Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Բուժաշխատողի էթիկայի կանոնների կիրառումը կարևոր է՝ բուժառուների հետ շփումը կանոնակարգելու իմաստով. ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավար

Բուժաշխատողի էթիկայի կանոնների կիրառումը կարևոր է՝ բուժառուների հետ շփումը 
կանոնակարգելու իմաստով. ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»-ի կիրառումը կարևոր քայլ է կանոնակարգելու բուժաշխատող-բուժառու հարաբերությունները:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը: 

Նա ընդգծեց, որ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրը Եվրոպայի Խորհրդի առաջին համագործակցությունն է  Հայաստանի հետ  բիոէթիկայի ոլորտում և իրենք  շատ ուրախ են, որ հնարավորություն են ունեցել աշխատել ՀՀ առողջապահության նախարարության հետ, մշակել էթիկայի կանոնները, որոնք որ առաջինն են Հայաստանի համար: Նա  հույս ունի, որ  այս մշակված էթիկայի կանոնները և համագործակցությունը կարող են օգտակար լինել Եվրոպայի խորհրդի մյուս անդամ երկրների համար: Եվրոպայի խորհուրդը շատ գնահատում է Հայաստանի առողջապահության նախարարության ցանկությունը և պատրաստակամությունը համագործակցելու Եվրոպայի խորհրդի հետ և ծրագրի հիմնական գործընկերը լինելու համար:

-Տիկին Լվոֆֆ խոսենք սույն որոշման գործարկման և կարևորության մասին:

-Հայաստանի կառավարության այս որոշումը շատ կարևոր քայլ էր՝ կանոնակարգելու բուժաշխատող-բուժառու հարաբերությունները, և ընդունված որոշումը առաջին քայլն էր այդ հարաբերությունները կարգավորելու հարցում: Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների  պաշտպանության Օվիեդոյի կոնվենցիան միակ իրավական գործիքն է այս ոլորտում, որը սահմանում է հիմնական Եվրոպական սկզբունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ և ստեղծում է շատ կարևոր սկզբունքներ այդ իրավունքների պաշտպանության համար: Այն բուժաշխատող-բուժառու հարաբերությունների կարգավորման գործում ունի շատ կարևոր նշանակություն և այս էթիկայի կանոնները, որոնք  ընդունվել են ՀՀ կառավարության որոշմամբ, դրա հիմնական քայլն են:

-Կանոնների գործարկումը արդյո՞ք կապահովի ավելի բարեխիղճ սպասարկում բուժաշխատողների կողմից:

-Էթիկայի կանոնները, որոնք ընդունվել են, ոչ միայն նպատակ ունեն պաշտպանելու բուժառուների շահերը առողջապահության ոլորտում, այլ նաև որոշակի առումով բուժաշխատողի բարեվարքության, բարեխղճության ապահովմանն են ուղղված: Միանշանակ այդ էթիկայի կանոնները ուղղված են պաշտպանելու բուժառուներին և նաև որոշակի կանխարգելիչ միջոցառումներ են իրենցից ներկայացնում, բայց մենք չենք կարծում, որ բուժաշխատողները չեն գործում էթիկայի սահմաններում: Ընդունված կանոնները ևս մեկ անգամ երաշխիքն են, որ բուժաշխատողները գործեն էթիկայի սահմաններում, այն  օգնելու է բալանսի վրա պահել բժիշկ- բուժառու հարաբերությունները:

-Կանոնների գործարկման  արդյունքում ի՞նչ կունենանք և ի՞նչ կտա այն բժշկական ոլորտին:

-Ինձ համար բավականին դժվար կլինի ներկայացնել, թե Հայաստանում ի՞նչ ազդեցություն կունենա էթիկայի կանոնների կիրառումը, բայց էթիկայի ընդունված կանոնները նպատակ ունեն ստեղծելու հիմք, որի վրա կկառուցվեն բուժաշխատող-բուժառու հարաբերությունները, ավելի բարխիղճ աշխատելու և բժշկական սպասարկում իրականացնելու համար: Նշեմ, որ այն միակ իրավական մեխանիզմը չէ և նպատակ ունի ստեղծելու օրինակ էթիկայի հանձնաժողովներ, որոնք  կքննեն հնարավոր խախտումները բուժաշխատողների կողմից, այս նախագիծը նույնպես մշակված է և այս պահին ընդունման փուլում է գտնվում:

-Կխնդրեմ ներկայացնեք էթիկայի կանոնների գործարկման արդյունքները այլ երկրների օրինակով:

-Եվրոպայի խորհրդի երկրների մասով որոշակի կոնկրետ փորձ դեռևս չկա, քանի որ այնտեղ կազմակերպություններն ու մասնագիտական ասոցիացիաներն են շատ մեծ դեր խաղում էթիկայի կանոնները ադապտացնելու գործում: Բայց նշեմ մեկ օրինակ, երբ բուժաշխատողը կանգնել է էթիկական երկընտրանքի առջև կապված բուժառուին վերաբերվող որոշումների կայացման հարցում և այս էթիկայի ընդունված կանոնները եղել են երաշխավորագիր և օգնել են կայացնել բուժառուի կյանքին վերաբերող ճիշտ որոշում: Էթիկայի կանոնները նաև շատ մեծ կարևորություն ունեն հատկապես կլինիկական փորձարկումներ կամ կենսաբժշկական հետազոտություններ իրականացնելու ժամանակ, երբ գործընթացում ներգրավում են կենդանի մարդուն: Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել այս էթիկական հարցերը մինչև կլինիկական փորձարկումները իրականացնելը:

- Տիկին Լվոֆֆ կնշեք ձեր կարծիքով կարևոր է արդյոք, որ այս կանոնները պետք է բժշկական ուսումնական հաստատությունները դարձնեն դասավանդման պարտադիր առարկա:

Կարծում են շատ կարևոր է, որ այս էթիկայի կանոնները ընդգրկվեն ուսումնական գործընթացի մեջ հենց համալսարանից սկսած, որովհետև շատ կարևոր է, որ ապագա բուժաշխատողները այդ կանոնները ընդունեն որպես հիմք՝ հետագայում իրենց աշխատանքի մեջ, բուժառուների հետ շփվելու համար:

-Իսկ որևէ քայլ արվում է ձեր կողմից այդ կանոնների ուսուցումը բժշկական բուհերում և ուսումնական հաստատություններում ընդգրկելու ուղղությամբ:

Միանշանակ այդ թրեյնինգներն ու վերապատրաստումներն ուսումնական պլանում շատ կարևոր են, և Եվրոպայի խորհուրդը մշտապես պատրաստակամ է մեր կարողությունների չափով աջակցել ազգային իշխանություններին՝ այդ գործընթացը համապատասխան բուհերում ներդնելու հարցում, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը:

ՀՀ կառավարության նոր որոշմամբ 2022 թվականի փետրվարի 17-ին ընդունվել է «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»-ի վերաբերյալ որոշումը: «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման մշակումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի փորձագիտական աջակցությամբ:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]