Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրեթե դատարկ էջում ենք. Մուշեղ Հովսեփյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին

Գրեթե դատարկ էջում ենք. Մուշեղ Հովսեփյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց 
հիմնախնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվության մատչելիությունը կենսական նշանակություն է ստանում հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների պայմաններում։ Խնդիրն առավել բարդ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Օրերս հանրային քննարկման է դրվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի առաջարկը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ–ի կողմից։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, որոշումների կայացմանը նրանց մասնակցության և տեղեկատվության մատչելիության մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։

- Երկու տարի առաջ մեզ հայտնի աղետներին գումարվեց ևս մեկը՝ կորոնավիրուսը։ Ի՞նչ խնդիրների բախվեցին Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձինք։

– Հաշմանդամություն ունեցող մարդիկ համավարակից առաջ էլ ամենաշատ մարգինալացված խմբերից էին։ Դա ենթադրում է, որ ավելի հավանական է՝ նրանք կապրեն աղքատության մեջ, կենթարկվեն բռնության, անտեսման և չարաշահման, իսկ առողջապահությունը, կրթությունը և սոցիալական պաշտպանության համակարգը, հիմնականում, մնում են անմատչելի շատ խմբերի համար։ Դա են վկայում նաև պաշտոնական հետազոտությունները։ Հետևաբար՝ COVID-19-ն անհամաչափորեն ազդեց հենց հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց վրա։ Աջակցություն և քաղաքական կամք էր պահանջվում՝ ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կարողանան օգտվել հիմնական ծառայություններից, ներառյալ՝ առողջապահական և սոցիալական ծառայությունները։ Եվ այդ կամքը դեռ պահանջվում է։

Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք վարակվելու կամ վարակի հետևանքով առաջացած ծանր հետևանքների առումով առանձնապես բարձր ռիսկի խմբում են, Հայաստանի, ինչպես նաև աշխարհի շատ երկրների համար, այդպես էլ չհամարվեցին առաջնահերթություն։ Սրա պարզ ցուցիչներից էր նաև այն, որ չհավաքվեցին և չհրապարակվեցին տվյալներ հաշմանդամություն ունեցող հայաստանցիների շրջանում վարակման, հոսպիտալացման, մահացության, համավարակի հետևանքների վերացման տնտեսական և սոցիալական ծրագրերից օգտվելու վերաբերյալ։ Իսկ առանց տվյալների պետությունները չեն կարող հասկանալ՝ ինչ խնդրի հետ գործ ունեն, ինչ ծավալներով է այն և ինչպես աջակցել մարդկանց։ Դա նվազագույն նախապայման էր մյուս բոլոր գործողություններն արդյունավետ իրականացնելու կամ առնվազն չձախողելու համար։ Եվ այս բանաձևը միայն համավարակների ժամանակ չէ, որ կիրառելի է, այլ՝ բոլոր աղետների ռիսկերի։

– «Աղետների ռիսկի նվազեցումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» ուսումնասիրությանն աջակցել է նաև Ձեր ղեկավարած ՀԿ-ն։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ինչպիսի՞ քաղաքականություն է վարվում Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ, որքանո՞վ է այն ներառական։

– Հաշմանդամության եվրոպական ֆորումն է ուսումնասիրել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հաշմանդամության առումով ներառական աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և պրակտիկայի փորձերը։ Այդ ուսումնասիրությունն արվել էր նախորդ տարի նոյեմբերին կայացած Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին ընդառաջ։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն աջակցել է ուսումնասիրությանը, և դրանում տեղ են գտել աղետների ռիսկերի նվազեցման հայաստանյան քաղաքականության և պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ։ Կազմակերպությունն իր դիտարկումներն արել է՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի» գնահատման նախնական արդյունքները։ 

Ուսումնասիրությունն ավելի շատ կենտրոնացել է դրական փորձերի վրա, քան խնդիրների, թեև խնդիրներ էլ կան նշված։ Առանձին անդրադարձ է եղել նախորդ տարի ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի համապատասխան դրույթներին։ Լավ փորձերից մեկն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք աշխատում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նախարարությունն ապահովում է նրանց աշխատանքային նպաստավոր միջավայրը՝ նախարարության կողմից։ Սակայն այստեղ էլ հարկ է նկատել, որ խոսքը միայն որոշակի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց մասին է, ինչն անտրամաբանական սահմանափակում է և ընդունելի չէ։

Լավ փորձերից է նաև այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը ներառված են ոչ միայն հաշմանդամությանն առնչվող, այլև՝ ոլորտային ռազմավարական փաստաթղթերում։

Ձեր կարծիքով՝ որո՞նք են նկատված բացերի պատճառները։

– Պատճառներից մեկը մասնակցության բացակայությունն է. երբ հաշմանդամություն ունեցող անձինք չեն մասնակցում որոշումների կայացմանը, այդ որոշումները սովորաբար արդյունավետ չեն լինում։ Հաշմանդամություն չունեցող մարդիկ, բնական է, որ չեն կարող պլանավորել և հասկանալ բոլոր մանրամասները, որովհետև գիտելիքը ոչ միայն ձեռք են բերում մասնագիտական գրականություն ընթերցելով (ինչն, իհարկե, պարտադիր է), այլև սեփական փորձով անցնելով դժվարությունների միջով։ Մենք մեր ծրագրերով էլ փորձում ենք մշտապես ապահովել մասնակցությունը` հիմքում ունենալով այն, որ կազմակերպությունը ղեկավարվում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ Այժմ ընթացող ծրագիրը, որն իրականացնում ենք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, հենց այդպես էլ կոչվում է՝ «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին»։

Աղետները ստեղծում են բազմաթիվ նոր խնդիրներ կամ արթնացնում թաքնված խնդիրները։ Մենք գիտենք դա Հայաստանի օրինակով։ Համավարակն ազդեց բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքների վրա։ Պատերազմն էլ նոր արհավիրք էր, որը զուգակցվելով արդեն արտակարգ համարվող իրավիճակին, ամեն ինչ հարցականի տակ դրեց. զբաղվածության անկում, աշխատանքը կորցնելու վախ, հրատապ, բայց անմատչելի տեղեկատվություն, անհասանելի աջակցող սարքեր, որոնք կենսական են մարդկանց համար, մարդկանց մեկուսացում կամ առանձնացում իրենց ընտանիքներից։

– Ուսումնասիրությունում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որոշումների կայացմանը՝ բերելով ԱԻՆ հասարակական խորհրդի և Ճգնաժամային կառավարման կենտրոնների օրինակները։ Արդյոք սա բավարա՞ր է էական առաջընթաց գրանցելու համար։

– Մեր կարծիքով՝ ոչ միշտ է դրական, որ սրանք համարվեն լավ փորձ, քանի որ աշխարհում և հատկապես՝ Հայաստանում ցածր են ակնկալիքները պետական համակարգերից աղետների ռիսկերի նվազեցման մասով։ Եթե պատկերավոր ձևակերպենք, գրեթե դատարկ էջում ենք, որի վրա մատիտով նշումներ կան և պետք է սկսել գրել արդեն գրիչով։

– Ուսումնասիրությունը ներառում է նաև Իտալիայի և Սերբիայի վերաբերյալ տեղեկություններ։ Եթե ծանոթացել եք նրանց փորձին, կխնդրեի համեմատական անցկացնել Հայաստանի հետ։

– Ընդհանրապես, խնդրահարույց է համեմատել, երբ պետությունները գտնվում են անհավասար պայմաններում, և դժվար է գտնել պետություններ, որոնք նման արտաքին և ներքին միջավայր ունեն։ Նույնիսկ, երբ տնտեսական առումով նրանք նմանվող միջավայրում են, տարբեր են սովորույթները, օրենսդրությունն ու քաղաքականությունը։ Այս հարցը հեշտ լուծելի է, երբ պետք է պարզել որևէ հստակ հարցի վերաբերյալ պետությունների հաջողություններն ու ձախողումները, որոնք ոչ միշտ է, որ պայմանավորված են իրենց առանձնահատուկ հատկանիշներով։ Օրինակ՝ Իտալիայի քաղաքականության լավ փորձերից է 2007 թ.-ին ընդունված Վերոնայի խարտիան, որը ցույց է տալիս Իտալիայի աշխատանքների սկիզբը հաշմանդամության առումով ներառական արտակարգ իրավիճակների ուղղությամբ։ Նաև Հրդեհային և փրկարար ծառայությունն աշխատանքային խումբ ունի, որտեղ ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները։ Մատչելի ազդարարման համակարգ կա ներդրված, տվյալների մշակման քաղաքականություն ունեն։

Սերբիայի լավ օրինակներից մեկն այն է, որ համավարակի ժամանակ հանրային հեռարձակման ծառայությունը թարգմանվում էր սերբերեն ժեստերի լեզվով, իսկ Հանրային առողջության ինստիտուտը ՀԿ-ների հետ համագործակցությամբ ներկայացրել էր աուտիզմ ունեցող անձանց շրջանում COVID-19-ի վերաբերյալ պրոտոկոլ։

Բազմաթիվ փորձեր կան, որոնք հնարավոր է ներդնել։ Կան նաև ուսումնասիրություններ, որոնք էլ կապահովեն քաղաքականությունների հետազոտահենք լինելը։ Ինչևէ, անհրաժեշտ է համակարգված, նպատակային ու շարունակական կառավարում և արդյունավետ գործակցություն՝ բոլորի ջանքերն այս հարցում միավորելու համար։

– «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ներգրավված է նաև ոլորտային օրենսդրության մշակման գործընթացում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենքներն իսկապես կիրարկվեն, տեսնենք դրանց պրակտիկ կիրառությունը։

– Մեր կազմակերպությունը թեև նորաստեղծ է, բայց ակտիվորեն ներգրավված է ոլորտային իրավական ակտերի մշակման աշխատանքներում։ Օրինակ, նախորդ տարի կառավարության հետ գործակցությամբ մշակեցինք «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի» նախագիծը։ Այդ նախագծով ընդգծված են առաջիկա առնվազն հինգ տարվա անելիքները։ Մենք կարողացանք ապահովել հաշմանդամություն ունեցող ավելի քան 70 անձի ուղղակի մասնակցություն այդ նախագծի մշակման աշխատանքներին։ Դա չի ենթադրում, որ անձինք ուղղակի նստել են և մեզ հետ մշակել են նախագիծը, այլ հակառակը՝ նրանք ձևակերպել են իրենց ակնկալիքները, մենք դրանք վերափոխել ենք իրավական առաջարկների։ Եվ դրա համար շատ հաճախ ջանքեր պետք չեն՝ միայն ցանկություն և հնարավորություններ։ Օրինակ, մենք ապահովել ենք այդ խորհրդակցությունների մատչելիությունը, ամեն ինչ կազմակերպվել է պարզ, ոչ իրավական լեզվով, որպեսզի հասկանալի լինի բոլորի համար։ Մեր և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունները նաև թարգմանվել են հայերեն ժեստերի լեզվով։ Դրանք նախապայմաններ են, որ ապահովում են մարդկանց մասնակցությունը, հետևաբար նաև՝ օրենքի կիրառությունը։

Օրենքն ընդունվեց մեկ տարի առաջ և մենք սկսեցինք գործել գրեթե նույն ժամանակահատվածից։ Այս տարեսկզբին արդեն աջակցեցինք Կառավարությանը՝ երեք համակարգային փոփոխություն բերող նախագծերի մշակման հարցում։ Այդ նախագծերն առնչվում են անձնական օգնականի, խելամիտ հարմարեցումների տրամադրման կարգերին, ինչպես նաև վեբ բովանդակության մատչելիությանը։

Եվ այս համատեքստում հատկապես կարևոր է, որ պետական մարմինները շարունակեն բաց աշխատել և համագործակցային միջավայր ապահովել։ Միջազգային կազմակերպությունները պետք է ներառական դարձնեն զարգացման բոլոր ծրագրերը և դրանք ուղղեն օրենքի գործնական կիրառմանը և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը։

– Արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու առումով հաշմանդամություն ունեցող անձանց համար պակաս կարևոր չէ տեղեկատվության մատչելիությունը։ Հանրային քննարկման է դրված «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի առաջարկը մշակվել է Ձեր ՀԿ-ի կողմից։ Այս կայքերի վերափոխումն իրենից ի՞նչ է ենթադրում։

– Կայքերը պետք է դառնան հասկանալի։ Դա նշանակում է, որ պետական մարմինների կայքերում տեղ գտած տեղեկությունները պետք է հնարավորինս ընկալելի լինեն տեղեկությունը ստացող ցանկացած անձի համար։ Կայքերից պետք է հնարավոր լինի օգտվել լիարժեքորեն՝ ինչպես մկնիկով աշխատելիս, այնպես էլ ստեղնաշարով, ինչպես անում են տեսողության խնդիրներ ունեցող անձինք։ Կայքերը պետք է ապահովեն, որպեսզի ներկայացված վիզուալ ինֆորմացիան, որը կարևոր է ամբողջ տեքստի իմաստը հասկանալու համար, նկարագրված լինի նաև տեքստային տարբերակով։ Աուդիո տարբերակով տեղադրված նյութերը, օրինակ՝ տեսանյութերի ձայները, պետք է նկարագրվեն լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ենթագրերով, ուղեկցվեն ժեստերի լեզվով։ Կայքերի գույները չպետք է խանգարեն մարդկանց՝ հասկանալու տեղեկությունը։ Օրինակ, պատկերացնենք, որ Դուք պետական ծառայությունից եք օգտվում։ Տեքստում գրված է՝ հաստատելու համար սեղմեք կանաչ կոճակը, մերժելու համար՝ կարմիր կոճակը, իսկ այդ կոճակներն իրարից տարբերվում են միայն գույնով։ Եթե Դուք գունային կուրություն ունենաք (երբ անձը չի տեսնում կամ չի կարողանում տեսնել գույներն այնպես, ինչպես մարդկանց մեծամասնությունը) կամ ընդհանրապես չտեսնեք, Դուք չեք կարողանա օգտվել այդ կայքից։ Պարզ ասած՝ այն Ձեզ համար մատչելի չի լինելու։

Կայքերը պետք է նախագծվեն նաև այնպես, որ եթե անձը սխալ անի, կարողանա ուղղել դա։ Իսկ եթե չի կարող ուղղել, ապա առնվազն դա չառաջացնի նշանակալի հետևանքներ մարդկանց համար։ Օրինակ, եթե մեկ տվյալ պատահաբար սխալ հավաքեք ինչ-որ հայտ լրացնելիս՝ կարողանաք փոխել, երբ հասկանաք, որ սխալվել էիք։

Նման բազմաթիվ չափանիշներ են սահմանվում, որոնք կապահովեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև՝ տարեցների, երեխաների՝ պետական կայքերից հեշտությամբ օգտվելու հնարավորությունը։

Մեկ օրինակ, ցույց տալու համար, որ բոլորիս համար կայքի մատչելիությունը կարևոր է և բոլորս օգտվում ենք դրանից՝ անկախ հաշմանդամության առկայությունից։ Երբ ուզում ենք որևէ լեզվի ավելի վարժ տիրապետել, նայում ենք ֆիլմեր ենթագրերով։ Ենթագրերը մատչելիության օրինակ են։ Մենք չունենք լսողության խնդիր, բայց դա շատերիս կյանքն ավելի հեշտ է դարձնում։

Մատչելիության պահանջներ մշակելիս՝ ի՞նչն եք հիմք ընդունել։ Նշված է, որ հիմնվել եք միջազգային լավագույն փորձի վրա։ Ո՞ր երկրների փորձն է այս առումով մեզ համար օրինակելի։

– Մենք մեր բոլոր գործողությունների համար հիմք ենք ընդունում նախևառաջ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը միջազգային փաստաթուղթ է, որին միանում են պետությունները։ Պետությունները նաև հաշվետվություններ են ներկայացնում, թե ինչ են արել այդ փաստաթղթով ամրագրված իրենց պարտականություններն իրականացնելու ուղղությամբ։ 2017 թ.–ին ՄԱԿ-ի համանուն կոմիտեն քննարկեց Հայաստանի սկզբնական զեկույցը և ներկայացրեց եզրափակիչ դիտարկումներ, որոնք հաճախ հանձնարարական են անվանում։ Այդ դիտարկումներից մեկն էլ ինտերնետի մատչելիության վերաբերյալ էր։ Մենք հիմք ենք ընդունել ինչպես այդ, այնպես էլ այլ կարևոր փաստաթղթեր, օրինակ, կոնվենցիայի հոդվածների ընդհանուր մեկնաբանությունները։ Անկյունաքարային է եղել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը, որն ավելի հայտնի է անգլերեն հապավմամբ՝ WCAG 2.1։ Այդ ուղեցույցն է սահմանում, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Նման բազմաթիվ գործիքներ կան, տարբեր երկրներում չափանիշները տարբեր են, մեր օրենքում մեկնարկը տրվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կայքերից։ Դա լավ սկիզբ է, բայց հետագայում անպայման պետք է ընդգրկի բոլորին՝ զանգվածային լրատվամիջոցներին, հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին, հանրային բյուջեից ֆինանսավորվող բոլոր կազմակերպություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]