տեղի ունեցածը «նվաճողական պատերազմ» է անվանել: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ՌԴ-ի գործողությունները բնութագրել են որպես հարձակում Ուկրաինայի վրա: Հաղորդումներ կան Կիեւի ու ուկրաինական այլ քաղաքների շրջակայքում պայթյունների մասին: Ավելին՝ ռուսական զորքերն իրենց կամքն են թելադրում ուկրաինական զինվորականներին եւ նրանց ստիպում են նահանջել:

ՌԴ նախագահն իր ուղերձում, որը հնչել է երեկ, Երեւանի ժամանակով ժամը 06:30-ին, հաղորդել է, որ օգնության խնդրանքով Ռուսաստանին դիմել են Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչել էր նրանց անկախությունը, իսկ մեկ օր անց Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել, որ նախագահը ռուսական զորքերն օգտագործի արտասահմանում:

«Ես որոշում եմ կայացրել ռազմական հատուկ օպերացիայի անցկացման մասին»,-հայտարարել է Պուտինն իր հեռուստաուղերձում, ապա ավելացրել, որ դատարանին է հանձնելու նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների: Նա միեւնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորել ուկրաինական տարածքներ գրավել: Դիմելով ուկրաինացիներին՝ ՌԴ ղեկավարն ասել է. «Այսօրվա իրադարձությունները կապված չեն ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ: Մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ ուղղված սպառնալիքներից: Որքան էլ դժվար լինի, կոչ եմ անում հասկանալ դա»: Պուտինը միաժամանակ ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել հանձնել զենքերը. «Հարգելի ընկերներ, ձեր պապերը գերմանացիների դեմ այն բանի համար չեն պայքարել, որպեսզի այսօր նեոնացիստները զավթեն իշխանությունն Ուկրաինայում: Ձեզ կոչ եմ անում անհապաղ վայր դնել զենքերը: Բոլորը, ովքեր կկատարեն այս պահանջը, կարող են առանց որեւէ խոչընդոտի վերադառնալ տուն»:

Պուտինի հեռուստաուղերձը շարունակվել է 27 րոպե: Նա պատմել է դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին՝ հիշելով Խորհրդային Միության փլուզումը եւ «ուժերի հաշվեկշռի» խախտումն աշխարհում, զուգահեռներ անցկացրել Հայրենական մեծ պատերազմի հետ:

Ռուսական ռազմական օպերացիան կիրառվում է 3 գլխավոր ուղղություններով՝ Դոնբասի, Ղրիմի եւ Հյուսիսային: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ ռուսական զորքերը Հյուսիսային ուղղությամբ մուտք են գործել Բելառուսից, մինչդեռ բելոռուսական լրատվամիջոցները հերքում են դա: Զելենսկին երկրում ռազմական դրություն է հայտարարել: Պատերազմից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահը դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ կոչ անելով չկրակել. «Ձեզ ասում են, որ Ուկրաինան կարող է սպառնալ Ռուսաստանին: Անցյալում նման բան չի եղել եւ չի լինի ապագայում: Դուք ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ եք պահանջում: Մենք էլ մեր անվտանգության համար երաշխիքներ ենք պահանջում ձեզանից, Ռուսաստանից եւ Բուդապեշտի հուշագրի այլ երաշխավորներից»:

Կապված Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ՝ ՆԱՏՕ-ն հրատապ հանդիպում է նախաձեռնել: Հայտարարվել է, որ ռազմական այդ կառույցն ամենախիստ ձեւով դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ անցնել դիվանագիտական երկխոսության: Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ խնդրի դիվանագիտական լուծման դուռը ոչ թե ինքն է փակել, այլ ՌԴ-ն: Ըստ ՆԱՏՕ-ի՝ Կրեմլի նպատակն է վերականգնել իր ազդեցության գոտին եւ «ոչնչացնել կանոնները, որոնք տասնամյակների ընթացքում մեզ համար անվտանգություն էին ապահովել», Ռուսաստանը հարձակվում է «ինքնիշխան խաղաղ ժողովրդի վրա»: Նշելով սա՝ ՆԱՏՕ-ն արձանագրում է, որ ինքը պատմության մեջ ուժեղագույն ռազմական պաշտպանական միությունն է, այդ իսկ պատճառով առճակատում չի փնտրում, պաշտպանում է իր դաշնակիցներին, Ուկրաինայում զորքեր չունի եւ չի նախատեսում ունենալ, չի ստեղծի հակապուտինյան դաշինք (ավելի ուշ Զելենսկին պնդել է, որ մի շարք երկրների ղեկավարների հետ քննարկում է հակապուտինյան կոալիցիայի ստեղծման հարցը) եւ չի պատերազմի Ուկրաինայի համար: Գլխավոր նպատակը Եվրոպայում հակամարտության բռնկումը չթույլատրելն է: Այդուհանդերձ, դաշինքը, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, երկար եւ հետեւողականորեն օգնում է Կիեւին՝ կառուցելու «նոր զինված ուժեր», ավելի լավը, քան 2014 թ.:

Ստոլտենբերգը չի պատասխանել հարցին, թե ՆԱՏՕ-ն նման միջոցառումների փորձ ունի՞: Այսօր կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների վիրտուալ գագաթնաժողովը, որի ընթացքում կմշակվի կազմակերպության գործողությունների պլանը:

Եթե նկատի չունենանք որոշ պետությունների եւ դաշինքների՝ ռուսական գործողությունը դատապարտող կամ Ուկրաինային աջակցության մասին հայտարարությունները, ստացվում է, որ Կիեւը փաստացի մենակ է մնացել, եւ նույնիսկ իր ավստրիացի գործընկերոջ հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի, թե ուկրաինական բանակը որքան կարող է դիմանալ: Ուկրաինայի նախագահը նաեւ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, որոնցով նավերն անցնում են Սեւ ծով: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը: «Հիմա կարեւոր է, թե ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերել Ուկրաինային: Ահա ես դիմում եմ թուրքական վարչակազմին՝ խնդրում եմ, օգնեցեք Ուկրաինային: Մենք պահանջում ենք փակել Դարդանելի նեղուցը: Աջակցությունը, որը կցուցաբերվի մեզ պաշտպանական զենքի տրամադրման միջոցով, նույնպես կարեւոր է»,- հայտարարել է Բոնդարը: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի հրաժարվի համագործակցությունից ոչ Մոսկվայի, ոչ էլ Կիեւի հետ: «Մենք Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական ու ռազմական հարաբերություններ ունենք: Նաեւ քաղաքական ու ռազմական հարաբերություններ կան Ուկրաինայի հետ»,- նշել է նա՝ հասկացնելով, որ հանուն Ուկրաինայի երբեք սպառնալիքի տակ չի դնի շահավետ համագործակցությունը:

Բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ Էրդողանի վրա կարող են ճնշում գործադրել «զենքի ընկերները»: Թուրքերը չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, նաեւ «բայրաքթարներ» են վաճառում ուկրաինացիներին եւ նրանց համար նավեր են կառուցում: Կա եւս մեկ կարեւոր կետ. Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով ազատ անցնելու բոլոր երկրների նավերի իրավունքն ամրագրված է 1936 թ. շվեյցարական Մոնտրոյում ստորագրված «Նեղուցների ռեժիմի մասին» կոնվենցիայով: Եվ նույն կոնվենցիան Թուրքիային իրավունք է տվել վերահսկելու նշված կարեւորագույն ծովային զարկերակները։ Այս իրավիճակը ոչ բոլոր երկրներին է ձեռնտու, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում խոսել, որ արժե այն վերանայել։ Եթե ԱՄՆ-ը սպառնա վերանայել կոնվենցիան, ինչպե՞ս կարձագանքի դրան Թուրքիան։ Ավելին՝ թուրքերին չի ուրախացնում այն փաստը, որ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Իսկ եթե նրանք փակեին նեղուցները ՌԴ ռազմածովային ուժերի նավերի համար, ապա դժվար կացության մեջ կդնեին Սիրիայում ռուսական ռազմակայանները՝ Խմեյմիմ ավիաբազան եւ Տարտուսի ռազմածովային բազան։ Կարո՞ղ է, արդյոք, Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռությունը մեկ հարվածով փոխելու գայթակղությունը գերազանցել զգուշավորությանը:

Թե ինչպիսին կլինեն Թուրքիայի առաջիկա գործողությունները, պարզ կդառնա շատ մոտ ապագայում. Էրդողանն Անկարայում հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որը նվիրված էր ուկրաինական իրադարձություններին։

Հարկ է նշել, որ երեկ ռուսական զորքերին հաջողվեց մի քանի ուղղություններով նշանակալից հաջողություններ արձանագրել: Թվում է՝ Արեւմուտքը պարզապես վախենում է բախվել Ռուսաստանի հետ, սակայն իրականում այս փուլում նա լուծել է իր գերխնդիրը. այս պատերազմն այնպիսի անդունդ է առաջացրել եղբայրական ժողովուրդների միջեւ, որ թվում է՝ նրանք հաշտեցման հնարավորություններ այլեւս չունեն: Ուկրաինան, ըստ էության, վերածվում է Ռուսաստանի դեմ «վստահելի» պլացդարմի: Ռուսներն ու ուկրաինացիներն իսկապես փրկելու բան ունեն, եթե ուզում են չենթարկվել անգլոսաքսոնական սադրանքներին:

 

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]