1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կան քաղաքացիներ, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով. ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի հայերի մասին

Կան քաղաքացիներ, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով. ԱԳ նախարարը՝ 
Ուկրաինայի հայերի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կամ Ուկրաինային սահմանամերձ քաղաքներում այս պահին գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները տարբեր են և, ըստ այդմ, Հայաստանը դեսպանության, դիվանագետների միջոցով դրանց տալիս է տարբեր լուծումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում՝ Ուկրաինայից Հայաստան հայրենակիցների վերադարձն ապահովելու համար:

«Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո, իհարկե, մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Ընդ որում` հայրենակիցներ ասելով՝ ի նկատի ունենք և ՀՀ քաղաքացիներին, և այլ երկրների քաղաքացիների: Ինչ ենք մենք անում. մինչև այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել, ընդ որում եզակի դեսպանություններից է, որ շարունակում էր մնալ, աշխատել, օգտակար լինել քաղաքացիներին»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ դեսպանությունը 1500-ի կարգի զանգ է ստացել: Նման մեծ քանակի դեպքում, ըստ նրա, իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնք փորձել են կապ հաստատել և չի ստացվել: Դրա համար ՀՀ ԱԳՆ-ում թեժ գիծ է բացվել, նաև էլեկտրոնային փոստի, հեռախոսի միջոցով կարելի է կապ հաստատել: Եթե կապ հաստատել չի լինում, հետո աշխատակիցները հետ են զանգում այդ քաղաքացիներին, տրամադրում խորհրդատվություն:

«Մենք նաև բանակցել և պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինայի սահմանակից բոլոր երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի, նույնիսկ Հունգարիայի հետ: Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, սակայն, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն: Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, իսկ որտեղ չունենք դեսպանություն, օրինակ` Հունգարիա, Մոլդովա առանձին դիվանագետ է գործուղվել: Այս բոլոր դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ, խորհրդատվություն տրամադրել»,-ասաց Միրզոյանը:

Պատգամավորը հետարքրքվեց, թե աջակցությունը միայն խորհրդատվության տեսքո՞վ է լինում, թե՞ նաև նյութական, տեղափոխման հետ կապված:

ԱԳ նախարարը պատասխանեց, որ խնդիրները տարբեր են: «Քաղաքացիներ կան, որոնք չեն կարողացել վերցնել փաստաթղթերը կամ որևէ այլ պատճառով չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Քաղաքացիներ կան, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով: Տարբեր են խնդիրները և նաև լուծումները: Կարող ենք ենթադրել, որ պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից, եթե շարունակում ենք համարել, որ Ուկրաինայում ունենք, նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ-ն այս պահին կդժվարանա իր վրա վերցնել: Բայց խնդիրները և լուծումները տարբեր են»,-ասաց ԱԳ նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]