Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

ԵՏՀ-ի ուշադրության կետրոնում է ԵԱՏՄ-ի սելեկցիայի և սերմնաբուծության ազգային համակարգերի զարգացումը․ Արմեն Հարությունյան

ԵՏՀ-ի ուշադրության կետրոնում է ԵԱՏՄ-ի սելեկցիայի և սերմնաբուծության ազգային 
համակարգերի զարգացումը․ Արմեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությամբ նախատեսված է գյուղատնտեսական բույսերի և անասնաբուծության ոլորտում անդամ պետությունների մրցունակության բարձրացման միջոցառումների իրականացում: Հետևողական աշխատանք է տարվում գյուղատնտեսական բույսերի սերմերի և տոհմային արտադրանքի ընդհանուր շուկաների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով Միությունում մշակվել և ընդունվել են երկու առանցքային միջպետական համաձայնագրեր, որոնք վերաբերվում են գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության և գյուղատնտեսական կենդանիների սելեկցիոն-տոհմային աշխատանքի իրականացման միասնական աշխատանքներին։

Այս երկու թեմաները մարտի սկզբին կգտնվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ուշադրության կենտրոնում՝ ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ: Մարտի 4-ին ԵՏՀ պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի խոշորագույն ագրոհոլդինգի «Միրատորգ» գենոմային սելեկցիայի կենտրոն, իսկ մարտի 5-ին հանձնաժողովի խորհրդի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի հետ կմասնակցի «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղանին առաջատար Բելառուսական պետական գյուղատնտեսական ակադեմիայի հարթակում՝  միության երկրների գյուղատնտեսության նախարարների, ուսումնական հաստատությունների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այն մասին, թե ինչպես է ԵԱՏՄ-ում ձևավորվում սերմերի ընդհանուր շուկան, «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, որքանո՞վ են մեր երկրների տնտեսավարող սուբյեկտները ապահովված ԵԱՏՄ շրջանակներում արտադրված սերմերով:

 -Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից անդամ պետությունների ագրոարդյունաբերական ոլորտում նկատվում է Միության երկրներից ծագող պարենային ապրանքների արտադրության և ընդհանուր շուկայի հագեցվածության կայուն աճ: 2021 թվականի արդյունքներով գյուղատնտեսական արտադրությունը կազմել է 135,7 մլրդ դոլար (աճը 2014 թվականի համեմատ կազմել է 14,4 տոկոս), որից մոտ 57 տոկոսը բաժին է ընկնում բուսաբուծությանը: Գյուղատնտեսական արտադրության աճն ապահովվել է ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման հաշվին (օրինակ ՝ հացահատիկային և լոբազգիների ՝ 1,5 մլն հա-ով (2,2 տոկոս), արևածաղկի ՝ 2,9 մլն հա-ով (37,4 տոկոսով), ճակնդեղի ՝ 85 հազար հա-ով (8,2 տոկոս), այնպես էլ ինտենսիվացման, այդ թվում՝ ագրոտեխնոլոգիաների, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության համակարգերի կատարելագործման շնորհիվ, ինչպես նաև հիմնականում բարձր արդյունավետ սորտերի ներդրման և բարձրորակ սերմերի օգտագործման շնորհիվ, որոնք երաշխավորում են անհրաժեշտ որակով բարձր բերքատվություն: Ինչպես ասում էր ականավոր ռուս սելեկցիոներ Իվան Վլադիմիրի Միչուրինը՝ «Բուսաձևը որոշում է աշխատանքի հաջողությունը»: Լավագույն, հարմարեցված բուսաձևի օգտագործումը հանդիսանում է ագրարային արտադրության արդյունավետության բարձրացման ելակետը։ Յուրաքանչյուր տարի ԵԱՏՄ անդամ պետություններում ցանքի համար անհրաժեշտ է ավելի քան 12 մլն տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրություն: Զգալի չափով միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի սերմերի պահանջարկը ապահովվում է մեր սելեկցիոներների մշակումների և սեփական սերմնաբուծության հաշվին։ Մասնավորապես, հացահատիկային հիմնական մշակաբույսերի համար Միության երկրներում սեփական արտադրության սերմացուի տրամադրումը հասնում է ավելի քան 90 տոկոսի: Ընդ որում, նկատվում է երրորդ երկրներից մի շարք ռազմավարական նշանակության գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի զգալի ներմուծում, որը գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը։ Երրորդ երկրներից ներկրվում է ճակնդեղի սերմերի ավելի քան 90 տոկոսը, արևածաղկի սերմերի 60 տոկոսը։

Այսպես, 2021 թվականին ԵԱՏՄ պետությունները միության սահմաններից դուրս գրեթե 140 մլն դոլարի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր են ներմուծել, 64 մլն դոլարի պտուղ-հատապտղային մշակաբույսերի տնկիներ, 268,2 մլն դոլարի արեւածաղկի եւ 124 մլն դոլարի ճակնդեղ:

 

-Ի՞նչ աշխատանք է իրականացնում հանձնաժողովը անդամ պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով ՝ փոխադարձ առեւտրի զարգացման, ինչպես նաև սելեկցիոներների և սերմնաբույծների կոոպերացիայի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

- Այս տարի լրացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ վերազգային մարմնի 10-ամյակը, որը ապահովում է միության գործունեությունը, զարգացումն ու հետագա ինտեգրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը։ Չնայած տնտեսական ինտեգրման համար համեմատաբար երիտասարդ տարիքին՝ սերմնաբուծությունը մեր ուշադրության կենտրոնում է 2012 թվականից. արդեն այն ժամանակ սկսվեց միջազգային պայմանագրի նախագծի մշակումը։ Աշխատանքի արդյունքը դարձել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին համաձայնագրի ստորագրումը, որն ուժի մեջ է մտել 2019 թվականին: Այս նորմն ապահովելու համար հանձնաժողովը հաստատել է սերմացուի սորտային որակների որոշման միասնական մեթոդները, այդ թվում՝ սորտային մշակաբույսերի (տնկիների) ապրոբացիայի և գյուղատնտեսական բույսերի հողային վերահսկողության եղանակները։ Հարկ է նշել, որ մեթոդները միջազգայնորեն ճանաչված տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բուսաձևերի սերտիֆիկացման ուղեցույցների և առաջարկությունների հիման վրա են:

Մեր երկրներում ավելի վաղ գոյություն ունեցող ապրոբացիայի տեխնիկայի հիմնական կատարելագործումը դարձել է բույսերի ընտրության անհրաժեշտության վերացումը, այսպես կոչված ապրոբացիոն խուրձը։ Ապրոբացիան իրականացվում է փորձադաշտերում բույսերի տեսողական զննության և հատուկ հաշվարկային աղյուսակների օգտագործմամբ հայտնաբերված ատիպիկ բույսերի քանակով սորտի մաքրության որոշման միջոցով։ Դա բարելավում է որոշման ճշգրտությունը և հեշտացնում է ինքնին ընթացակարգը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքատարածությունների սահմանմանը, ապա նման մեթոդները կանոնակարգված են ԵԱՏՄ անդամ պետությունների միջպետական և ազգային ստանդարտներով կամ այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով: Հանձնաժողովը հաստատել է գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքատարածությունների որոշման միասնական մեթոդների համապատասխան ցանկը։

Միության շրջանակներում միասնական մեթոդների կիրառումն ապահովում է սերմերի որակի վերաբերյալ փաստաթղթերը՝ անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման նպատակով։

Անհրաժեշտ է նշել, որ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների մասով սերմերի ազատ շրջանառության ապահովման համար կիրառվում են միությունում միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներ, կարանտինային օբյեկտների ցանկ, ԵԱՏՄ մաքսային սահմանին և մաքսային տարածքում անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կարանտինային բուսասանիտարական վերահսկողության իրականացման կարգը:

-Հանձնաժողովը ձեւավորում է գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր: Ի՞նչ նպատական ունի այն։

-Այդպիսի ռեեստրի ձևավորումը նախատեսված է համաձայնագրով։ Այսօրվա դրությամբ հանձնաժողովը արդեն ընդունել է անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, իրականացվում են տեխնիկական աշխատանքներ ՝ ապագա ռեեստրի ինտեգրացիոն հատվածի մշակման ուղղությամբ։ Բելառուսական եւ ռուսական կողմերն արդեն տեղեկացրել են ազգային հատվածների փոխգործակցության թեստավորման պատրաստակամության մասին: Ռեեստրում արդիական տեղեկատվություն է պարունակվելու Միության երկրների գյուղատնտեսական բույսերի բոլոր սորտերի տնտեսական և կենսաբանական հատկությունների մասին, ինչը գյուղարտադրողներին կօգնի բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ սորտերի ընտրության հարցում: Ռեեստրը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ։

-Ի՞նչ հետագա քայլեր պետք է ձեռնարկվեն սերմերի ընդհանուր շուկայի զարգացման համար:

- 2021 թվականի մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է այն միջոցների ցանկը, որոնք ուղղված են գյուղատնտեսական բույսերի սորտերի և սերմնաբուծության փորձարկման ոլորտներում Եվրասիական տնտեսական միության երկրների օրենսդրության միասնականացմանը:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք կողմերի փորձագետների հետ պետք է աշխատանք տանենք սերմնաբուծության ոլորտում պահանջների միասնականացման ուղղությամբ ՝ դասակարգերի, սորտերի և ցանքատարածությունների, սերմերի փաթեթավորման և մակնշման, սերմերի արտադրության մեթոդների եւ սխեմաների մասով, քանի որ այդ ամենը կանոնակարգվում է անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, որի դրույթները տարբերություններ ունեն։ Դրանք հենց այն նեղ տարածքներն են, որոնք պահպանվել են այսօրվա դրությամբ և կարող են զսպել սերմերի ազատ շրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում։

Սորտերի փորձարկման ոլորտում պետք է միասնականացնել փորձարկման մոտեցումները, տարբերակման, ինչպես նաեւ գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային ռեեստրների ձևավորման մոտեցումները:

Ցանկում ներառվել են նաև սերմնաբուծության ոլորտում ԵԱՏՄ-ում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման միջոցառումները, ինչպիսիք են սերմերի սորտային և ցանքատարածությունների մասին փաստաթղթերի միասնական ռեեստրը, ինչպես նաև սերմերի արտադրողների միասնական ռեեստրը: Օրենսդրության միասնականացումը եւ տվյալ ոլորտում նորմատիվ-իրավական կարգավորման կատարելագործումն անհրաժեշտ են գյուղատնտեսական բույսերի սելեկցիայի եւ սերմնաբուծության ոլորտներում անդամ պետությունների սուբյեկտների գործնական համագործակցության զարգացման համար։

Բացի այդ, Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով մինչև 2025 թվականը նախատեսված է գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում անդամ պետությունների մրցունակության բարձրացման միջոցառումների իրականացում:

Մոտ ժամանակներս հանձնաժողովը նախատեսում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և ֆինանսավորում ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսական բույսերի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման հեռանկարների համալիր վերլուծություն իրականացնելու համար՝ Միության շրջանակներում այդ հատվածի զարգացման ուղղությամբ համատեղ միջոցներ մշակելու նպատակով, ներառյալ ԵԱՏՄ երկրների սելեկցիոներների և սերմերի արտադրողների արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված պետական աջակցության միջոցները:

Միության սելեկցիայի եւ սերմնաբուծության ազգային համակարգերի ամրապնդման եւ զարգացման հարցերը մշտապես գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: ԵՏՀ-ն կանոնավոր կերպով իրականացնում է գիտական հաստատությունների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության աշխատանքները խորհրդակցությունների, կլոր սեղանների, արտագնա խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում՝ ԵԱՏՄ երկրներում արտադրված սորտերով և սերմերով սերմնաբուծական բիզնեսի զարգացմանը նպաստող փոխադարձ ընդունելի և փոխշահավետ որոշումների մշակման և ընդունման նպատակով: Մենք բաց ենք ԵԱՏՄ ընդհանուր ագրարային շուկայի բոլոր հիմնական մասնակիցների հետ կառուցողական երկխոսության համար։

Միության երկրների առկա հսկայական ներուժը (իսկ մենք ունենք հարուստ բնակլիմայական ռեսուրսներ, ունենք ագրոկուլտուրաների սելեկցիայի եզակի գիտական դպրոց) անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ շրջանակներում սերմերի բիզնեսի զարգացման հավակնոտ նախագծերի իրականացման համար ՝ գլոբալ շուկաներ դուրս գալու հեռանկարով:

 

Կարեն Խաչատրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]